Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ խաղաղության մասին հայտարարությունները համարում է բացահայտ կեղծիք։
Նա Aravot.am-ի հետ զրույցում որպես թարմ փաստացի ապացույց մեջբերում է երեկ Գյանջայում «ԱՊՀ-2025» սպորտային խաղերի պաշտոնական բացման ժամանակ Բաքվի կողմից հայ ժողովրդին կրկին ստորացնելու ու արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու փորձը, երբ բեմում` որպես 44֊օրյա պատերազմում Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակի խորհրդանիշ, հայտնվեց «երկաթյա բռունցքը», հաղորդավարները հայերին դարձյալ թշնամի որակեցին, իսկ ադրբեջանցի հանդիսատեսն այս ամենը ընդունեց բուռն ծափահարություններով ու բացականչություններով։
«Սա ցուցանիշն է այն բանի, որ Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, բացահայտ խաբում են, հանրության գլխի տակ փափուկ բարձ են դնում, թե իբր իրենք խաղաղություն են բերել, իրականում ադրբեջանցիների ու թուրքերի մոտ այդ խաղաղությունն այլ կերպ է ընկալվում։
Թուրք-ադրբեջանական տանդեմը և այդ տանդեմի պարագլուխներից մեկը՝ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Աիլևը, գտնում են, որ այդ խաղաղությունը պիտի տեղի ունենա հայ ժողովրդի և Հայաստանի ինքնասիրության և ստորացման հաշվին։
Կարդացեք նաև
Երեկ Գյանջայում՝ պատմական հայկական Գանձակում, սպորտային խաղերի բացման ժամանակ բեմում հայտնվեց «երկաթյա բռունքը», որը Ադրբեջանի բռնապետը մշտապես ներկայացնում է որպես արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի սիմվոլ, և ինքն ասում է՝ սրանով մենք կոտրեցինք հայերի ողնաշարը և գլուխը։ Երբ այդ բռունցքը հայտնվեց բեմում, տեսաք՝ ինչ վանկարկումներ հնչեցին մարզադաշտում։ Ադրբեջանցիներն այդ վանկարկումներով ցույց տվեցին իրենց գոհունակությունը։
Ադրբեջանական հասարակությունը ոչ թե պատրաստ չէ խաղաղության, այլ չեն էլ ուզում, եթե ուսումնասիրեք սոցիալական ցանցերը կամ համաշխարհային սոցիալական ցանցերի ադրբեջանական սեգմենտը, կտեսնեք, որ ոչ մի խաղաղության նրանք չեն ձգտում, չեն ուզում հայերի հետ խաղաղ ապրել, ասում են, որ հայերը պիտի լինեն մեր ստրուկը, պետք է ապրեն այնպես, ինչպես մենք ենք ուզում, ինչպես մենք ենք նրանց համար կանխատեսել ու կանխորոշել»,- ասում է Գագիկ Համբարյանը։
Ըստ նրա, Հայաստանում կա մի ստվար զանգված, որը հետևում է պաշտոնական քարոզչությանը ու հավատում խաղաղությանը, իսկ Նիկոլ Փաշինյանը օգտագործում է նրանց անգրագիտությունը։
«Նիկոլը «խաղաղության օրակարգ» կոչվող կեղծիքով հասարակության գլխի տակ փափուկ բարձ է դնում, որպեսզի ադրբեջանցիներն ավելի հեշտ մեր հախից գան։ Ադրբեջանցիները բացարձակ ցանկություն չունեն մեզ հետ խաղաղ ապրելու։ Սպորտային միջոցառման ժամանակ տեսած կլինեք, որ հաղորդավարներն հայերին անվանում են թշնամի, ինչպես են 44 թիվը զինվորական համազգեստի վրա կրող դերասանները պատկերում այն բոլոր քաղաքներն ու բնակավայրերը, որոնք իրենք մեզանից գրավել են։ Ես ուզում եմ հասկանամ՝ ո՞րն է այդտեղ խաղաղությունը։
Մենք հայերս Արարատ սարն ենք հանում, փորձում ենք ոչ թե Հայոց պատմություն, այլ Հայաստանի պատմություն դարձնել մեր պատմությունը։ Ալիևի և Փաշազադեի անմիջական հրահանգով և ցուցումով Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հարձակումներ է գործում եկեղեցու վրա։ Դրանով փորձում են նրանց շողոքորթել, բայց ստանում են ավելի վատ և ավելի անմարդկային պատասխաններ, մեզ ծաղրում ու վիրավորում են, ո՞րն է այստեղ խաղաղությունը»,-հարցնում է Գագիկ Համբարյանը։
Մեր զրուցակիցը ՄԱԿ-ի ամբիոնում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի ելույթները համարում է վասալի ու տիրոջ կարգավիճակ ունեցող մարդկանց ելույթներ։
«Ելել, ՄԱԿ-ի ամբիոնից ասում է, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրությունը, հետաքրիքր է՝ ՄԱԿ-ի ո՞ր անդամ երկրին է հետաքրքիր մեր Սահմանադրությունը, ուզբեկների՞ն է հետաքրքիր, Հարավ Աֆրիկյան Հանրապետության երկրի ներկայացուցչի՞ն է հետաքրքիր, Բրազիլիայի՞ն, թե՞ Կանադային։
Մեր վարչապետը ելել, ՄԱԿ-ի ամբիոնից հաշվետվություն էր ներկայացնում թուրք-ադրբեջանական տանդեմին, ինքն արդեն իսկ իրեն վերընտրված է համարում ու խոստանում փոխել Հայաստանի Սահմանադրությունը։ Սա խայտառակություն է, այսպիսի ստորացում, ենթադրում եմ, որ հայ ժողովուրդն իր պատմության մեջ չի ունեցել», -ասում Է Գագիկ Համբարյանը։
Ըստ նրա, Իլհամ Ալիևը պարզ ասում է «Զանգեզուրյան միջանցք»՝ հայտարարելով, որ Ադրբեջանի տարածքով Ադրբեջանից դեպի Ռուսաստան անցնող բեռները վերահսկվելու են ադրբեջանցի սահմանապահների կողմից։
«Հայաստանի վարչապետին պարզ հարց են տալիս՝ Հայաստանի տարածքով անցնող բեռները վերահսկվելո՞ւ են հայ սահմանապահների կողմից, 30-40 րոպեանոց ինչ-որ անհասկանալի ելույթներ է ունենում՝ միջազգային իրավունքից, Հայաստանի Սահմանադրությունից, Հայաստանի տարածքային անձեռնմխելիությունից խոսելով։ Այ մարդ, կոնկրետ հարց ենք տալիս, հայ սահմանապահը մոտենալո՞ւ է ադրբեջանցիներին և նրանց կողմից, ասենք, Նախիջևանից դեպի Ադրբեջան, Ադրբեջանից դեպի Նախիջևան տեղափոխվող բեռներին։ Չեն պատասխանում, որովհետև իրենք շատ լավ գիտեն, որ միջանցք են տվել։
Այս հարցը ունի կոնկրետ պատասխան՝ այո, կամ ոչ, այստեղ դիսերտացիա պաշտպանել և դեմագոգիկ մեթոդներով հանրությանը շեղել պետք չէ», -ասում է Գագիկ Համբարյանը։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերընտրվելու դեպքում տեղի կունենա Սյունիքի դեմոգրաֆիական պատկերի փոփոխություն․ ադրբեջանցիները լցվելու են Սյունիք, նրանք կբնակվեն միջանցքի շրջակայքում, Մեղրին ու այսպես կոչված «Թրամփի ճանապարհի» ողջ երկայնքով գտնվող բնակավայրերը կհայաթափվեն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ