Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ է կյանքը դառնում դժոխք

Օգոստոս 02,2025 10:00

«Ես հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակ եմ», – ասում են այն իշխանության ներկայացուցիչները, որոնք պատրաստվում են (կամ պատրաստվում էին) գրոհել այդ նույն եկեղեցու սիրտը՝ Սուրբ Էջմիածնի Մայր աթոռը, եւ անհեթեթ գործեր են կարում հոգեւորականների դեմ: Իսկ ի՞նչ նկատի ունեն՝ «հավատավոր զավակ» ասելով: Թերեւս «ճիշտ աղոթքներ» են ուղղում առ Աստված, կամ շաբաթը երկու անգամ պահք են պահում, կամ գուցե ամեն կիրակի մասնակցում են սուրբ պատարագի: Ի դեպ, եթե նրանց ծրագրերն իրականանան, անձամբ ինձ համար դժվար կլինի մտնել այն տաճարը, որը կապ ունի օրվա իշխանության կողմից կազմակերպված հեղաշրջման եւ դրա հետեւանքով նշանակված «բարեվարք ամուսնացյալ քահանայի» հետ: Կարծում եմ՝ նույն զգացմունքները կունենան հազարավոր մարդիկ Հայաստանում եւ Սփյուռքում:

Բայց հիմա մի հարց՝ արդյո՞ք այդ մարդիկ առաքելական ուսմունքի ջատագով են, եւ, ավելի լայն իմաստով, քրիստոնյա են: Քրիստոնյան, իմ պատկերացմամբ, նա է, ում ամեն մի խոսքը եւ ամեն մի արարքը նպաստում է իր ներքին, իր շրջապատի եւ իր երկրի խաղաղությանը: Երբ քո խոսքերն ու արարքներն ուղղված են պառակտմանը, իրավիճակի թեժացմանը, նորանոր թշնամիների փնտրտուքին, դու չես կարող կոչվել քրիստոնեական որեւէ հիմնական ուղղության «հավատավոր զավակ»:

Ինձ թվում է, այսօրվա իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի կյանքը վերածեն դժոխքի՝ այդ բառի բուն իմաստով: Այդ բառն ինձ համար փոխաբերություն չի, որովհետեւ ես չեմ պատկերացնում դրախտը՝ որպես բուրավետ ծաղիկներով եւ  թռչունների  ծլծլոցով  մի «հանգստավայր» (Ավետարանը, կարծես թե, այդպիսի «բարեկեցություն» մեզ չի խոստացել), իսկ դժոխքը չեմ պատկերացնում որպես մեզ եփող ու տապակող կաթսաների եւ թավաների խոհանոց: «Աստծո արքայությունը դրսից տեսանելի կերպով չի գալիս, եւ չեն ասի, թե ահավասիկ այստեղ է կամ այնտեղ, որովհետեւ ահա Աստծո արքայությունը ներսում, մեր մեջ է» (Ղուկաս 17:20, 21):

Հետեւաբար, դրախտն այն դեպքում է, երբ մենք ապրում ենք իրար սիրելով, ներելով, օգնելով ու վերանձնական ուրախություններ զգալով: Իսկ դժոխքը՝ երբ մենք իրար ատում ենք, դատում ենք, չենք ուզում ներել, փայփայում ենք մեր վիրավորանքները, մխրճված ենք մեր կրքերի մեջ:

Ահա դրան են նպաստում իրենց «Հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակներ» կոչող որոշները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Շնորհավորում եմ Առավոտի ողջ անձնակազմը օրաթերթի 31-ամյակի կապակցությամբ:

    Այն քչաթիվ լրագրողներից եք, ով ճշգրիտ շոշափում է օրվա զարկերակը և ստույգ, ճշգրիտ հայտնում տվյալները:
    Այն շատ քչաթիվ լրատվամիջոցներից է Առավոտը, որ ողջունում է ընթերցողի մեկնաբանությունը:

    Գիտեմ, հաստատ, որ չեք ընկճվելու իշխանության արածից` նախանձն է որ կարող եք լինել top quality պրոֆեսիոնալ ու նշաձողը չիջեցնողին նեղելու քայլ են արել: Բոլորը հասկանում են:

    Շնորհակալություն ու շնորհավոր:

  2. Լավատես says:

    Իսկական հավատացյալը միջնորդ չի պահում իր եւ իր Արարչի միջեւ: Եթե մենք մեր թշնամիներին միջնորդ չկարգենք մեր ու Արարչի միջեւ, այդ ժամանակ Արարիչը քո թշնամուն՝ հակառակ թշնամուդ կամքի, կծառայեցնի քեզ քո հաջողության համար: Այստեղ են ասել՝ սիրիր թշնամուդ՝ նա է քո հաջողության լավագույն միջոցը: Բայց միայն այն դեպքում, եթե սուբյեկտ ես կարգում միայն Արարչին, իսկ ինքդ քեզ ու քո թշնամուն կարգում ես Արարչի ձեռքին գործիք: Մենք թշնամի ենք ընկալվում մեր թշնամիների համար եւ նրանք մեզ որպես թշնամի մեզ օգտագործում են իրենց հաջողությունների համար՝ հակառակ մեր կամքի, ուրեմն, ստացվում է, որ մեր թշնամին մեզնից ավելի հավատացյալ է: Բա ամոթ չի մեզ, էդ ե՞՛րբ դառանք անհավատ: Հայը ինչ կրոնի էլ լինի կամ էլ աթեիստ, պետք է լինի իսկական հավատացյալ, ամեն մի իր հաջողության համար Արարչին շնորհակալություն հայտնի, ամեն մի իր անհաջողության համար շնորհակալություն հայտնի Արարչին Արարչի կողմից ՝մարշրուտը՝ փոխելու անհրաժեշտության հրահանգի համար: Հիմա մենք սիրո՞ւմ ենք մեր այլասերված գլոբալիստներին իրենց այլասերվասսծ դրածոների հետ միասին պետական բարձր պաշտոններում: Մենք կհաղթենք, երբ այդ այլասերվածները մեզ կծառայեն իրենց կամքին հակառակ: Կերակրեք սպիտակ գայլին՝ հաճախ շփվենք մտովին թե հոգով Արարչի հետ եւ կդառնաք ուժեղ, եւ չկերակրենք սեւ գայլին՝ չխոսենք վատ երեւույթների մասին:
    Ես էլ եմ շնորհավորում օրաթերթին եւ միանում բարի մաղթանքներին եւ ցանկանում լրագրողներին շարունակել իրենց գործը նույն բարձր մակարդակով, իսկ վաղվանից ձեր այսօրվա թշնամիները թող սկսեն ձեզ ծառայել:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031