Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է նշանակում՝ «խաղաղություն է լինելու»

Օգոստոս 12,2025 10:00

«Ի՞նչ է, չե՞ս ուզում, որ խաղաղություն լինի, եւ այն երաշխավորվի Թրամփի կողմից», – այս հարցը օգոստոսի 8-ից հետո հաճախ եմ լսում: Միանգամից ասեմ, որ խաղաղություն ուզում եմ, եւ ավելին՝ շատ ցանկալի կլինի, որ այն երաշխավորի ԱՄՆ-ը: Այդ պետությունը, ոչ թե՝ անձամբ Թրամփը: Ի դեպ, հույս ունեմ, որ այդ երկրի հաջորդ նախագահը կլինի Ջ. Դ. Վենսը, որը նույն, ինձ համար ընդունելի, պահպանողական գծի շարունակողն է լինելու, բայց, այսպես ասենք, ավելի երիտասարդ ուղեղով:

Բայց իմ մեջ հարց է առաջանում՝ արդյո՞ք ԱՄՆ-ը կամ, առավել եւս, որեւէ այլ երկիր ի վիճակի է աշխարհի որեւէ անկյունում խաղաղություն երաշխավորել: Խնդիրն այն չէ, որ ամերիկացիները մեր վատն են ուզում, պարզապես գլոբալ եւ տարածաշրջանային խաղացողներն այնքան շատ են, եւ նրանց շահերն այնքան բազմազան են, որ նրանց բոլորին հնարավոր չէ Վաշինգտոնից սաստել:

Երբ ՔՊ-ականները եւ ՔՊ-ամերձ գործիչներն ու մեկնաբաններն ասում են՝ «պատերազմ չի լինելու», նրանք մասամբ ճիշտ են այն առումով, որ մոտակա 1-2 տարում Ադրբեջանի հարձակման հավանականությունը բարձր չէ: Այնքան բան է մեզնից ստացել, որ այս պահին դա այդ երկրին, հավանաբար, բավարարում է: Դա չի նշանակում, սակայն, որ նույն ժամանակահատվածում պատերազմը տարածաշրջանում բացառված է՝ Իրանի պահպանողական թեւի առաջնորդների ակնարկներն այդ առումով վտանգավոր են:

Այս 1-2 տարին Փաշինյանին լիովին բավարար են վերարտադրվելու համար՝ ժողովրդին «վաճառելով» իբր «հավերժ» խաղաղության միֆը եւ ստանալով Արեւմուտքի լիակատար աջակցությունը: Գումարած դրան` Արեւմուտքը աչք է փակելու արդեն սկսված եւ մոտ ժամանակներս ավելի լայնածավալ դարձող քաղաքական ռեպրեսիաների վրա:

Իսկ երկու տարուց իրավիճակը նորից կսրվի, երբ կբացահայտվեն Հայաստանի հարավում աշխատող «կոնսորցիումի» իրական տերերը, որոնք կսպառնան մեր երկրի շրջափակմամբ: Այդ ժամանակ կա՛մ նոր պատերազմ կսկսվի, կա՛մ Փաշինյանը կստորագրի հերթական թուղթը, եւ նրա սազանդարներն այդ թուղթը կհռչակեն մեր դիվանագիտության «աննախադեպ հաջողությունը»:

Ես երկու ձեռքով կողմ եմ խաղաղությանը: Բայց կողմ եմ նաեւ, որ ՀՀ քաղաքացիներին ճշմարտությունն  ասվի:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ՀՀ քաղաքացիները եթէ ճշմարտութիւնը գիտնային, ապա արդէն ՀՀ-ն երբեք այս ողբերգական վիճակին չէր հասներ:

    Ո՞րմէկ ճշմարտութիւնը: Թուրքերուն վերաբերեալ ճշմարտութիւնը: Թէ ո՞վ են, ի՞նչ են թուրքերը, եւ թէ ի՞նչ է իրենց մօտեցումը, ի միջի այլոց՝ հայերի նկատմամբ: Մինչդեռ այս ճշմարտութիւնը հեշտ էր գիտնալ, հասկանալ, պարզապէս Պատմութեան հաստատած, բազմիցս կրկնուած, բացայայտ փաստերով:

    Գազանին դէմ՝ ոչխարը որեւէ շանս չունի: Մեր պահապան – եւ պատահական… – գամփռներն ալ, կամ միշտ կը նահատակուին, կամ էլ, ամէն դէպքում, բաւարար չեն համեմատաբար այսքան շատ ոչխարներ փրկելու համար, այդքան վայրագ ու կատաղի, այդքան անկուշտ գազաններից:

    Մ. Հայդուկ Շամլեան

    Յ.Գ. Ըստ Թրամփին, ԱՄՆի կողմէ խաղաղութեան լաւագոյն երաշխիքը՝ ԱՄՆի տնտեսական խոշոր շահեր ունենալն է, տուեալ տարածքում: Ինք ու իր շրջապատը բացատրեցին այս, յստակօրէն, Ուկրաինայի կապակցութեամբ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031