ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը նշում է. «2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված խաղաղության պայմանագրից հետո նշանակալի զարգացում է արձանագրվել․ Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է պաշտոնական պատասխան՝ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների չկատարված պարտավորությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական հարցման առնչությամբ։
Հաշվետվողականության այս պահանջը առաջ է մղվել Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների, այդ թվում՝ Թիս Ռոյտենի, Նաչո Սանչես Ամորի, Խուան Ֆեռնանդո Լոպես Ագիլարի և Մարի Տուսենի կողմից, որոնք ԵՄ ղեկավարությանը կոչ են արել անդրադառնալ Բաքվում դեռևս պահվող անձանց կարգավիճակին և ադրբեջանական իշխանությունների ընդհանուր մարդու իրավունքների վիճակագրությանը։
Եվրահանձնակատար Կայա Կալլասը վերահաստատել է, որ Եվրոպական միությունը հետևողականորեն կոչ է արել ազատ արձակել և հայրենադարձել հակամարտության հետ կապված բոլոր կալանավորված անձանց՝ հատուկ ընդգծելով Ղարաբաղից ծագող անձանց։ ԵՄ-ն այդ ազատ արձակումները դիտարկում է որպես վստահության ամրապնդման էական միջոցներ և շեշտում է, որ Ադրբեջանը պարտավոր է հարգել իրավական ընթացակարգերը (due process), ինչպես նաև ապահովել պատերազմական հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքների թափանցիկ քննություն»:
ԵՄ բարձր ներկայացուցիչ/փոխնախագահ Կայա Կալլասի պատասխանը՝ Եվրոպական հանձնաժողովի անունից
Կարդացեք նաև
Եվրոպական միությունը հետևողականորեն կոչ է արել ազատ արձակել և հայրենադարձել հակամարտության հետ կապված բոլոր կալանավորված անձանց, այդ թվում՝ Ղարաբաղից, որպես վստահության ամրապնդման միջոց։
ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանին հարգել իրավական ընթացակարգերը (due process) և ապահովել, որ պատերազմական հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ մեղադրանքները քննվեն թափանցիկ կերպով։
ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին՝ բոլոր չլուծված հարցերի շուրջ, և ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը՝ 2023 թ. դեկտեմբերի 7-ին, վստահության ամրապնդման միջոցների վերաբերյալ, այդ թվում՝ գերիների փոխանակման մասին։
ԵՄ-ն նաև խիստ դրական է գնահատել երկու կողմերի կողմից 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երկկողմ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը (initialling), որը կարևոր բեկում է տասնամյակներ շարունակվող հակամարտությանը վերջ դնելու ճանապարհին։
ԵՄ-ն շարունակում է կոչ անել կողմերին պահպանել թափը և ձեռնարկել հետագա քայլեր, որոնք կաջակցեն խաղաղության գործընթացին, այդ թվում՝ հակամարտությունից տուժած կալանավորված անձանց ազատ արձակումը, և պատրաստակամ է աջակցել Վաշինգտոնյան համաձայնությունների իրականացմանը։
Բացի այդ, ինչպես սահմանված է Եվրոպական միության և Ադրբեջանի Հանրապետության միջև գործընկերության և համագործակցության համաձայնագրում, իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքները ԵՄ-Ադրբեջան գործընկերության առանցքում են։
Այս համատեքստում ԵՄ-ն բազմիցս բարձրաձայնել է իր մտահոգությունը անկախ լրագրողների, մարդու իրավունքների պաշտպանների և քաղաքական ակտիվիստների ձերբակալությունների մտահոգիչ աճի վերաբերյալ։
ԵՄ-ն հետևողականորեն կոչ է արել ադրբեջանական իշխանություններին ապահովել, որ նրանց գործողությունները համապատասխանեն ներքին և միջազգային իրավունքի շրջանակում իրենց ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև կոչ է արել ազատ արձակել բոլոր այն անձանց, որոնք բանտարկվել են իրենց հիմնարար իրավունքների իրացման համար։ Այս ուղերձները փոխանցվել են ինչպես հրապարակային, այնպես էլ երկկողմ ձևաչափով՝ բոլոր մակարդակներում։


















































