«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիայի իշխանությունների համար հայ-ադրբեջանական հարաբերությունները եղել են նախապայման, և այդ նախապայմանը ՀՀ իշխանությունների կողմից ընդունվել է, ակնհայտ է, որ հայ- թուրքական հարաբերությունները պայմանավորված են հայ-ադրբեջանականով, ապա միգուցե պայմանավորվածություն են փորձում ձեռք բերել այն հաջորդական քայլերի մասին, որոնք պետք է տեղի ունենան»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Թուրքիայի հատուկ ներկայացուցչի՝ ՀՀ այցին և այն տեղեկությանը, որ հնարավոր է՝ Մարմարայի անցակետում հանդիպում լինի։
Ըստ պատգամավորի՝ կան նաև մի շարք պայմանավորվածություններ, որոնց մասին հրապարակային հայտարարվել է, բայց չի իրագործվել՝ մասնավորապես երրորդ երկրների քաղաքացիների անցումների մասով․ «Թուրքիան փորձում է ցույց տալ այն շարժը, որ եղել է հայ-ադրբեջանական հարաբերություններում, որ իրենք հնարավորություն են տեսնում մեկ-երկու քայլ ավել անելու։ Թուրքիան հիմնականում քննարկում է նոր երկաթուղու՝ դեպի Նախիջևան հարցը և այսպես կոչված Թրամփի երթուղին։ Թուրքիան ու Ադրբեջանն ամեն ինչ արել են, որ ՀՀ-ով շարժը նվազագույնի հասցվի և փորձում են առևտրաշրջանառության մեծ մասը կազմակերպել իրենց տարածքում՝ բացառելով ՀՀ տարածքով երթուղու շահագործումը։ Չեմ կարող ասել, թե ինչ են պայմանավորվել, բայց այն մոտեցումը, որ արտահայտում են, թե պայմանավորվածությունները բխում են ՀՀ շահերից, այդպես չէ։ Թուրքիան ու Ադրբեջանն անում են ամեն ինչ, որ եթե նույնիսկ շահագործվի ճանապարհը, ապա ՀՀ-ն նվազագույն չափով որևէ բանից օգտվելու հնարավորություն ունենա»։
Տիգրան Աբրահամյանը չբացառեց նաև, որ մի օր էլ Նիկոլ Փաշինյանը կարող է, օրինակ՝ ակնկալները հանձնելու համար այն մոտեցումը առաջ տանել, թե հանձնենք անկլավները, որ պատերազմ չլինի ու միևնույն ժամանակ ասաց․ «Այստեղ կա նաև Սահմանադրության խնդիր։ Արծվաշենը ՀՀ տարածք է, որը ՀՀ իշխանությունը ներկայացնում է՝ որպես բանակցությունների առարկա։ Դեռ հստակ չեն երեք անկլավների իրավական հիմքերը։ Առանց իրավական հիմքերի այդ տարածքները ադրբեջանական հռչակել ու հանձնել Ադրբեջանին, նույնիսկ չի բխում այն գործընթացից, որն ի սկզբանե կողմերը՝ որպես սկզբունք դրել են»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ մի կողմից այն հայտարարություններին՝ եթե ժողովուրդն իր հետ համաձայն չլիներ, ապա հեղափոխություն կաներ, մյուս կողմից ընդդեմ իշխանության ցույցերի մասնակցող քաղաքացիների նկատմամբ ճնշումներին՝ Տիգրան Աբրահամյանն ասաց․ «Եթե նայում ենք առնվազն վերջին հինգ տարիները՝ 44 օրյա պատերազմը և դրան հաջորդած ժամանակահատվածը՝ տարբեր քաղաքական, քաղաքացիական նախաձեռնություններ, ապա մեր երկրում տասնյակ մարդիկ քաղաքական հետապնդումների են ենթարկվել։ Այդ ամենն իշխանության կողմից արվել է կանխելու հնարավոր իշխանափոխությունը և հնարավորություն ստանալու իր վերարտադրությունն ապահովելու»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ