Նախօրեին Նիկոլ Փաշինյանը ազդարարեց, որ իրենք իրենց համար, այսինքն՝ ՔՊ-ում էթիկայի կանոնագիրք կամ վարքականոնի նման մի բան են հորինել:
Առաջին անգամ չէ, որ Փաշինյանը խոսում է չհայհոյելու, չվիրավորելու, նաև՝ իրենց համատարած ու համակողմանիորեն հայհոյելու, թիրախավորելու և նման բաների մասին: Բայց այս ինչի՜ց է խոսում, ամենից կարևորը՝ ո՞վ է խոսում: Վիրավորելու, հայհոյելու, թշնամացնելու, վարկաբեկելու, պիտակավորելու վարպետների «թիմի ավագը», որ մեր երկրի ու հանրության ամբողջ կյանքը վերածել է Երևանի օդից էլ տոքսիկ միջավայրի, խոսում է… հայհոյանքի անթույլատրելիության կամ չվիրավորելու մասին: Դագաղների կափարիչները ցնծությամբ ճոճելով իշխանության եկածները, մարդկանց դռների առաջ սգո պսակներ դնողներն ու դրանից մի այլ կարգի հրճվանքի մեջ ընկնողները, հանրությանը սև ու սպիտակի բաժանողները խոսում են բարեվարքությունից, բարոյականությունից, վեհից ու գեղեցիկից:
Հարկավ, ՔՊ-ն ազատ է ինքն իր համար ինչ վարքականոն ասես գրելու, այդ թվում՝ էթիկայի: Բայց այնպիսի տպավորություն է, որ իրենք դուրս են եկել իրենց դեմ:
Ներողություն ենք խնդրում մեր ընթերցողից, որը սովոր չէ մեր էջերում նման բաներ կարդալ, բայց ստիպված ենք հիշել հայհոյանքն ու վիրավորանքը մերժելու մասին հայտարարողի արտահայտություններից մի քանիսը. «դոմփել… պատին ծեփել, ասֆալտին փռել… ստահակ, ոջիլ, շնաբարո, դուրսպրծուկ… վնգստալ… պադվալի կռիս… ուրիշ բան թափ տալ… մանկապիղծ… վիզ կտրել, լեզու կտրել, ականջ կտրել…» և այլն, և այլն: Սրանք զուտ փոքրիկ դրվագներ են Նիկոլ Փաշինյանի ու նրան «հավասարեցված անձանց»՝ նրա մերձավոր շրջապատի ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններից, որ անցած տարիներին, նաև այս տարի արվել են ՔՊ-ի ընդդիմախոսների, պարզապես նկատելի գործիչների հասցեին: Արվել են տարբեր իրավիճակներում, տարբեր հանգամանքներում, բայց բոլոր դեպքերում այդ թունավոր ու վիրավորական դրսևորումների հեղինակը, աղբյուրը նույնն է՝ Նիկոլ Փաշինյանը և նրա ցուցումով և «սմս»-ներով՝ իր քպականները:
Կարդացեք նաև
Ի դեպ, հայհոյանքների վերաբերյալ: Մի րոպե, էլի: Փաշինյանն ո՞ւմ նկատի ունի: Ո՞վ է իրեն ու (իրենց) հայհոյում հրապարակային քաղաքական դաշտում: Որքան վերհիշում ենք ու հիշում, հիմնական ընդդիմադիր ուժերը նման բառապաշար չունեն: Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը (նույնիսկ դժվար է պատկերացնել մեր նախկին նախագահներին նման բառապաշարով), ո՛չ հիմնական ընդդիմադիր ուժերի այլ ղեկավարներ: Այո, սարկաստիկ, ծաղրական ու կոշտ բնորոշումներ տվել են, նաև՝ տեղին: Բայց համեմատած այն թույն ու մաղձի հետ, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն տարածել են բոլոր այդ գործիչների, նաև չնշված ուժերի ու անձանց հասցեին, հիշյալ բնորոշումները բավական մեղմ են երևակվում: Նույնը կարելի է ասել նոր ուժերից «Մեր ձևով» շարժման մասին: ՔՊ-ն ու Փաշինյանը, նրանց սատելիտներն ամենօրյա ռեժիմով ինչ ասես, որ չեն ասում Սամվել Կարապետյանի ու «Մեր ձևով» շարժման, այդ թվում՝ Նարեկ Կարապետյանի հասցեին: Բայց «Մեր ձևովը» իր բարձր դիրքը պահում է, չի իջնում այդ մակարդակին ու չի հայհոյում:
Փաշինյանն ու նրա քպական քարոզիչներն ամենակեղտոտ բառերն ու արտահայտություններն են անում Մայր Աթոռի և Վեհափառի հասցեին: Բայց Կաթողիկոսը, Մայր Աթոռը, բնականաբար, օրինակելիորեն զուսպ արտահայտություններով են հակադարձում, թեպետ հանգիստ կարող էին և բանադրանքի ենթարկել:
Չէ, բայց հիմնականը՝ ո՞վ է նման՝ կոյաճահճային բառապաշար օգտագործում, Փաշինյանից ու իր ՔՊ-ից բացի: Երևի մեկ էլ իրենց սատելիտները:
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
«Փաստ»


















































