Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք, ովքեր ասում են՝ Ղարաբաղի հարցը լուծված չէ, նրանք ասում են, որ նոր պատերազմ է պետք»․ Նիկոլ Փաշինյան

Դեկտեմբեր 11,2025 13:52

«Խաղաղությունը հաստատված է, Ղարաբաղի հարցն էլ է լուծված, Ադրբեջանի հարցն էլ, Հայաստանի հարցն էլ, տրանսպորտային կապուղիների հարցն էլ է լուծված, սահմանազատման հարցն էլ է լուծված։ Մնում է մնալ այդ լուծումների շրջանակում և սադրանքների չտրվել ու սադրիչ խոսույթներ չորդեգրել»,- Գերմանիա պետական այցի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ նրանք, ովքեր ասում են, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ, նրանք ասում են, որ նոր պատերազմ է պետք․ «Ասում են՝ Ղարաբաղի հարցը լուծված չէ․ դա նաև ադրբեջանցիներն են տեսնում։ Մի կողմից լսում են, որ մեր ընդդիմությունն ասում է՝ ՀՀ-ում բռնապետություն է, Ադրբեջանն ասում է՝ բա ինչի՞ եթե բռնապետություն է, այս ամենը չեն արգելում, ուրեմն թաքնված օրակարգ ունեն։ Մենք էլ մեր հերթին ասում ենք՝ ինչո՞ւ է Ադրբեջանի կառավարությունը, նախագահական նստավայրը ֆինանսավորում արևմտյան Ադրբեջանի հետ կապված միջոցառումներ, խոսույթներ։ Այս հարցը պետք է լուծվի, մենք մեր ժողովուրդներին հանգիստ ապրելու շանս պիտի տանք։

Որ ասում են Ղարաբաղի հարցը չի լուծվել, դա ի՞նչ է նշանակում։ Էդ մարդիկ մի հատ էլ թիվ են հորինում, ասում են տարաք, յոթ հազար երիտասարդների գլուխը կերաք, բա որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, ի՞նչ եք առաջարկում։ Դա ի՞նչ է նշանակում, որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, բա ի՞նչ է լինելու։ Բա ինչո՞ւ եք զոհերի համար մեղադրում, Ղարաբաղի հարցի շարունակություն նշանակում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր զրկանքներ, նոր շրջափակում իր անկանխատեսելի հետևանքով։ Նրանք, որոնք ասում են՝ Ղարաբաղի հարցը չի լուծվել, ասում են, որ Հայաստանը պետք է նոր պատերազմ անի։ Իրենք էլ ասում են՝ եթե ՀՀ-ում կան ուժեր, որ նոր պատերազմ պիտի անի ՀՀ-ն, Ադրբեջանն ասում է՝ ռազմական բյուջեն պետք է ավելացնենք և արևմտյան Ադրբեջանի խոսույթ առաջ բերում»։

Ըստ Փաշինյանի՝ պետք է պարզ, թափանցիկ ամեն ինչի մասին խոսել․ «Նրանք, ովքեր ասում են, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ, նրանք ասում են, որ նոր պատերազմ է պետք։ Մենք այդ գաղափարին այնքան նվիրված ենք եղել, որ ամեն ինչի գնացել ենք հանուն Ղարաբաղի, բայց այդ ճանապարհին մեր աչքերը բացվում են, մենք շատ բան ենք հասկացել, որը չէինք հասկանում։ Այստեղ սոցիալ-հոգեբանության խնդիր է։ Այդ իմացածն է, որ այսօր արտահայտում ենք իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ, այդ ամենը մեր ձեռք բերած գիտելիքն է։ Մեր նահատակների կյանքի գնով մենք շանս ենք ստացել փոխել մեր ճակատագիրը, բայց ասում ենք՝ չէ։ Մի կողմից մեղադրում են զոհերի մեջ, մի կողմից ասում են նոր զոհեր են պետք»։

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ իր համար վերադարձի թեման վտանգավոր է։ Այնուհետև առաջարկ արեց Ադրբեջանին․ «Հիմա բաց, հրապարակային ուզում եմ Ադրբեջանին անել առաջարկ։ Այդ թեմաներով ինչքանով իրենք խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Առաջարկում եմ համատեղ ճանապարհային քարտեզ ընդունենք։ Ես մեր Ղարաբաղի ժողովրդին էլ եմ ասել։ Ասում են՝ պիտի վերադառնանք, ասել եմ՝ դա իրատեսական չէ։ Մենք այսօր մեծ ծրագրեր ենք անում։ Երկու ուղղություն կա պետպարտքի ավելացման․ մեկը պաշտպանական կապիտալ ծախսերը, երկրորդը՝ ԼՂ տեղահանված մեր ժողովրդի կարիքները։ Երկուսն էլ մեծ ու անհրաժեշտ ծախսեր են։ Մենք այդքան ծախսն անում ենք, որ մարդիկ մնան ՀՀ-ում։ Եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, նշանակում է՝ նորից սկսենք Ղարաբաղյան շարժումը։ Ղարաբաղյան շարժումն ավարտվել է, և իրեն սկսելու փորձերն օգտակար չեն»։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ եկել է այն պահը, որ ի վերջո երկու կառավարությունները՝ ՀՀ-ի և Ադրբեջանի ասելու են՝ թողեք հանգիստ ապրենք․ «Հերիք է վերքերը փորել և վերքերի վրա աղ լցնել։ Պետք է մի օր ավարտվի այդ ամենը, այդ ժամանակը հիմա է։ Ավարտի քաղաքական կամքն արձանագրվել է և պետք չէ անընդհատ վերքերը փորել»։

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031