«Բոլոր ամիսների աշխատավարձերը վճարված են, բժշկական կենտրոնը նորմալ աշխատանքային ընթացքում է, նշանակված է նոր ժամանակավոր պաշտոնակատար։ Մեր կողմից, իմ խորհրդականի կողմից ուղիղ վերահսկողության տակ է, որեւէ մասով խնդիր չունենք։ Մեր կողմից իրավապահ մարմինների հետ հետեւողական աշխատանքը գնում է, այս գումարները պետք է վերադարձվեն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով Վեդիի հիվանդանոցում ստեղծված իրավիճակի մասին հարցին։
Հիշեցնենք, հիվանդանոցի գլխավոր բժիշկը բուժանձնակազմի մի քանի ամիսների աշխատավարձը տանուլ էր տվել խաղատանը։
Իսկ բուն դեպքի առիթով էլ Անահիտ Ավանեսյանն ասաց․ «Կա քրեական գործ, կարծում եմ, սա իսկապես լրջագույն խնդիր է։ Մենք հիմա վերանայում ենք, ընդհանուր առմամբ, մեր բոլոր հիվանդանոցներում տնօրենների տեխնիկական, բանկային, ֆինանսական հոսքերի վերահսկման հավելյալ մեխանիզմները։ Ինչպես տեսնում ենք, պարզվում է, որ նման անհնար երեւույթը, ցավոք սրտի, տեղի է ունեցել»։
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ առողջապահական համակարգում բուժանձնակազմի աշխատավարձերի ընդհանուր հարցերով, քանի որ բժշկական ապահովագրական համակարգի ներդրումից հետո խնդիր էր առաջացել եւ նախորդ երկու ամիսներին բավական պակաս աշխատավարձեր էին ստացել բուժաշխատողները։
Կարդացեք նաև
Անահիտ Ավանեսյանն ասաց՝ խնդիրը հարթված է, այս ամիս արդեն պակաս տրված աշխատավարձերը փոխանցվել են։ Իսկ ընդհանուր առմամբ, հայտարարեց, որ ապահովագրական համակարգի ներդրումից հետո բուժաշխատողների, մասնավորաբար նեղ մասնագետների աշխատավարձերի վերանայում է լինելու՝ պայմանավորված այցելուների թվաքանակի կրճատումներով եւ ավելացումներով։ Այդ հարցերն իրենք առաջիկայում կքննարկեն բժշկական համայնքի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































