Տեղի տալով 2016-ի դեմքերն ու դեպքերը վերհիշելու սոցցանցային թրենդին՝ պատմեմ 10 տարի առաջ իմ եւ հորս միջեւ տեղի ունեցած զրույցի մասին։
2016 թվականի ապրիլ կամ մայիս ամիսն էր։ Ապրիլյան քառօրյա պատերազմն արդեն տեղի էր ունեցել։ Ես 10 տարեկան էի եւ դեռ Միացյալ Նահանգների Տեխաս նահանգում էի բնակվում։
Հայաստանի համար իրապես մտահոգված սփյուռքահայերի համար նույնպես մելամաղձոտ օրեր էին։ Մեր տանն այդ օրերին շատ էր քննարկվում Հայաստանի, Արցախի, ընդհանուր քաղաքականության մասին։
Գարուն, բայց մռայլ օր էր։ Հայրս ինձ դպրոց էր ուղեկցում, երբ իրեն հարցրի.
Կարդացեք նաև
– Պապա, բա ադրբեջանցիների մեջ լավ մարդիկ կա՞ն, որ գիտեն, որ Ղարաբաղը Հայաստանինն ա։
– Դժվար, բալես։
Մի քանի վայրկյան տիրած լռության ընթացքում ինձ մոտ այն տպավորությունը ձեւավորվեց, որ թեեւ անհավանական է, բայց կարող են հատուկենտ ադրբեջանցիներ լինել, որ տեղյակ լինեն պատմությունից՝ իմանալով, որ Արցախը հայկական հող է։
– Պապա, իսկ հայեր կա՞ն, որ ասեն, որ Ղարաբաղը Ադրբեջանինն ա, – հաջորդ հարցս էր։
– Չէ, բալես, տենց բան ոչ մեկը չի ասի։
Երկրորդ հարցիս տրված պատասխանը հստակ էր։ Կասկածի տեղ չէր թողնում։ Միամիտիս եզրակացությունն այն էր, որ Հայաստանում որեւէ մեկը որեւէ ժամանակ Ղարաբաղը չէր պատկերացնի որպես ադրբեջանական։
Վերջին տարիներին այս հակիրճ խոսակցությունը մտքիս հաճախ է գալիս։
Կարծում եմ՝ պատճառը ոչ այնքան 2022-ից ի վեր Հայաստանի ղեկավարության վարած պաշտոնական քաղաքականությունն է, ըստ որի՝ «Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետրը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը», այլ այն, որ իշխանության հետ ուղիղ կապ չունեցող սովորական հայերիս մեջ կան մարդիկ, որոնք քիչ չէ՝ վշտացած չեն մեր ժողովրդի զրկանքների գնով ազատագրված Արցախի կորստով, մի բան էլ՝ դա համարում են Հայաստանի ինքնուրույնության ձեռքբերում, կարծես հիմա արդեն ամեն ինչ իր տեղն է ընկել։
Սաստիկ զարմանքով եմ հետեւում այսօրվա հայկական իրականությանը։ Այն, ինչ անհավատալի էր 10 տարի առաջ, այսօր իրականություն է, ցավոք սրտի՝ նախադասության բացասական իմաստով։
Առերեսվե՞լ իրականությանը։ Միանշանակ առերեսվել։ Արձանագրե՞լ, որ Արցախը կորցրինք։ Արձանագրել։ Տեսանելի ապագայում հիմնազուրկ հույսեր չկապե՞լ Արցախի հետ։ Չկապել։
Բայց դրա համար պետք է մոռանա՞լ պատմությունը։ Պետք է մոռանա՞լ, որ փոքրիկ, սակավամիջոց Հայաստանը կարողացավ պաշտպանել Արցախին։ Պետք է մոռանա՞լ պետականաստեղծ պատվար Արցախյան շարժումը։ Պետք է մոռանա՞լ Անկախության հռչակագիրը։
Պատմության ընթացքը շարունակական է եւ անընդհատ։ Արցախյան, անկախական հերոսական էջը պատմությունից հեռացնելով՝ ընդհատում եւ աղճատում ենք պատմությունը։
Հավուր պատշաճի անցյալը, ազգի դեպքում՝ պատմությունը, չուսումնասիրողը դատապարտված է մոլորության՝ հավաքական որոշակի ինքնության ճգնաժամի։ Եթե ոչ պատմության խորքի, ապա գոնե նորագույն պատմության մասին հայերս, մեծահասակ թե երիտասարդ, պարտավոր ենք քաջատեղյակ լինել, որպեսզի ճշգրտորեն ըմբռնենք ներկայի իրողությունները։
Աշխարհաքաղաքացիականները կհակադարձեն, չեն հավատա հավաքական որոշակի ինքնությանը։ Այնուամենայնիվ, այդ հավաքական որոշակի ինքնությունը մեր ենթագիտակցության մեջ է, քանի դեռ հաղորդակցվում ենք նույն լեզվով, որոշակի կապվածություն ունենք հայկական հողի հետ, իսկ մեծամասնությունս էլ նույն դավանանքին ենք պատկանում։
2016-ի այդ մի քանի տողանոց խոսակցության շուրջ վերջերս շատ եմ խորհում։ Այն բազմաթիվ անպատասխան հարցերի ու անավարտ մտորումների առիթ է ինձ համար։
Ուզում եմ, երբ 2036 թվականին վերհիշեմ 2026 թվականի որեւէ դեպք կամ զրույց, արձանագրեմ, որ մեր երկիրն ավելի բարվոք, օրինակելի, մտավոր եւ բարոյական բարգավաճում ապրած եւ դրական առումով նախանձելի վիճակում է, քան այսօր։
Ուզում եմ, որ պատմությունը ըստ արժանվույն գնահատելով կառուցենք մեր ապագան։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.01.2026


















































