Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ հաղթանակներդ նահանջի տեղ չունեն

Սեպտեմբեր 24,2025 13:00

Նրանք գալիս են մեր կյանքում ապացուցելու ապրելու իմաստն արժեւորելու կարեւորությունը, որը մարդ արարածին դարձնում է կատարելության ճանապարհի մի ավել քայլ անող մեկը, իմաստավորելով նրա գոյությունը։ Հաշմանդամությունը տարբեր երեսներ ու կողմեր ունի, հոգեբանական ու թաքնված կողմեր, որոնք տարբեր անհատների մեջ դրսեւորման իրենց ձեւն ու բնույթն ունեն, բայց կա այդ ամենի միջով անցնող ու հաղթահարող տեսակը, ցավը լույսի հրավառվող հոգենյութի վերածող տեսակը, ով ապացուցում, խրախուսում ու հաստատում է իր օրինակով, որ մարդու կարողությունները անսահմանափակ են, եթե կա ցանկություն եւ կամք։ Նա մեր օրերի կենդանի լեգենդն է, ով իր օրինակով է ճանապարհ ցույց տալիս այլոց։
Այսօր արդեն ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ, Եվրոպայի եւ Աշխարհի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանի անունը հայոց դյուցազնագրքից մինչ համաշխարհային ռեկորդների գիրք ճանապարհ է հարթում, հայ մարզիկի մի այնպիսի բացառիկ ու վառ կերպար ցույց տալով, ում վիճակվեց իր կամային հատկանիշների շնորհիվ դառնալ կենդանի լեգենդ սպորտի ասպարեզում`հաշմանդամություն ստանալուց հետո։ Մեկ ձեռքի եւ զույգ ոտքերի բացակայությունն անգամ, նոր իրականության պարտադրած սահմանափակող ու ճնշող իրավիճակները նրան չկարողացան կոտրել, դառնալով խթան ապացուցելու ոգու թռիչքը։

Սարգիս Ստեփանյանն այսօր աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն է, օրերս նա արձանագրեց իր եւս մի հաղթանակը, ինչի առիթով հեռախոսազրույց՝ բլից հարցազրույց ունեցանք իր հերթական չեմպիոնական տիտղոսը նվաճած մարզիկի հետ։

-Սիրելի Սարգիս, շնորհավորում ենք,  հերթական հաղթանակի համար, աշխարհի քառակի չեմպիոնության տիտղոսը նվաճելու առիթով։ Քանի՞ հոգով մեկնեցիք եւ քանի՞ հաղթանակ ունենք այսօր Ալբենայում կայացած ձեռքի ուժի աշխարհի մրցաշարից եւ ո՞ւմ  հետ էին մրցում մեր տղաները։

–Բուլղարիայի Ալբենա քաղաքում սեպտեմբերի 10-ից 23–ը տեղի ունեցան մրցումները։ Մեկնել ենք 8 մասնակից մարզիկներով, հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Ստեփանյանի եւ հավաքականի ավագ մարզիչ Ոսկան Մարգարյանի ուղեկցությամբ, տարբեր քաշային կարգերում ենք հանդես եկել, տարբեր սպորտային դասակարգումներում, մասնակցում էին 58 երկրներից մարզիկներ։ Սա աշխարհի բազկամարտի 46-րդ եւ պարաբազկամարտի 27-րդ առաջնությունն էր… Ընդհանուր մեր հաջողությունները եղել են երկու ոսկի, ես Ստեփանյան Սարգիսս, նստած մինչեւ 80 կգ քաշային կարգում, Գեւորգ Համբարձումյանը մինչեւ 23 տարեկանների մեջ 60 եւ բարձր քաշային կարգ ունեցողների մեջ ոսկի եւ ունենք մեկ բրոնզ Գուրգեն Անտոնյանը կանգնած՝ մինչեւ 70 կգ  քաշային կարգում։

–«Ձեռքի ուժ» մարզաձեւում քո որերորդ նվաճումն է։ Որպես սպորտաձեւ ինչպե՞ս հիմք դրեցիր այս մարզաձեւի զարգացմանը ՀՀ-ում, հաշմանդամային սպորտում։

–«Ձեռքի ուժ» մարզաձեւով սկսել եմ մարզվել 2015 թվականից։ 2016, 17, 18 թվականներին, երբ լինում էր Աշխարհի կամ Եվրոպայի առաջնություն, Հայաստանը որպես հաշմանդամային պարաբազկամարտիկ մենակ ես էի ներկայացնում եւ գալիս էի մարզիչիս հետ։ Այն ժամանակվանից իմ մեջ կար ցանկություն, որ Հայաստանում զարգացնեմ այս մարզաձեւը, իմ առաջ դրել էի նպատակ, որ ես պիտի լինեմ միջազգային մրցաշարի հաղթող եւ ինքս բացեմ մարզասրահ, հարմարեցված հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, որը որ մենք 2018 թվականից բացել էինք եւ վերջերս էլ տեղափոխվեցինք նոր տարածք, մեր մարզակենտրոնը կոչվում է Լեգենդների մարզասրահ, որտեղ մարզվում են ոչ միայն հաշմանդամություն ունեցող մարզիկներն ու սպորտի սիրահարները, այն բաց է բոլորի համար, ովքեր ուզում են զբաղվել պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ սպորտով։ Հիմնեցինք ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան, որի հիմնադիր նախագահը ես եմ, շատ մարզիկներ ունենք եւ մեծ թիմով ենք ներկայանում, զարգացնում ենք ոչ միայն պարաբազկամարտը Հայաստանում, ալեւ պարածանրամարտը՝ պարափաուերլիֆթինգ է կոչվում, գնդի հրում, սկավառակի նետում, պարաատլետիկայի ձեւեր։

–Հաղթանակից հետո, կա՞ն նոր մրցաշարերի մասնակցության հայտեր, որոնք են։

–Պարաբազկամարտի հաջորդ մրցումները լինելու են 2026 թվականին՝ Եվրոպայի առաջնությունը, որը լինելու է Հունգարիայում եւ Աշխարհի առաջնություն՝ Հնդկաստանում, Դելիում, իսկ ամենակարեւորը, որը իմ առջեւ խնդիր եմ դրել մասնակցելու դա Լոս  Անջելեսում կայանալիք 2028 թվականի ամառային պարաալիմպիկ խաղերին, գնդի հրում սպորտաձեւով։

–Ի՞նչ զգացողություն է, երբ հաղթում ես, ի՞նչ ես զգում առհասարակ, նաեւ հետաքրքիր է զգացողությունդ ախոյանիդ նկատմամբ, խղճո՞ւմ ես դիմացինիդ հաղթելուց հետո, թե՝ հավասարը հավասրի բարձրությունից ես նայում։ Օրինակ, այլ մարզաձեւերում հաճախ տեսնում ենք սպորտային էթիկայից դուրս պատկերներ, բայց որպես կանոն ուժեղները միշտ բարի են լինում եւ դիմացինին նվաստացնելու միտում չեն ունենում։ Էմոցիաները սպորտում երբ են տեղին, որքանով կարող են օգնել եւ որքանո՞վ խանգարել մարզիկին։

–Անշուշտ, պատասխանատու պահ է, բայց եթե դու պատրաստված ես ֆիզիկապես եւ հոգեպես այդ պայքարին, ճիշտ ես կառուցել ամեն ինչ՝ սկսած օրվա գրաֆիկից մինչեւ մասնակցությանդ պահը, ապա մտածելու խնդիր չի մնում, ուղղակի գնում ես ընդառաջ այն ամենին, ինչին ձգտել ես, ինչի համար մարզվել ես։ Պատասխանատու պահ է, բայց սահուն եմ անցնում այդ պայքարի պահերը, բնականորեն ինչպես որ էկրաններից երեւում է։ Շատ կարեւոր է մարդկային հատկանիշների պահը, չպիտի գոռոզանաս, չպիտի աստղայինը տանի, որովհետեւ այդ դեպքում հաճախ լինում է պարտություն։ Ինքնակենտրոնացում պետք է ու կարեւոր է, բայց երբեք դիմացինին նվաստացնելու մասին խոսք չի կարող գնալ, քանի որ սպորտը նման բան չի սիրում, որովհետեւ նույն հաջողությամբ դու ինքդ էլ մարզիկ ես ու ճանապարհ ես անցել, պետք է պահել այդ մարդկայինը, սխալ է վերեւից նայել դիմացինիդ, քանի որ դու ուժեղ ես։ Իհարկե իմ մեջ վստահություն կա, որ ես ուժեղ եմ, որ իմ փորձը բավարար է իրենց հաղթելու համար եւ այլն, բայց երբեք այդպես չեմ նայում ու մտածում։ Մինչեւ անգամ, իմ մրցակից մարզիկները, իմ քաշային կարգում իմ հետ խուսափում են մրցել, իրենց քաշային կարգը փոխում են, օրինակ, կային մարզիկներ, որ ինձնից բարձր քաշային կարգ վերցրեցին, որ ինձ հետ չմրցեն, այսինքն՝ իրենք գիտեին, որ պարտվելու էին, խուսափեցին, որ գնան էնտեղ հաջողության հասնեն։ Մարդիկ կային, ովքեր նախապես գրում են ինձ, որ խաղի ժամանակ մի փոքր երկար խաղը ցուցադրենք, որ իրենց պարտությունը ցավոտ չնայվի, իրենց  դիմադրության պահը զգացվի։

–Ե՞վ, ընդառաջում ե՞ք…

–Ես պահում եմ սպորտային կանոնները, այն ամենը, որը պետք է, որ ինձ չվնասի, բայց նաեւ մարզիկին հարգի այդ մարդկային պահն էլ եմ հաշվի առնում։

–Դյուցազնագրքում արդեն երեք անգամ գրանցվել եք, իսկ Գինեսի ռեկորդների գրքում լինելու ցանկություն կա՞։

–Մի ձեռքով տասը ձմերուկ բռնել չես կարող, մի ժամանակ հետաքրքրված էի, բայց դա նաեւ ժամանակատար, թղթաբանական աշխատանք է, կարծում եմ՝ դրա ժամանակն էլ կգա, կլինի, ես սպորտում անում եմ բաներ, որոնք գրանցելու, ներկայացնելու դեպքում պետք է տեսնել աշխարհի մասշտաբով եղել՞ է նմանը թե՞ ոչ, օրինակ, կշռաքարերի բարձրացում մեկ ձեռքով։ Ես վստահ ասում եմ, որ դժվար թե իմ նման բարդ հաշմանդամություն ունեցող՝ 3 վերջույթներ կորցրած մարզիկ լինի, որ իմ բարձրացրած 32 կգ կշռաքարը մոտ 20 անգամ բարձրացնի։

–Որն է այսօր Ձեր գերնպատակը առաջիկա մարզումների ու մրցաշարերի մեջ մասնակցություն ունենալու։

–Հիմա իմ մարզական ճանապարհային քարտեզը ունեմ, թե երբվանից պիտի սկսեմ իմ մարզումները, ակտիվ մարզումների շրջանը, այս պահին ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության, վերականգնողական մարզումների վրա է շեշտը, հետո ավելի ինտենսիվ մարզումները տանում են դեպի  2028 թվականը, ամառային պարաալիմպիկ խաղեր, որը տեղի է ունենալու Լոս նջելեսում։ Աստված առաջ, կարող է մինչեւ անգամ մյուս տարի Ամերիկայի բաց առաջնությունում ներկայանամ «Ձեռքի ուժի» սպորտաձեւով։

–Խոսում եք ապագայի պլաններից, իսկ մարզիկները, որքանով գիտեմ, հաճախ սնահավատ են եւ նախապես չեն բարձրաձայնում իրենց քայլերի մասին։

–Ոչ, ամենեւին, ընդհակառակը, թող իմանան, այնտեղ էլ ունեմ մրցակիցներ, թող պատրաստվեն։

–Ազնիվ եք խաղում, ամեն դեպքում, բաց եւ ազնիվ…

–Սպորտը սիրում է ճիշտ մարտավարություն, պետք լինի՝ պետք է չխոսես, պետք լինի՝ պիտի լռես, բայց բաներ կան, որ կարելի է բաց խաղալ, եթե դա քեզ ու քո սպորտի համար վտանգ չի ներկայացնում։

–Այսինքն, հոգեբանական պահ կա, որին դու շատ լավ տիրապետում ես, որը քեզ օգնում է:

–Դե ինքը սպորտը մեծ եւ կայուն հոգեւվիճակ է պահանջում, որ դու պիտի կարողանաս ճիշտ բալանսավորված պահել եւ կառավարել այն, եթե չկարողացար՝ տեղում կշեղվես։

–Դիմացինին ստուգելու, նրա պոտենցիալն ու ուժը կշռելու մի հատուկ ձեւ կա, որին տիրապետում եք, փաստորեն, ճանաչելով ախոյանին իր բոլոր ուժեղ եւ թույլ կողմերո՞վ։

–Այո… Հետո ես ինքս իմ տեխնիկան եմ մշակում դրա հիման վրա։ Իմ առանձնահատուկ ոճն ունեմ մրցման։ Ձեռքի ուժի հազար ձեւ կա կպնելու, դաստակը պտտել, տակից, կողքից եւ այլն…Ես իմ առանձնահատուկ ձեւն ունեմ, որը սպորտի կանոնների մեջ է, իմ մշակած տեխնիկան է, որով ես ներկայանում եմ, որը իմ հաղթաթուղթն է։

–Իսկ Դուք այդ տեխնիկան փոխանցո՞ւմ եք մյուսներին, Ձեր դպրո՞ցն եք ստեղծում դրա հիման վրա։

–Այո, իհարկե, այդ նույն տեխնիկայի, հնարքի առավելությունները բացատրում եմ, ցույց տալիս, սովորեցնում, որ իրենք էլ կարողանան այդ նույնով շարժվել, ինչը արդեն հաջողությամբ պսակված փորձ ունի, քանի որ սա արդեն ապացուցված է այնքանով, որ սա արդեն իմ աշխարհի չորրորդ հաղթանակն է, Եվրոպայի հինգերորդը եւ աշխարհի պարաբազկամարտի կրկնակի գավաթակիր եմ։

–Կրկին շնորհավոր, իրոք մեծ ձեռքբերումներ են մեր պարասպորտի ասպարեզում։ Բայց, կա այսպիսի մի միտում, որ լավ մարզիկ, լավ նկարիչ, լավ երաժիշտ կարող են լինել, բայց լավ ուսուցիչ՝  ոչ հաճախ։  Ձեր պարագայում երկուսը համատեղվել են մեկում. եւ լավ մարզիկ, եւ լավ ուսուցիչ, ինչպե՞ս եք համատեղում։

–Կարող ես լինել լավ մարզիկ, մեծ բարձունքների հասած, բայց չկարողանաս քոնը տաս, կամ դիմացինդ չի կարողանում յուրացնի քո տվածը՝ պայմանավորված մատուցման ձեւից, ինքը քեզ տեսնում է որպես օրինակելի, գազան կերպար, բայց չի կարողանում վերցնել քեզնից, որովհետեւ մատուցման ձեւը քո մոտ չի ստացվում։ Դա ջիղ է, որը նույնպես աշխատանքի ու հոգեբանության ըմբռնման արդյունք է։

–Իսկ ինտրիգների մասին ի՞նչ կասես, երբ բարձրացող մարդկանց միշտ հետեւում է այդ նախանձի ստվերը…

–Դա ամենուր կա, ոչ միայն սպորտում, բոլոր ասպարեզներում է, երբ  մարդը հասնում է հաջողության, գնում է առաջ, լինում են դեպքեր, որ նախանձն է կողքից խոսում, չուզողությունը, բայց պետք է արհամարհել, դրանց վրա ժամանակ չծախսել, որովհետեւ հակառակ դեպքում անիմաստ կլինի ապրելը։ Պիտի գնաս հաղթանակի հետեւից, նոր նվաճումների հետեւից, ամենակարեւորը պատվով կատարես բոլոր առաջադրանքները ինքդ քո առջեւ դրած։

–Այսինքն, սպորտը առաջին հերթին պարտադրում է ինքնակենտրոնացում, որում հաճախ, այդ մարզիկներին մեղադրում են, մտածելով, թե այդ մարդիկ ինքնասիրահարված են, կամ նման տպավորություն են թողնում, մոռանալով, որ հաղթանակ տանող ճանապարհը այդքան էլ հարթ չի եւ պահանջում է մեծ նվիրում եւ հետեւողականություն։

–Իմ գրաֆիկն արդեն գծված է, երբ պիտի մարզվեմ, արագուժային մարզումները երբ պիտի անեմ, երբ հանգստանամ, երբ պիտի երկրից դուրս վերապատրաստվեմ, դա քո մարզական ճանապարհային քարտեզն է, որը պիտի նախանշես, իմանալով, որ կետում ինչի պիտի հասած լինես, որտեղ ես վրիպել, որտեղ ես ավելի ուժեղ։ Այդ ամենը մշակում ես, վերլուծում ես, մարզումները հաշվարկ է արվում, հազար ու մի գործ կա, որը կարող է հեշտ թվալ, բայց հաղթանակի հասնելու համար պիտի այդ բարդ ճանապարհը ճիշտ անցնես։  Զոհաբերություններ է պահանջում, շատ բաներից պիտի քեզ զրկես, կտրվես առօրյայից, էլ չասեմ, թե ինչքան վնասվածքներ կարող ես ստանալ, պիտի զգույշ լինես, ժամանակին վերականգնվես, մի խոսքով, զրկես քեզ շատ ու շատ հաճույքներից, որ կարողանաս արդյունքի հասնել։ Հաղթանակը հենց այնպես չի տրվում։

–Իսկ կա՞ մի պարագա, որի դեպքում հակառակը կարող է լինել, հաղթանակը զոհաբերել հանուն մեկ ուրիշ բանի… Ի՞նչը կարող ես դնել հաղթանակի նժարին։

– Սպորտում չկա նման բան, եթե մտել ես սպորտի մեջ, ուրեմն գնում ես հաղթանակի ետեւից։ Ոչ մի բան հակառակ նժարին չպիտի հայտնվի, ինքդ էլ պիտի այնքան հավասարակշռված լինես, այնքան ուժեղ, որ այդ երկու եսը՝ ուժեղ մարզիկն ու մարդը քո մեջ կարողանան հավասարապես իրենց ղեկավարել։ Դու հաղթանակդ չես զիջի ինչ որ մի բանի։ Հաղթանակը նահանջի տեղ չունի։

Հարցազրույցը՝

Արմինե ՄԵԼԻՔ-ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

արվեստաբան

«Առավոտ» օրաթերթ
23.09.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930