2025 թվականի նոյեմբերի 10-13-ը «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել վերապատրաստման քառօրյա ծրագիր՝ ուղղված Քննչական կոմիտեի օպերացիոն և ռազմավարական կարողությունների ամրապնդմանը:
Ծրագրի նպատակն է՝ խորացնել քննիչների գիտելիքները միջազգային քրեական իրավունքի և դատավարության վերաբերյալ, օգնել այդ գիտելիքները վերածել արդյունավետ քննչական ռազմավարությունների և գործնական մոտեցումների, ստեղծել փոխադարձ փորձի և գործընկերային ուսուցման հարթակ, աջակցել Հայաստանին՝ միջազգային չափանիշներին և տեղական համատեքստին համապատասխան ինստիտուցիոնալ մոտեցումների ու գործիքների մշակման գործում:
Վերապատրաստման ծրագրի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային հանցագործությունների գործերում ապացույցների ստանդարտներին, պատասխանատվության վերագրմանը և պատասխանատվության ձևերին, վկաների պաշտպանությանը, միջազգային մարմինների՝ մասնավորապես ՄՔԴ-ի և Եվրաջասթի հետ գործնական համագործակցությանը:
Ծրագիրը հնարավորություն է տալիս քննիչներին՝ սովորած հմտությունները կիրառել անմիջապես առկա աշխատանքում, գործնականում աշխատել մենթորների հետ՝ սեփական աշխատանքային միջավայրում, թիմային և գործնական աշխատանքների միջոցով կառուցել ինստիտուցիոնալ հիշողություն:
Կարդացեք նաև
Վերապատրաստման ծրագրի ամփոփման օրը՝ նոյեմբերի 13-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին:
Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին, փորձագետներ Իգնասիո Տրեդիչիին և Գուրգեն Պետրոսյանին՝ Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ և «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացված՝ քննիչների մասնագիտական կարողությունների կատարելագործմանն ուղղված ծրագրի իրականացման համար:
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին՝ արդյունավետ համագործակցության համար և պատրաստակամություն հայտնել նախաձեռնության շարունակականության ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հռոմի կանոնադրության վավերացմամբ Հայաստանի ստանձնած էական հանձնառություններին՝ հատկապես միջազգային հանցագործությունների քննության ապահովման առաջնագծում կանգնած քննիչների համար: Այդ հանձնառությունների ու փոխլրացման սկզբունքի բերումով Հայաստանի քննչական մարմիններն այժմ եզակի դիրք ունեն՝ քննություն իրականացնելու այնպիսի հանցագործությունների վերաբերյալ, որոնք կարող են ենթարկվել միջազգային իրավական գնահատականի:
Քննչական կոմիտեի նախագահն ու Նիդերլանդների դեսպանը ծրագրի շրջանակներում վերապատրաստում անցած քննիչներին հանձնել են հավաստագրեր:
Հարկ է նշել, որ միջոցառումն իրականացվում է Աջակցություն ՀՀ կառավարությանը Հռոմի ստատուտի հետ վավերացման գործընթացներում ծրագրի շրջանակներում Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտե


















































