Տեղեկացրել ենք, որ մարտի 9-11-ը Ստրասբուրգում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Նախարարների կոմիտեի մարդու իրավունքների հարցերով 1533-րդ հանդիպման ընթացքում քննարկվել է ընդդեմ Հայաստանի և Ադրբեջանի մի շարք գործերով վճիռների կատարման գործընթացը։
«Մակուչյանն ու Մինասյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» գործով Նախարարների կոմիտեն արձանագրել է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են չվերսկսել երկխոսությունն ու համագործակցությունը տվյալ գործի կատարման հարցում՝ լուրջ մտահոգությամբ նշելով որևէ շոշափելի առաջընթացի բացակայությունը և պատասխանող պետության կողմից վերահսկողության գործընթացից երկարատև անգործությունը։
Նախարարների կոմիտեն իր որոշմամբ մասնավորապես ամրագրել է․ «Նախարարների կոմիտեն վճռականորեն վերահաստատում է իր կոչը Ադրբեջանի իշխանություններին՝ առանց հետագա հապաղման վերսկսել կառուցողական երկխոսությունը Կոմիտեի և Քարտուղարության հետ և կատարել Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն իր պարտավորությունը՝ լիարժեք, արդյունավետ և անհապաղ կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները բոլոր այն գործերով, որոնցում Ադրբեջանը հանդիսանում է կողմ»։
Նշենք, որ «Մակուչյանն ու Մինասյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» գործն առնչվում է Ադրբեջանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը:
Կարդացեք նաև
Նախարարների կոմիտեն հիշեցնում է Ադրբեջանի իշխանություններին իրականացնել իր ստանձնած պարտավորությունները՝ կատարել ՄԻԵԴ վճիռները։
Նախարարների կոմիտեն, ընդգծելով Ադրբեջանի կողմից իրականացված խախտումների լրջությունը, ափսոսանքով արձանագրում է Ադրբեջանի իշխանությունների լռությունը մի քանի նիստերի ընթացքում և ՄԻԵԴ այս վճռի կատարողականում շարունակվող առաջընթացի բացակայությունը։
Նախարարների կոմիտեն այս գործով միջանկյալ բանաձև է ընդունել ու նշել․ «Կրկին կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել, որ ապագայում ցանկացած գործողություն՝ ուղղված քրեական պատժից ազատվելու կամ անձին անպատժելիություն շնորհելու, իրականացվի Կոնվենցիայի պահանջներին լիովին համապատասխան, մասնավորապես՝ հաշվի առնելով մարդու իրավունքների խիստ խախտումների համար անպատժելիության դեմ պայքարի պարտականությունը, ինչպես նաև՝ երաշխավորել, որ ծանր հանցագործությունների համար դատապարտված որևէ անձ չպետք է կարողանա զբաղեցնել պետական պաշտոն։ Հիշեցնելով, որ 2023թ. իշխանությունները տեղեկացրել էին հանձնաժողովին՝ ներքին օրենսդրությամբ սահմանված երաշխիքների և նախատեսվող օրենսդրական փոփոխությունների մասին՝ ուղղված էթնիկ ատելությամբ պայմանավորված հանցագործությունների կանխմանը և դրանց դեմ պայքարին, ինչպես նաև Ադրբեջանի համագործակցության մասին Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի (ECRI) հետ՝ հորդորեցին իշխանություններին անհապաղ արձագանքել հորդորին՝ կատարել օրենսդրական հետագա փոփոխություններ՝ հատկապես քրեական օրենսդրության բոլոր հակառասիստական և հակախտրական դրույթներում հստակ ընդգրկելով հիմքեր, ինչպիսիք են՝ մաշկի գույնը, լեզուն, քաղաքացիությունը և էթնիկ ծագումը, ինչպես նաև խթանել հաշտեցման միջոցառումները՝ նպատակ ունենալով վերացնել թշնամությունը ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև»:
Նախարարների կոմիտեն հորդորում է Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ներկայացնել տեղեկատվություն առկա չլուծված հարցերի վերաբերյալ և որպես ժամկետ սահմանում առավելագույնը 2027-ի Նախարարների կոմիտեի մարտի նիստը։
Նախարարների կոմիտեն նաև արձանագրելով, որ պահանջվող անհապաղ միջոցները բազմիցս հիշեցվել են Կոմիտեի կողմից, կրկին կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ առանց հետագա հապաղման ձեռնարկել քայլեր՝ Նախարարների կոմիտեի պահանջների կատարման ուղղությամբ։
Ըստ Նախարարների կոմիտեի՝ չնայած 2023-ին Ադրբեջանի իշխանությունների կողմից տրված հավաստիացումներին, ծախսերի և փոխհատուցման վճարումը չի հաստատվել։ Նախարարների կոմիտեն հորդորում է՝ Ադրբեջանի իշխանությունները պետք է կատարեն իրենց անվերապահ պարտավորությունը՝ ապահովելու այդ վճարումը։
Նախարարների կոմիտեն նաև պահանջում է, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կայքից պետք է անհապաղ հեռացվեն Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու և հանցագործին ազատ արձակելու օգտին ներկայացված նամակները, որոնք չնայած Ադրբեջանի իշխանությունների հավաստիացումներին՝ շարունակում են հասանելի լինել։ Նախարարների կոմիտեն նաև շեշտել է, որ ինչպես նախկինում նշվել է որպես մարդու իրավունքների լուրջ խախտման կատարող, Ռամիլ Սաֆարովը չպետք է շարունակի իրավասու լինել զբաղեցնել պետական պաշտոններ։ Ադրբեջանի իշխանությունները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ այս առնչությամբ։
Ինչպես հայտնի է, ՄԻԵԴ-ն իր որոշմամբ հաստատել է, որ Ռամիլ Սաֆարովին՝ ծառայողական կարգով ներում շնորհելը, նրա անմիջական ազատ արձակումը և տրամադրված լրացուցիչ արտոնությունները հանդիսացել են նրա գործողությունների հետագա «հավանություն» և «հաստատում» տարբեր պետական մարմինների և պետության բարձրագույն պաշտոնատար անձանց կողմից։ Նախարարների կոմիտեն ևս մեկ անգամ վերահաստատում է իր որոշումը․ «Ադրբեջանի իշխանությունները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը «այլ արտոնությունների» չեղարկման վերաբերյալ (օրինակ՝ հետին ամսաթվով Ռամիլ Սաֆարովին աշխատավարձի վճարումը և Բաքվում բնակարանի տրամադրումը)»։
Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման արձանագրմամբ՝ Նախարարների կոմիտեն խորը ափսոսանք է հայտնել՝ կապված Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու և անձեռնմխելիության միջոցների համապատասխանության վերաբերյալ՝ իր բազմակի հարցումներն անարձագանք թողնելու հարցով։
Կապված Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտման հետ՝ Նախարարների կոմիտեն իր՝ 2026-ի մարտի 11-ին կայացրած որոշմամբ արձանագրել է․ «Հաշվի առնելով ՄԻԵԴ եզրակացությունները՝ ըստ որոնց Ռամիլ Սաֆարովի՝ փաստացի անպատժելիությանը հանգեցրած միջոցները, զուգորդված նրա կողմից կատարված առանձնապես դաժան ատելության հանցագործության հերոսացմամբ, որը ուղղակիորեն կապված էր տուժածների հայկական ծագման հետ, Կոմիտեն կրկին խստորեն հորդորում է Ադրբեջանի իշխանություններին դիտարկել օրենսդրական բարեփոխումներ և հաշտեցման միջոցառումներ՝ հայերի նկատմամբ թշնամանքը հաղթահարելու և վերացնելու նպատակով։ Նման քայլերի կարևորությունը լրացուցիչ ամրապնդվում է վերջին միջազգային գնահատականներով»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































