-Միշտ թվում է, որ ինչ-որ սահման կարող է ունենալ սրանց իրավական լկտիությունը, բայց ամեն անգամ ապացուցում են, որ ավել, ավել… սրանք տանում են հայկականության ոչնչացման, որի առանցքը եկեղեցին է,- Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատավարության ընթացքում դատարանի բակում լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը:
Հարց հնչեց պատգամավորին, թե ինչու նախորդ օրերին ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի չէր եկել դատարան, պատգամավորն ասաց, որ իրենց աշխատանքը թիմային է, եւ եթե ինքը չի եկել, իրենց թիմից այլ ներկայացուցիչներ են եղել, այլ բան չպետք է մտածել:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին Սամվել Կարապետյանի գլխավորած ուժին 2026 թվականի ընտրությունների ժամանակ մրցակի՞ց, թե համագործակից են դիտարկում, ի պատասխան ասաց. «Եթե տարբեր ուժերով մասնակցում ես ընտրություններին, կամա, թե ակամա մրցակից ես լինում: Այն ուժերը, որոնք իսկապես պայքարում են այս իշխանությունների դեմ եւ կա համոզմունք, որ չեն միանալու ՔՊ-ին, ես շատ լավ եմ նայում այդ ուժերի մասնակցությանը: Պետք է փորձել իրար չխանգարել, քանի որ գլխավոր նպատակը այս իշխանությունների չվերընտրվելն է, կարելի է ճիշտ լուծումներ գտնել, որ իրար չխանգարենք… Ավելի մեծ բլոկներ են պետք լինելու, փոքր կուսակցությունների, ցածր վարկանիշ ունեցող կուսակցությունների մասնակցությունը սխալ կլինի, ճիշտ կլինի ճիշտ հաշվարկված միավորումներով գնալ»:
Կարդացեք նաև
Դատարանի բակում լրագրողների հարցերին պատասխանեց նաեւ Բագրատ սրբազանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով երեկ մի շարք հոգեւորականների ձերբակալություններին, տեւական ժամանակ նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություն չտրամադրելու ու պաշտպանների հետ հանդիպումների խոչընդոտելուն. «Ցանկացած անձի պարագայում անձի դատավարական իրավունքների կոպտագույն խախտում է, հանցագործություն է պաշտպանի հետ հանդիպմանը խոչընդոտելը, բայց շատ ավելի զարհուրելի է, որ այդ գործողությունները պայմանավորված են Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականների նկատմամբ ապօրինի հետապնդումներով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ