Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին հասարակական կարգի պահպանության ծառայությունը մանրամասներ ներկայացրեց տրանսպորտային միջոցներում չվճարող քաղաքացիների ու տուգանքների, դրանց վերանայման եւ բողոքարկման կարգի մասին:
Նշվեց, որ 5 բեկանված տուգանք կա, իսկ տուգանված քաղաքացիների թիվը 354 է, որոնցից 247-ը առանց տոմս է երթեւեկել, 48 քաղաքացի այլ անձի՝ արտոնություն ունեցող քարտերից է օգտվել: 79 քաղաքացի էլ վճարումը կատարել է պահպանության ծառայության աշխատակիցների հորդորից հետո:
Տիգրան Ավինյանն ասաց, որ ներկայացնեն բողոքարկման կարգը. «Մարդն ասում է ինձ անարդար եք տուգանել, ես վճարել էի, տեխնիկական խնդիր էր, ԱրՔա համակարգը չէր աշխատում եւ այլն»,-նշեց Ավինյանը:
Նրան պարզաբանեցին, որ տվյալ պարագայում կապվում են տեխնոլոգիական կենտրոնի հետ, այնտեղ երեւում է՝ արդյոք վճարումը կատարվել է, թե ոչ: Երեւանի քաղաքապետն առաջարկեց, որ գործը մինչ դատարան գնալը քաղաքապետարանում նայեն, հասկանան բոլոր մանրամասները, եւ եթե պետք լինի, բեկանեն տուգանքը: «Մարդը պետք է ունենա հնարավորություն՝ տուգանքը հենց մեզ մոտ բեկանելու»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ