Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր կառույցները՝ թե՛ պետական, թե՛ հասարակական, պարտավոր են գործել բացառապես իրավական և արդարության սկզբունքներով. Արցախի ԱԺ նախագահ

Հոկտեմբեր 29,2025 20:44

Արցախի Հանրապետության անունից խոր մտահոգություն եմ հայտնում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների, հասարակության բևեռացման և ազգային ինստիտուտների՝ մասնավորապես, իշխանական հռետորաբանության և գործողությունների միջոցով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակության թուլացման փորձերի կապակցությամբ։ Այս մասին ասված է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հայտարարության մեջ:

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի հոգևոր, մշակութային և ազգային ինքնության հիմնասյուներից մեկը։ Վերջին շրջանում Եկեղեցու շուրջ ծավալվող քննարկումները և հակաեկեղեցական գործողությունները բացասաբար են անդրադառնալու ազգային համերաշխության վրա։ Օրվա հրամայականն է խուսափել այնպիսի գործողություններից կամ արտահայտություններից, որոնք կարող են խաթարել հասարակական խաղաղությունն ու փոխադարձ հարգանքը։

Միաժամանակ մտահոգություն են առաջացնում ազատությունների սահմանափակման և քաղաքական բնույթի հետապնդումների վերաբերյալ հնչող հրապարակային գնահատականները։ Այս համատեքստում առանձնապես անհանգստացնող է Մասիս համայնքի ղեկավար, ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի երեկվա կալանավորումը, ինչպես նաև այն քաղաքացիների նկատմամբ իրականացվող քրեական վարույթները, որոնք հանրային շրջանակներում դիտարկվում են որպես քաղաքական ենթատեքստ ունեցող։

Ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանությունը մեր ընդհանուր ազգային արժեքներն են, և բոլոր կառույցները՝ թե՛ պետական, թե՛ հասարակական, պարտավոր են գործել բացառապես իրավական և արդարության սկզբունքներով։

Այս համատեքստում կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին զերծ մնալ այնպիսի գործողություններից և հռետորաբանությունից, որոնք խաթարում են հասարակության ներսում վստահության վերականգնումը և միտված չեն ազատությունների լիարժեք երաշխավորման և ազգային համախմբմանը։

Միայն համախմբված, իրավական և արժեհամակարգային միասնական հասարակություն ձևավորելով հնարավոր կլինի կերտել ուժեղ, անվտանգ և ժողովրդավարական Հայաստան՝ ի շահ ամբողջ հայ ժողովրդի և մեր պետականության ապագայի, ի շահ Արցախի ժողովրդի հավաքական և անվտանգ վերադարձի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031