Ներքին եւ արտաքին խաղաղությունն իրար հետ փոխկապակցված են: Դա ճիշտ է թե՛ առօրյա կյանքում, թե՛ միջազգային հարաբերություններում: Եթե ձեր հոգու ներսում խաղաղություն է, ապա այլ մարդկանց հետ շփումներում, օրինակ, ընտանիքի ներսում, հաստատվում է ներդաշնակություն: Այդ դեպքում տանը կամ աշխատավայրում մթնոլորտը հանգիստ է, չկա անհարկի լարվածություն: Ձեր հանգստությունը փոխանցվում է բոլորին՝ մեկ տարեկան երեխայից սկսած եւ ծերունիներով վերջացրած: Եվ հակառակը՝ եթե ձեր մեջ կրքեր են եռում՝ ինչ-որ բան ապացուցելու, ամենաճիշտն ու ամենահզորը լինելու, ապա ընտանեկան կամ աշխատանքային սկանդալներն անխուսափելի են:
Նման ձեւով՝ պետության ներքին կայունությունը, որի ապահովումն, իհարկե, իշխանությունների պարտականությունն է, ստեղծում է ամրության այն պաշարը, որը թույլ է տալիս դիմակայելու արտաքին մարտահրավերին: Բայց Հայաստանի իշխանությունը՝ ի դեմս իր ներկայացուցիչների եւ քարոզիչների, անում է ամեն ինչ, որպեսզի մեր երկրում խաղաղության եւ համերաշխության մթնոլորտ չհաստատվի: Ամենօրյա ռեժիմով ատելություն է սերմանվում, մասնավորապես, արցախցիների, «նախկինների» եւ «Ռուսաստանին ծառայող 5-րդ շարասյան» դեմ: Իշխանության բոլոր քննադատների «բերնին գալու» այդ ձեւը, բնականաբար, առաջացնում է հակառակ կողմի ռեակցիան, մշտական լարվածություն է ստեղծում:
Մթնոլորտի թեժացմանն են նպաստում հոգեւորականների վրա հարձակումները, սրբազանների, Սամվել Կարապետյանի եւ բազմաթիվ այլ մարդկանց դեմ շինծու քրեական գործերը՝ հետապնդումներ, որոնք ստիպված են իրականացնել վարչապետի քաղաքական քմահաճույքները սպասարկող դատախազներն ու դատավորները: Պարզ է, որ քաղաքական այդ հետապնդումների դեմ հանդես եկող մարդկանց քննադատությանը պետք է հակազդի իշխանության քարոզչական-ֆեյքային բրիգադը: Այստեղ էլ խոսքը խոսք է բերում, եւ դա հաստատ Նիլս Բորի եւ Ալբերտ Էյնշտեյնի բանավեճը չի:
ՀԷՑ-ը սեփականատիրոջից խլելու եւ այդ, իրավական տեսակետից անհույս, գործը միջազգային դատարանում պաշտպանելու վրա միլիոնավոր դոլարներ ծախսելու մտադրությունը նույն քմահաճույքների «սերիայից» է: Այդ անիմաստ, խելահեղ քայլը դարձյալ առաջ է բերում կողմնակիցների եւ հակառակորդների բախում, որից հեշտությամբ կարելի էր խուսափել:
Կարդացեք նաև
…«Բաժանիր, որ տիրես» սկզբունքը գուցե ճիշտ է կայսրությունների դեպքում: Փոքր երկրների հասարակությունների համար դա կործանարար է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ