Բառերի արգելքն այս դեպքում գալիս է Թուրքիայից եւ Ադրբեջանից
Եվ այսպես, Փաշինյանի իշխանությունն արգելք է դրել «Արցախ» բառի վրա՝ համարելով, որ դրա կիրառումը հասարակական միջավայրում հավասարազոր է պատերազմի կոչի: Առայժմ դրա համար նախատեսված չէ ուղիղ քրեական պատասխանատվություն, սակայն «Արցախ» անունն արտաբերելը հիմք է տալիս նրան բարձր եվրոպական ամբիոնից հայտարարելու, որ մի շարք հոգեւորականներ միացել են պատերազմի կուսակցությանը: Դա, իր հերթին, հիմնավորվում է նրանով, որ պատարագի ժամանակ հնչում է այդ՝ Ալիեւի եւ Փաշինյանի համար ատելի տեղանունը: Դրանով, նույն այդ ամբիոնից, անուղղակիորեն հիմնավորվում են հոգեւորականների հանդեպ ռեպրեսիաները:
Ինչու են ավտորիտար ռեժիմների ժամանակ արգելվում բառերը: Շատ պարզ. մարդիկ մտածում են լեզվի միջոցով՝ այլ կերպ մենք չենք կարող մտածել: Ջորջ Օրուելն իր «1984» վեպում նկարագրում է, թե ինչպես են Օկեանիայում արգելվում որոշ բառեր, օրինակ, «ազատություն» բառը. որպեսզի հնարավոր չլինի միտք ձեւակերպել դրա մասին: Հենց դրա համար էլ այդ երկրում ստեղծվում է «նորալեզու» (newspeak), որը շատ ավելի պարզունակ է ու միանշանակ, եւ ժամանակի ընթացքում պետք է փոխարիներ սովորական անգլերենին:
Մեկ այլ անգլիացու՝ Օլդոս Հաքսլիի հակաուտոպիայում («Չքնաղ նոր աշխարհ») անպարկեշտ էին համարվում «հայր» եւ «մայր» բառերը, որովհետեւ երեխաներն աճեցվում էին լաբորատոր պայմաններում: Սեփական ծնողներին, սեփական արմատները չիմանալը մարդուն դարձնում է ռեժիմի բութ, բայց չափազանց «երջանիկ» գործիք իշխանավորների ձեռքում: Մոտ 100 տարի առաջ արված Հաքսլիի այդ «մարգարեությունն» ուղիղ կապ ունի այսօրվա ՔՊ-ականների հետ, որոնց ինքնությունը, կարծես, ձեւավորվել է մի քանի շաբաթանոց արեւմտյան workshop-երի ժամանակ:
Կարդացեք նաև
Հակաուտոպիաների հեղինակներն իրենց «կանխատեսումները», բնականաբար, օդից չէին վերցրել՝ նրանք, կարելի է ասել, ամփոփել էին այն միտումները, որոնք առկա էին իրենց հասարակություններում եւ նույնիսկ որոշ չափով մարմնավորում էին ստացել նացիստական Գերմանիայում եւ Խորհրդային Միությունում:
Բոլշեւիկներն արգելել էին հրապարակային խոսքում օգտագործել «սով», «գործազրկություն», «աղետ» բառերը, եթե խոսքը խորհրդային իրողությունների մասին էր: Իսկ ըստ Երրորդ Ռայխի նացիստների՝ գերմանացիների բառապաշարում չպիտի լինեին «ճգնաժամ», «պարտություն» եւ «ժողովրդավարություն» բառերը:
Կան պակաս հայտնի դեպքեր: Չաուշեսկուի Ռումինիայում անցանկալի բառերի շարքում էին «աղքատություն» եւ «դեֆիցիտ» բառերը՝ դրանով պետք է ստեղծվեր բարգավաճ երկրի պատրանք՝ այն պարագայում, երբ խորացող ճգնաժամն ակնհայտ էր: Լրագրողներին «խորհորդ էր տրվում» չօգտագործել նաեւ «ձմեռ» բառը. բանն այն է, որ ձմռանը քաղաքներում ջեռուցման պարբերական խափանումներ էին տեղի ունենում:
Պինոչետի Չիլիում կասկածելի էր «ընկեր» (compañero) բառը, որն ինչ-որ «ձախ», մարքսիստական հայացքներ էր ակնարկում: Իսկ երբ Արգենտինայում իշխանության եկավ ռազմական խունտան, արգելեց «անհետացած» (desaparecidos) բառը՝ հենց այն պատճառով, որ ռեժիմի համար ոչ հաճելի մարդիկ հաճախ էին անհետանում:
Պուտինյան Ռուսաստանում «պատերազմ», «ներխուժում», «ագրեսիա» բառերը, որոնք ճշգրտորեն են բնութագրում այդ երկրի գործողություններն Ուկրաինայի դեմ, ոչ միայն պարզապես արգելված են՝ դրանք կիրառելու համար մարդիկ ազատազրկվում են:
Բառերի տաբուների բոլոր նկարագրված դեպքերն, իհարկե, սարսափելի են: Բայց սարսափը բազմապատկվում է այն դեպքում, երբ արգելքը գալիս է ոչ թե երկրի ներսից, այլ հարեւան պետություններից: Մերը հենց այդ դեպքն է: Ոչ մի կասկած չունեմ, որ հաջորդ արգելված բառը կլինի «ցեղասպանությունը», քանի որ այն նույնպես վիրավորական է Թուրքիայի եւ Ադրբեջանի համար:
…Իսկ հետագայում, եթե Փաշինյանի ռեժիմը «կանոնիզացվի», մենք փոխառելու ենք Հյուսիսային Կորեայի փորձը: Այնտեղ արգելված է ասել պարզապես՝ Կիմ Չեն Ըն, պետք է թվարկել նրա բոլոր պաշտոնները եւ ավելացնել առնվազն՝ «սիրելի առաջնորդ»: Այնպես որ, ՔՊ-ի վերարտադրության դեպքում Փաշինյանին, հավանաբար, անվանելու են Խաղաղություն Բերած Մեծն Ստրատեգ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.03.2026


















































