Հայաստանի քաղաքական վերնախավի՝ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները, անկախ նրանից, թե ինչ են հայտարարում, իրականում չգիտեն, թե ինչ քայլեր է պետք է ձեռնարկել՝ այսօրվա խորը փոսից մեր պետությունը դուրս բերելու համար: (Որ մենք այդ փոսի մեջ ենք՝ բոլորը գիտեն): Ես էլ, ճիշտն ասած, լավ տարբերակ չեմ տեսնում, թե չէ կհուշեի մեր գործիչներին: Պարզ է միայն, որ վաշինգտոնյան թղթերով Փաշինյանը զուտ ժամանակ է շահում, որը նրան վերարտադրվելու հնարավորություն է տալիս: Բայց նրա վերընտրվելը մեր պետության շահերի հետ կապ չունի: Ավելին՝ հակասում է այդ շահերին:
Այնուամենայնիվ, մի քանի նկատառում ընդդիմության համար:
1/ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը վատն են՝ դրանք Հայաստանի առջեւ ոչ մի դրական հեռանկար չեն բացում, եւ փաշինյանական պրոպագանդիստների արհեստական հրճվանքը պարզապես ծիծաղելի է: Բայց դա չի նշանակում, որ որեւէ քաղաքական ուժ պետք է իր քարոզչության մեջ թեկուզ հեռավոր ակնարկ անի, թե պատրաստվում է վերանայել կամ չկատարել այդ փաստաթղթերում տեղ գտած կետերը: Սոլիդությունը պահանջում է հակառակը՝ հայտարարել, որ տվյալ քաղաքական ուժը, եթե գա իշխանության, հավատարիմ է մնալու պետության ստանձնած բոլոր պարտավորություններին: Դա չի բացառում, իհարկե, այն պնդումը, որ այդ պարտավորությունները ներկայիս իշխանության աղետալի սխալների հետեւանքն են:
2/ Ես ընդդիմության տեղը լինեի՝ մինչեւ ընտրարշավը ռեսուրսներ չէի ծախսի փողոցային պայքարի վրա: Խոսքն, իհարկե, ոչ թե մասնավոր խնդիրներին նվիրված հանրահավաքների ու ցույցերի մասին է, այլ իշխանափոխության պահանջով փողոց դուրս գալու մասին: Թեեւ Հայաստանում, ըստ ամենայնի, հարյուր հազարավոր մարդիկ կան, որոնք այս կամ այն պատճառով դժգոհ են ներկայիս իշխանությունից, նրանցից քչերը դուրս կգան փողոց: Հավանաբար, ոչ վերջին դերն է խաղում այն հանգամանքը, որ նախորդ անգամ՝ 2018 թվականին, փողոց դուրս գալը բերեց սարսափելի հետեւանքների:
Կարդացեք նաև
3/ Ընդդիմադիրները, այդ թվում՝ խորհրդարանի այս գումարման «Հայաստան» դաշինքի պատգամավորները, պետք է ամենայն հարգանքով, բարեկամաբար համոզեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ չմասնակցել առաջիկա ընտրություններին՝ քաղաքական ուժի առաջնորդի կարգավիճակով: Դա էապես կնվազեցնի ՔՊ-ական քարոզչության արդյունավետությունը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՆԿԱՏԱՏԱՌՈՒՄՆԵՐ ԵՐԵՔ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․
1/ Ընդունելի է, որ նոր քաղաքական իշխանությունը պարտավոր է ստանձնել պետության ստանձնած պարտավորությունները, բայց եթե պարզվի, որ այդ պարտավորությունները կամ դրանց մի մասը չեն բխել ազգային և պետական շահերից, կարծում եմ, որ դրանք պետք է վերանայվեն։
2/ Ամբողջությամբ ընդունելի է։
3/ Ճիշտ նկատառում է, բայց հաշվի չի առնված այն հանգամանքը, որ նախկին իշխանությունները և ներկայիս իշխանությունը անքակտելի ամբողջություն են և մեկը մյուսի վերարտադրությունն է։ Նրանք առանձին-առանձին ոչ մի ուժ չունեն, սակայն համատեղ սնում են միմյանց՝ փոխադարձ լաչառություններով, պրիմիտիվ բռնոցի-բացթողոցի շոուներով և թատերականացված քննադատություններով։ Նրանք բոլորն էլ նույնանման ավտորիտար ձևերով են իրենց իշխանությունը պահել։ Տեր-Պետրոսյանն իր քաղաքական մրցակից դաշնակցությանը հակապետական հայտարարեց (Դրոյի գործը), հալածեց, կալանավորեց և ընտրակեղծարարության ինստիտուտի սկիզբը դրեց։ Ռ․ Քոչարյանն ավտորիտարության աթաքույց կիրառող էր՝ ինքն էր որ կար, իսկ մնացածն իր խոսքերով ասած՝ «ՄՈՍԿԱ»-ներ էին։ Նա «մարտի 1» կիրառելով իշխանությունը փոխանցեց իր յուրայինին։ Ս․ Սարգսյանն էլ նորովի ավտորիտարիզմ կիրառեց՝ իր յուրայիններին փայ մտնելու արտոնություններ տվեց և ինքնավերարտադվելու համար «ԻՆՉՔԱՆ ՈՒԶԵՆՔ, ԱՅՆՔԱՆ ԿԽՓԵՆՔ» մոտեցումը գործարկեց։ Դե Փաշինյանի «ժողովրդական բաստիոն»-ի մասին չխոսենք, ստալինյան բռնապետության ձեռագրով՝ իր բոլոր ազգային, կրոնական կամ հասարակական այլախոհներին ժողովրդի թշնամի է հայտարարում և կալանավորում, որպեսզի կատարի իր օտար տերերի հակահայկական բոլոր ցանկությունները։
Միքայել Սրբազանին կալանավորեցին, որովհետև Փաշինյանին քննադատելուց բացի, նա նաև մարդկանց աչքերն էր բացում՝ ասելով, որ նախկին նախագահները Նիկոլի ջրաղացին ջուր են լցնում և նրանք բոլորը պարտավոր են դուրս գալ քաղաքականությունից։ Բայց ո՞վ կլսի նրան, «կարմիր կովերն իրենց կաշիները չեն փոխում»։