Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախյան էջը փակված չէ, ինչպես 1993-94 թվականներին հաղթանակ կերտեցինք, այդ նույն միասնականությամբ պետք է վերագտնենք մեզ ու ազատագրենք Արցախը»․ Վահրամ Բալայան

Հուլիս 25,2025 22:03

«Մեր ժողովուրդն ունի հնարավորությունը՝ նորից իր արժանապատվությունը, իր ազատ ապրելու իրավունքը վերականգնելու եւ մեր իր հայրենիքի մի հատվածը ազատագրելու»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանը։

Վահրամ Բալայանը ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանի «Արցախյան բանակցությունները» գրքի խմբագիրներից է։ Գրքի շնորհանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում Բալայանն ասաց, որ բավականին մեծ աշխատանք է կատարված։ «Այս փաստաթղթերը մեզ թույլ են տալիս ասելու, որ Արցախյան էջը փակված չէ, որովհետեւ, ըստ էության, այդ փաստաթղթերը մեզ նորից հուշում են, որ արցախահայությունը՝ հայ ժողովրդի օգնությամբ, իր պետականությունը վերակերտեց միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։ Եվ նա վաստակել է ազատ ապրելու իրավունքը, պարզապես պետք է փորձել համահայկական միասնականությամբ հասնել արդյունքի, ինչպես 1993-94 թվականներին մենք հաղթանակ կերտեցինք, այդ նույն միասնականությամբ պետք է փորձենք ուժերը մեկտեղել, նորից վերագտնել մեզ ու ինչու չէ, նաեւ ազատագրել Արցախը։ Մենք երբեմն վախենում ենք այս բառն օգտագործելուց, որովհետեւ այս բառը կարծես թե իր մեջ միայն պատերազմ է պարունակում։ Բայց միայն դա չէ, եւ դիվանագիտությունը, եւ պայքարը, այդ ամենը պետք է իրար միացնել եւ նորից վերականգնել մեր հայրենիքում ազատ ապրելու մեր իրավունքը»,- ասաց նա։

Վահրամ Բալայանի խոսքով՝ թե պատմական տեսանկյունից, թե իրավունքի տեսանկյունից Արցախի ժողովուրդը վաստակել էր ազատ ապրելու, պետականություն ունենալու իրավունքը։ «Միջազգային փորձն էլ հաշվի առնելով՝ դա էլ է մեզ ինչ-որ տեղ հուշում, որ մենք կարող ենք այդ պայքարը շարունակել։ Շատ փորձագետներ, քաղաքական գործիչներ, բազմաթիվ անգամներ ակնարկելով այդ ամենը, խոսել են, որ, այո, այդ իրավունքն ունի նաեւ արցախահայությունը։ Հասկանալի է, որ, ցավոք սրտի, աշխարհում ամեն ինչ դրված է ուժի հիմքերի վրա, բայց դա ինչ-որ ձեւով մեզ չպետք է հուսալքի։ Կարծում եմ, որ այդ հնարավորությունը մեր ժողովուրդն ունի՝ նորից իր արժանապատվությունը , իր ազատ ապրելու իրավունքը վերականգնելու եւ մեր հայրենիքի մի հատվածը ազատագրելու»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031