Աշխարհաքաղաքականությունը իր տեղը զիջում է աշխարհատնտեսությանը․ այս եզրահանգմանն է եկել քաղաքական գիտությունների դոկտոր Մհեր Շահգելդյանը՝ ուսումնասիրելով ԱՄՆ 2025 թվականի ազգային անվտանգության ռազմավարությունը։
Դոնալդ Թրամփի վարչակազմը բավական ուշացումով ներկայացրեց փաստաթուղթը, մինչդեռ այդ ընթացքում եղան ԱՄՆ թե՛ ներքին, թե՛ արտաքին անվտանգությանը վերաբերվող քաղաքական քայլեր։ Ամեն դեպքում, այս փաստաթուղթը հնարավորություն է տալիս հասկանալու՝ Հայաստանի համար առաջիկա հնարավորությունների եւ սպասվելիք դժվարությունների պատկերը՝ Հարավային Կովկասի եւ Մեծ Մերձավոր Արեւելքի հետ ԱՄՆ հարաբերությունների համատեքստում, քանի որ Հայաստանի անվտանգությունը մեծապես պայմանավորված է լինելու աշխարհում անվտանգային հարաբերություններով։
Մհեր Շահգելդյանի գնահատմամբ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացրած ռազմավարությունը բավական տարբերվում է Ջո Բայդենի իշխանության շրջանում ընդունված փաստաթղթից՝ եւ մոտեցումներով, եւ կառուցվածքով։ Մասնավորաբար, Թրամփի մոտեցումներն առավելապես հիմնված են իբրեւ ԱՄՆ-ի ազգային հզորության հիմնական առանցք՝ տնտեսության դիտարկման վրա, որի հիմքով էլ կառուցվում է ԱՄՆ արտաքին քաղաքականությունը։ Փաստաթղթի երկրորդ կարեւոր բաղադրիչն էլ, մեր զրուցակցի կարծիքով այն է, որ Թրամփը բավական մեծ ուշադրություն է դարձնում ԱՄՆ ներքին անվտանգությանը՝ հանցավոր խմբավորումներին, թմրամիջոցների ներկրման հարցերին եւ դրանք դարձնում է արտաքին քաղաքական խնդիրներ։
Փաստաթղթի հաջորդ կարեւոր բաղադրիչը Մհեր Շահգելդյանը համարում է տարածաշրջանների դիտարկումը՝ ԱՄՆ-Չինաստան, ԱՄՆ-ՌԴ հարաբերություններ եւ Հայաստանի համար կարեւոր՝ ԱՄՆ- Մերձավոր Արեւելք հարաբերությունները․ «Չինաստանը, որը Թրամփն իր նախագահության առաջին շրջանում դիտարկում էր իբրեւ հիմնական, գոյութենական սպառնալիք եւ մարտահրավեր ԱՄՆ-ի համար, ինչի արդյունքում էլ Չինաստան-ԱՄՆ տնտեսական հարաբերություններում հաճախ լարվածությունը մեծանում էր, հետաքրքիր է, որ այս փաստաթղթում արդեն Չինաստանը, իբրեւ ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական հակառակորդ, այդ սրությամբ չի դիտարկվում։ Շարունակում է մնալ տնտեսական եւ տեխնոլոգիական մրցակցությունը, սակայն ձեւակերպումները որոշակի մեղմացել են։ ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում էլ նախկին սրությունը՝ ՌԴ-ն իբրեւ ԱՄՆ-ի այսրոպեական վտանգ եւ սպառնալիք, չի դիտարկվում։ Ենթատեքստում շատ մասնագետներ տեսնում են նաեւ ՌԴ-ի հետ հարաբերությունների որոշակի կարգավորման ձգտում, տնտեսական հարաբերություններ հաստատելու եւ այն օգտակար ռեսուրսների հետ կապված ծրագրեր իրականացնելու, որոնցով ՌԴ-ն հարուստ է։ Մրցակցությունը նավթի եւ գազի շրջանակներում մնում է, բայց այլ ոլորտներում համագործակցության ենթատեքստը կա։ Սա մեզ համար հատկապես հետաքրքիր է, որովհետեւ Հայաստանի պատմության ընթացքում միշտ խոշոր բեւեռների կոնֆլիկտը սպառնալիք է եղել»։
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցն էական է համարում նաեւ Թրամփի վարչակազմի մոտեցումը ԵՄ-ին եւ եվրոպական երկրներին․ «Այստեղ հիմնական շեշտադրումը արվում է քաղաքակրթական հարաբերությունների վրա եւ ինչպես ԱՄՆ փոխնախագահ Դի Ջի Վենսը Մյունխենի անվտանգության գագաթաժողովի իր ելույթում քննադատեց եվրոպացիներին, այս փաստաթղթում էլ քննադատություն կա, որ Եվրոպայում ժողովրդավարական, արեւմտյան՝ քրիստոնեական, պահպանողական արժեքներից հետընթաց կա։ Այս տեսանկյունից, հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում եւ սա կարող է ամուր հարթակ դառնալ Եվրոպայում վերելք ապրող աջակողմյան քաղաքական ուժերի համար։ Այս փաստաթղթի հեղինակները քննադատում են նաեւ Բրյուսելի կողմից ԵՄ-ի կառավարումը՝ ասելով, որ ԵՄ-ի տեխնոլոգիական զարգացման համար խնդիրներ են ստեղծում։ Եվրոպական երկրներն, իհարկե, արդեն հակադարձել են այս տեսակետին՝ պահպանելով իրենց մոտեցումը, բայց ակնհայտ է, որ կան տարակարծություններ։ Սա հիմք է տալիս ասելու, որ ստեղծվում է մի աշխարհ, որտեղ մոտակա մի քանի տարիներին քաղաքակրթական մոտեցումները հանդիսանալու են ԱՄՆ նախագահի եւ իշխող քաղաքական ուժի արտաքին քաղաքականության հիմնահարցերից մեկը։ Կարեւոր է, որ մենք սա կարողանանք հասկանալ»։
Ինչ վերաբերվում է ԱՄՆ-Մերձավոր Արեւելք հարաբերություններին, ապա ըստ ԱՄՆ 2025 թվականի ազգային անվտանգության ռազմավարության, ԱՄՆ-ը ավելի պակաս է ներգրավվելու այդ տարածաշրջանում զարգացումների մեջ․ հատկապես շեշտվում է, որ օրինակ, Պարսից Ծոցի երկրները ստեղծել են բարգավաճ եւ աշխատող պետական համակարգեր․ «Միաժամանակ ԱՄՆ-ն ասում է, որ պակասեցնելու իր զինված ներկայությունը Մերձավոր Արեւելքում։ Սակայն, այստեղ երեք հետաքրքիր կետեր կան․ օրինակ, Իսրայելում, ըստ էության, ԱՄՆ-զինված ուժեր կան։ Երկրորդ՝ ԱՄՆ-ի հետաքրքրվածությունը Սիրիայով բավական մեծ է․ հարաբերությունները Սիրիայի նոր իշխանությունների հետ՝ խաղաղության պաշտպանության համր եւ երրորդ՝ Լիբանանում խաղաղության պահպանումը։ Կա նաեւ չորրորդ ուղղությունը՝ Գազայի ծրագիրը, բայց դա առանձին, ըստ իս, լոկալ տարածաշրջանի խնդիրն է։ Նշված երեք ուղղությունները մեզ շատ մոտ են, նաեւ բոլոր տեղերում էլ կան մեծ հայկական համայնքներ, ցավոք, շատերը գնացել են, բայց թե Սիրիայում, թե Լիբանանում դեռ բավականաչափ մեծ համայնքներ ունենք։ Նաեւ՝ երկու երկրներում էլ քրիստոնյա համայնքները բավական լուրջ պաշտպանության կարիք ունեն։ Ես ենթադրում եմ, որ Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ կոնֆլիկտի դեպքում ԱՄՆ-ը միանշանակորեն Իսրայելին կաջակցի ու դա Թուրքիայի համար զսպող դեր է ունենալու․ մանավանդ հիմա, երբ թուրքերը մտել են Սիրիա, հետագայում էլ այդ մասով զսպող գործողություններ լինելու են»։
Այս իրողությունները Մհեր Շահգելդյանի գնահատմամբ, հնարավորություն են տալու հասկանալ Թուրքիայի էքսպանսիոնիստական ուղղությունը։
Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ի ծրագրերին Հարավային Կովկասում, մեր զրուցակիցն ասում է, թեեւ ռազմավարության մեջ այդ մասով հստակ ձեւակերպումներ չկան, բայց երկու ուղղություն հասկանալի է․ «Եթե Թրամփը շեշտադրում է տնտեսական հարաբերությունները, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները նույնպես կդիտարկվեն այդ տեսանկյունից եւ կլինեն ոչ վատ։ Դա նաեւ ելույթների ժամանակ է երեւում։ Ենթադրում եմ, որ ԱՄՆ-ի ներգրավումը տարածաշրջանում՝ ԱՄՆ-ին կվերապահի կոնֆլիկտներից խուսափումն ապահովելու դեր։ Ի դեպ, Թրամփի ընդհանուր քաղաքականությունը, նաեւ վերջերս իր ավագ որդու արած հայտարարությունները այն մասին են, որ իրենք չեն ուզում պատերազմներ և զոհեր,դրա մասին են։ Նաեւ՝ Թրամփն ուզում է ստանալ Նոբելյան մրցանակ՝ խաղաղարար գործունեության համար»։
Այս ամենի համատեքստում, Մհեր Շահգելդյանը կարծում է, որ Հայաստանը հնարավորություններ կունենան․ «Նախ՝ կարողանալ գտնել իր տեղը եւ շունչ չաշել՝ երկարաժամկետ արտաքին քաղաքական ստրատեգիա մշակելու համար։ Երկրորդ՝ հասկանալ թե ինչպիսի՞ տեղ մենք կարող ենք ունենալ, մասնավորապես, Մերձավոր Արեւելքում մեր հայրենակիցներին դիվանագիտական աջակցության համար։ Նաեւ՝ կպատկերացնենք, թե Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մոտավորապես ի՞նչ ուղղվածություն և հնարավորություններ կունենա։ Իբրեւ սրա ածանցյալ, նաեւ հասկանալի կլինի թե Ադրբեջանն ի՞նչ քաղաքականություն կունենա, որովհետեւ Ադրբեջանն առանց Թուրքիայի, կարծում եմ, կտրուկ քայլերի չի գնա։ Այսինքն, եթե կտրուկ փոփոխություններ չեղան, քանի որ Թրամփի արտաքին քաղաքականությունը նաեւ կտրուկ քայլերով է բնութագրվում, ապա մոտակա տարիներին՝ ելնելով ԱՄՆ 2025 թվականի ազգային անվտանգության ռազմավարությունից ու ՀՀ-ում ամերիկյան մի քանի ծրագրերի մասին պայմանավորվածություններից՝ ամերիկյան ներդրումներին ՀՀ տեխնոլոգիական եւ կոմունիկացիոն ոլորտին վերաբերվող, կարելի է ենթադրել, որ դա Հայաստանին շունչ քաշելու հնարավորություն կտա»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































