2023 Թ.-Ի ԱՐՑԱԽԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ԻՆՍՏԱԼՅԱՑԻԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Սեպտեմբերի 26–28-ը Latitude Art Space ցուցասրահում կայացավ շվեյցարահայ ռեժիսոր Վարսի Բուխմաննի «They Say We Have to Leave» («Նրանք ասում են՝ պիտի հեռանաք») վավերագրական ինստալյացիայի միջազգային պրեմիերան: Ինստալյացիան ներկայացնում է 2023 թ. Արցախի բռնի տեղահանումն ու էթնիկ զտումը։
Եռօրյա հանրային ցուցադրությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց արվեստի ու մշակույթի գործիչների, ինչպես նաև Արցախից տեղահանվածների շրջանում։ Բացման օրը ինստալյացիան դիտելու էին եկելնաև նախագծի մասնակից արցախցի 120 կանայք, որոնց պատմությունները դարձել են ինստալյացիայի առանցքը։
«Այս օրերին ինստալյացիան եկան դիտելու տարբեր ազգերի ներկայացուցիչներ։ Ու նրանցից բոլորը դուրս էին գալիս հուզված ու էմոցիաներով լի, անգամ նույնիսկ նրանք, որոնք մեր պատմությանը ծանոթ չէին: Ապրումակցումը բոլոր փոփոխությունների հիմքն է. երբ զգում ենք՝ հիշում ենք, երբ հիշում ենք՝ հոգ ենք տանում։ Նախագծի նպատակն է աշխարհին ցույց տալ, որ Արցախի կորուստը ոչ միայն հայերի, այլև ամբողջ քրիստոնեական աշխարհի կորուստն է, քանի որ այնտեղ ենք թողել հսկայական քրիստոնեական ժառանգություն»,- նշեց նախագծի ռեժիսոր, սցենարիստ-հեղինակ, պրոդյուսեր Վարսի Բուխմաննը: Երևանյան ցուցադրությունից հետո «They Say We Have to Leave» («Նրանք ասում են՝ պիտի հեռանաք») վավերագրական ինստալյացիան կցուցադրվի նախ հոկտեմբերի 31-ին Բազելում, ապա հաջորդաբար՝ Ցյուրիխում, Բեռնում, Ժնևում։
Կարդացեք նաև
«Մարդկային բնույթը, ինքնության և հիշողության ուժը համընդհանուր է, և այս նախագիծը հրաշալի անդրադառնում է մարդկային հիշողություններին: Ինձ համար մեծ պատիվ և առանձնահատուկ փորձ էր աշխատել նման նախագծում»,-հայաստանյան ցուցադրություններն ամփոփելով՝ նշել է նախագծի պրոդյուսեր, Point de vue ընկերության գործադիր տնօրեն Անդրեաս Վեբերը։
ԻՆՍՏԱԼՅԱՑԻԱՅԻ ԵՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ինստալյացիան բաղկացած է երեք մասից։ Առաջին մասը ներկայացնում է 120 արցախցի կանանց պատմությունները: Նրանք իրենց լուռ ներկայությամբ պատմության մեջ մեկընդմիշտ դաջում են տեղի ունեցած սոսկալի անարդարությունը: Տեսողական պատումն ուղեկցվում է հարցազրույցներից հատվածներով, ինչը փոխանցում է կանանց հույզերն ու հիշողությունները: Ինստալյացիայի երաժշտական հատվածը ձևավորել է կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանը: Ցուցադրության տարածքը կառուցված է երկար միջանցքի տեսքով՝ խորհրդանշելով այն նույն Լաչինի միջանցքը, որով անցան 120.000 մարդիկ Արցախից բռնի տեղահանվելիս:
Ցուցադրության երկրորդ մասում ներկայացվում է նավթը որպես համաշխարհային անտարբերության խորհրդանիշ, արդարության բերանը փակող գործիք: Նավթը համադրվում է այն մշակութային ժառանգությանը, որը թողեցին հայերն Արցախում՝ վանքեր, եկեղեցիներ, քրիստոնեական ժառանգության բացառիկ նմուշներ:
Ինստալյացիայի երրորդ հատվածում արցախցիների անձնական արխիվներից իրական կադրեր են, որոնք ցույց են տալիս կյանքը, սիրո և ավանդույթների միջավայրը՝ այցելուին վերադարձնելով անցյալ։ Ինստալյացիան պարունակում է իրական պատերազմական վկայություններ: Այն ներկայացված էր ցուցասրահի ձևաչափով, ինչն այցելուներին հնարավորություն է տալիս ներգրավվել, անցնել պատմությունների միջով և զգալ յուրաքանչյուր ապրում:
ՍՏԵՂԾԱՐԱՐԱԿԱՆ ԹԻՄԻ ՄԱՍԻՆ
Վարսի Բուխմաննը շվեյցարահայ ռեժիսոր, պրոդյուսեր և գրող է, Լյուցեռնում գործող Boostplus GmbH ստեղծարարական ընկերության հիմնադիրը: Գործակցել է Fondation Beyeler-ի, Kunstmuseum Basel-ի և Շվեյցարիայի ազգային թանգարանի հետ:
Անդրեաս Վեբերը կինոռեժիսոր և AV պրոդյուսեր է, Point de vue ընկերության գործադիր տնօրենը: Նա ստեղծում է ինստալյացիաներ ու վավերագրական ֆիլմեր, ինչպես նաև հեղինակ է մի շարք միջոցառումների, ինչպես, օրինակ՝ Բազելի ամենամյա «Science + fiction» փառատոնը։
ԱՋԱԿԻՑՆԵՐ ԵՎ ՊԱՏՐԵՈՆՆԵՐ
Այս նախագիծը հնարավոր է դարձել մշակութային վստահելի հիմնադրամների և կազմակերպությունների աջակցության շնորհիվ։ Ինստալյացիայի ստեղծումն ու ցուցադրությունն իրականացվել է նրանց ֆինանսական և ինստիտուցիոնալ աջակցությամբ: Հեղինակները երախտագիտությամբ ընդգծում են, որ այս աջակցությունը թույլ է տվել նախագիծը կյանքի կոչել թափանցիկ միջոցներով՝ նախատեսված բացառապես մշակութային արժեքների պահպանման համար:
Այս ինստալյացիան հրավեր է միջազգային հանրությանը՝ ցուցաբերելու աջակցություն Արցախի տուժած ժողովրդին և միասին բարձրաձայնելու չմոռացվելու իրավունքի մասին:
Մամուլի հաղորդագրություն