Հայ առաքելական եկեղեցին շարունակում է ընդունել իրեն ուղղված բազմաթիվ հարվածները, բայց չի ընկրկում։ Այսպիսին է փորձագիտական հանրույթի տեսակետը Եկեղեցու շուրջ տեղի ունեցողի մասին։ Այո, չի ընկրկում, բայց իր ռեսուրսները շատ հաճախ ծախսում է այս կամ այն պաշտոնյայի հիմնազուրկ հայտարարությունները մեկնաբանելու, զրպարտություններին արձագանքելու վրա։ Իսկ գուցե նպատակն էլ Եկեղեցու՝ ոչ անսպառ ռեսուրսները թուլացնե՞լն է։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն ասում է՝ ակնհայտ է, որ իրավիճակը ողբերգական է: «Որքան էլ շատ գործողություններ մեզ մոտ զավեշտի զգացում կամ ծիծաղ կարող են առաջացնել, սակայն ողբերգական է այն իմաստով, որ հայ ժողովրդի՝ առանց այն էլ սասանված միասնականությունն էլ ավելի է խարխլվում, բաժանարար գծերը շատանում են, ներազգային ատելության նոր առիթներ են ստեղծվում, որը շատ վտանգավոր է առաջիկայում սպասվելիք լուրջ պրոբլեմների, ռազմական զարգացումների ֆոնին։ Տեսնում ենք, որ մութ ամպեր են կուտակվում մեր տարածաշրջանի վրա։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն Իրանի հետ շատ լուրջ բախման, պատերազմի շեմին է գտնվում, և այդ ամենն իր բացասական ազդեցությունը թողնելու է մեր անվտանգության վրա։ Իսկ դրան ընդառաջ տեսնում ենք հայ ժողովրդի խարխլված միասնականությունն առավել ջլատելու, հայ ժողովրդին առավել մասնատելու նպատակաուղղված քայլեր երկրի իշխանությունների կողմից, այն դեպքում, երբ հակառակը պետք է տեղի ունենար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը։
Սողոմոնյանը համոզված է՝ այս քաղաքականությունը խաղաղության մասին չէ։ «Այս քաղաքականության մեջ խաղաղություն բառը պարզապես օգտագործվում է նախընտրական նպատակներով։ Հնարավոր է՝ Փաշինյանին մի քանի ամիս այդ հնարավորությունը տրվում է, գուցե նրան հավաստիացրել են, որ մի քանի ամիս իրեն ձեռք չեն տա, ոչ մի խնդիր չեն ստեղծի իր համար, և այդ ամիսները նա կօգտագործի հենց խաղաղության լոզունգով իշխանության գալու համար՝ ժողովրդին շարունակ խաբելով, որ ինքը խաղաղություն է բերելու։ Իսկ դա ապացուցելիս նա պարզապես կվկայակոչի՝ տեսեք, սահմանին հանգիստ է, բախումներ տեղի չեն ունենում, վերջ, ես բերել եմ խաղաղություն։ Երկու տարբերակ կա իրադարձությունները դիտարկելու։ Եթե դրանց նայում ենք միայն բնազդներով, զգայարաններով, այսինքն՝ չենք տեսնում կրակոց կամ չենք լսում պայթյուն, ուրեմն դա նշանակում է խաղաղություն։ Բայց մարդուն, բացի զգայարաններից, նաև խելք, բանականություն է տրված, որպեսզի նա իրադարձություններին ոչ միայն զգայարաններով մոտենա, այլ նաև վերլուծելով, խելքով։
Երբ խելքով ենք մոտենում այս իրադարձություններին, տեսնում ենք, որ խաղաղության շանսեր գոյություն չունեն այսպիսի քաղաքականության պայմաններում, երբ ներքին դաշտն ամբողջությամբ պառակտված է, բարոյալքված, տիրում է ներազգային ատելություն, տեղեկատվական անվտանգության ապահովման տարրական միջոցառումներ չեն կատարվում, երբ ժամկետային զինվորական ծառայությունը կրճատվում է, երբ թշնամուդ ռազմական ծախսերի աճին զուգահեռ քո ռազմական ծախսերը կրճատվում են, երբ նշանակալի ներդրումներ չեն կատարվում ռազմական արդյունաբերությունը կտրուկ զարգացնելու ուղղությամբ, երբ, որպես երկիր, փաստացի չունես դաշնակից, որը սպառնալիքի դեպքում մեծ պետությունների և քո միջև կարող է միջնորդի դեր կատարել»,- հավելում է նա։
Կարդացեք նաև
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































