«Որևէ գործնական քայլ չեն իրականացրել մեր զինված ուժերը պրոֆեսիոնալ բանակի վերածելու համար»,-պարտադիր զինվորական ծառայությունը կես տարով կրճատելու հետ կապված մտադրությունների առիթով լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա, որպես հակադրության այս մտադրության՝ նշեց 25-օրյա վարժական հավաքները՝ պնդելով, որ «լավ օրից չէ, որ ՊՆ-ն այս քայլին է գնացել»։ Այնուհետև ասաց․ «25-օրյա վարժական հավաքի անցնողները 10 օր վարժական հավաքների են մասնակցում, 5 օր առաջնագծում մարտական հերթապահության։ Մտահոգիչ է նաև այն, որ հիմա էլ վարժական հավաքներից խուսափումը խստացնում են»։
Ըստ Գեղամ Մանուկյանի՝ պարտադիր զինվորական ծառայությունը կես տարով կրճատելու հետ կապված մտադրությունների հիմքերը համոզիչ չեն․ «Շատ լավ է, որ կառավարությունը նախատեսում է 1,5 տարի իրականացնել զինծառայությունը, բայց բոլորիս համար էլ պարզ է՝ շատ լավ մշակված նախընտրական քայլ է»։
Գեղամ Մանուկյանը հիշեցրեց՝ 10 ամիս առաջ, երբ Սուրեն Պապիկյանին հիշեցրին, որ խոստացել են կրճատել պարտադիր զինծառայության տևողությունը և հարցրին՝ ինչո՞ւ մինչև հիմա չեն իրականացրել դա, ՊՆ նախարարն ասաց՝ անվտանգային խնդիրներ կան․ «Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանի կեղծ թեզը, թե տեսեք՝ խաղաղություն, փորձում են այս սոուսի մեջ տեղավորել։ Կարելի է նույնիսկ մտածել մեկ տարվա ծառայության մասին, բայց երբ օրենք են մշակում, ուսումնասիրում են, թե այն ինչ կապ ունի մնացած օրենքների հետ և փոփոխությունների փաթեթով են բերում։ 2026-ի ամռանը զորակոչվածները, օրինակ՝ ըստ այս փոփոխությունների ծառայելու են պայմանական մեկուկես տարի, բայց իր հետ ծառայող մեկ այլ զինվոր ծառայելու է երկու տարի։ Այդ հոգեբանական խնդիրը ո՞նց է լուծելու ՊՆ-ն։ Շատ լավ է, որ փորձում են կրճատել՝ հասարակական առումով՝ որպես ծնող, երիտասարդ, որ 1,5 տարվա ծառայությունից հետո կվերադառնա քաղաքացիական կյանք։ Բայց կան բազմաթիվ խնդիրներ։ Չի կարող երկու տեսակի զինվոր լինել զինված ուժերում»։
Կարդացեք նաև
Հարցին՝ դե՞մ եք այս նախաձեռնությանը, թե՝ կողմ, Գեղամ Մանուկյանն այսպես պատասխանեց․ «Չի բացառվում, որ սա էլ հեքիաթների ժանրից լինի։ Ազգային ժողով մուտք չի եղել։ Շատ կարևոր է կրճատումը, բայց կան խնդիրներ, որոնք պետք է հստակեցվեն, անորոշություններ չլինեն, նաև հաշվի առնեն անվտանգային գործոնները»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ