ՀՀ ԱԺ նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանի հետ զրույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման թեմայով է։
– Եթե Մինսկի խումբը ստեղծվել է Արցախի հակամարտության կարգավորման համար, իսկ արցախահայության իրավունքներն այսօր շատ ավելի են ոտնահարված, քան ՄԽ-ն ստեղծելիս` էթնիկ զտման եւ մարդկության դեմ հանցագործությունների մակարդակի, ապա ի՞նչ տրամաբանությամբ է Մինսկի խումբը լուծարվում։
– Որպեսզի Մինսկի խումբը չլուծարվեր, անհրաժեշտ էր, որ ԵԱՀԿ 57 անդամ երկրներից որեւէ մեկն առարկեր։ Տեսականորեն, դա առաջին հերթին պետք է աներ Հայաստանը, սակայն հենց այն բանի շնորհիվ, որ Հայաստանն էր լուծարման նախաձեռնողներից մեկը, այդ լուծարումը տեղի ունեցավ։
Եթե Ադրբեջանը հույս ունենար, որ միայն իր նախաձեռնությամբ Մինսկի խումբը հնարավոր կլինի լուծարել, դա կաներ շատ վաղուց։
Կարդացեք նաև
Հաջորդ խումբը համանախագահող երկրներն են։ Նրանցից մեկը՝ ԱՄՆ-ն, գործընթացի «կնքահայրն» է, քանի որ այդ քայլերը նպաստում են Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելուն։ Ռուսաստանն անմիջապես դրական արձագանքեց լուծարմանը, քանի որ հույս ունի վերականգնել 2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակը, երբ ինքը դարձավ միանձնյա միջնորդ՝ մեջտեղ բերելով նոյեմբերի 9-ի անհեթեթ եւ ապօրինի հայտարարությունը։ Ֆրանսիան (Էմանուել Մակրոնը), օգտագործելով Հայաստանի իշխանությունների բացարձակ անտեղյակությունը միջազգային իրավունքից եւ կարգավորման գործընթացի էությունից, 2021 թվականից Շառլ Միշելի հետ ստանձնեց «քավորությունը», անհեթեթաբար մեջտեղ բերվեց Ալմա-Աթայի հռչակագիրը՝ ԱՊՀ կազմավորման մասին, ու Բրյուսելում երկուսով համոզեցին Հայաստանի ղեկավարին՝ ստորագրել հայտնի հայտարարությունը եւ «հռչակել», որ Արցախն Ադրբեջանի մաս է։
Ընդ որում, տրագիկոմեդիան այն է, որ անգամ այդ փաստաթղթում է ընդգծվում ինքնորոշման իրավունքի կարեւորությունը։ Ավելին, միջազգային իրավունքի տարրական սկզբունքների իմացության բացակայությունը կամ հանցավոր միտումնավորությունը թույլ է տվել այդ հայտարարությունը ստորագրողներին ու այն հիշատակողներին՝ միջազգային իրավունքում որեւէ նշանակություն չունեցող այդ կես էջանոց թղթի կտորը հիշատակել ՄԱԿ կանոնադրության կողքին։ Պատահական չէ, որ իրավական առումով նույնպիսի անհեթեթություն է ՄԱԿ կանոնադրության ու այդ թղթի կտորի հիշատակումը կողք-կողքի նաեւ Վաշինգտոնի եռակողմ հուշագրում։
Ինչ մնում է մյուս 52 պետություններին, ապա ակնհայտ է, որ նրանց համար անպատկերացնելի էր, որ Հայաստանը, որը տասնամյակներ շարունակ բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով պաշտպանել է Արցախի շահերը, ինքը կնախաձեռնի կարգավորման գործընթացում այդ՝ կարեւոր դերակատարում ունեցող կառույցի լուծարումը։ Հետեւաբար, անհրաժեշտ էր այդ երկրների հետ լուրջ, նպատակային, մասնագիտական աշխատանք։ Միայն այդ դեպքում կարելի էր ակնկալել իրական արդյունք։ Որոշ երկրների մի քանի պատգամավորների հետ անպտուղ հանդիպումներն ու ոչ մի իրական արդյունք չտվող հայտարարությունները նման իրավիճակում չեն տանում դեպի տաճար։
– Ինչո՞ւ արցախահայերը՝ սփյուռքահայության օժանդակությամբ, Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում այսօր էլ իրականացվող մշակութային ու հակաքրիստոնեական բարբարոսությունների պայմաններում չաշխատեցին ԵԱՀԿ երկրների հետ եւ չարգելափակեցին ՄԽ լուծարումը։
– Այդ հարցը պետք է տալ նրանց, ովքեր ունեն Արցախի ժողովրդին ներկայացնելու մանդատ, կամ նրանց, ովքեր Արցախի ժողովրդի շահերը պաշտպանելու առաքելություն են ստանձնել։ Այնուհետեւ, նաեւ ժամանակներն են փոխվել, այսօր պահանջվող գիտելիքներն ու հմտությունները տարբեր են նրանցից, ինչը կար 30 տարի առաջ։ Ցավոք, շատ բաներ, որոնք պետք է արվեին՝ այսօրվա մարտահրավերներին դիմակայելու համար, չեն արվել։ Այլեւս ընդհանուր կոչերը, հայտարարություններն ու պահանջները չեն գործում։
Մինսկի խմբի լուծարումն ակնառու օրինակ է այն բանի, որ վաղուց ժամանակն է, որ մենք ոչ միայն տեսնենք ու մատնացույց անենք Հայաստանի իշխանությունների աղետալի գործունեությունը, այլեւ կարողանանք գործել ժամանակի սկզբունքներին ու պահանջներին համապատասխան։ Այսօր առանց մասնագիտական, լուրջ, ինստիտուցիոնալ աշխատանքի հնարավոր չէ դրական արդյունք ակնկալել։ Ընդ որում, դա շատ ավելի կարեւոր է, քան անգամ Մինսկի խմբի լուծարումը։ Ոչ միայն այն պատճառով, որ այդ խմբի երեք համանախագահներն այսօր պատերազմում են միմյանց դեմ, ու դժվար է պատկերացնել նրանց համագործակցությունը։ Եղել են ինքնորոշման հակամարտություններ, որոնց կարգավորման համար նման խումբ չի էլ ձեւավորվել։ Եղել են դեպքեր, երբ ՄԱԿ անդամ բոլոր երկրները պարզապես չեն արձագանքել մետրոպոլիայի բարբարոսություններին։ Նման բնորոշ օրինակ է Արեւելյան Թիմորը։
Հետեւաբար, հաշվի առնելով 2018թ․ հակասահմանադրական իշխանափոխությունից հետո տեղի ունեցած աղետներն ու անհաջողությունները, ինչպես նաեւ դրանից առաջ թե՛ պատերազմում, թե՛ բանակցային գործընթացում ունեցած հաջողություններն ու թերությունները, անհրաժեշտ է նոր մոտեցումների ու սկզբունքների հիման վրա հիմնովին վերակառուցել գործընթացը։ Կան մարդիկ ե՛ւ արցախահայության, ե՛ւ սփյուռքահայության շրջանում, ովքեր հավատում են հաջողությանը եւ պատրաստակամ են՝ ըստ ամենայնի նպաստել դրան։ Սակայն շատ կարեւոր է, որ Արցախի խնդրում առանցքային դերակատարում ստանձնի Արցախի ղեկավարությունը։ Հայաստանի ղեկավարության հակաարցախյան գործունեության պայմաններում չպետք է թույլ տալ, որ խնդիրը մնա անտեր։ Արցախը պետք է ներկայացնեն արցախցիները եւ ստանան լայն աջակցություն թե՛ Հայաստանի Հանրապետության հայությունից, թե՛ սփյուռքահայությունից։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում