ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների միջնորդությունը՝ վերացնելու նրա տնային կալանքը կամ փոխելու խափանման այս միջոցը։
Դատարանը, սակայն, որոշեց Միքայել Սրբազանին թույլատրել Շիրակի թեմի առաջնորդանիստ եկեղեցում՝ «Սուրբ Աստվածածին Յոթ վերքում» մասնակցել կիրակնօրյա պատարագներին ու ճրագալույցի պատարագին՝ սկսվելու ժամից մինչև ավարտը։ Դատարանի մեկնաբանմամբ, նա կարող է ներկա գտնվել․ պատարագ մատուցելու իրավունք չի տրվում։ Դատարանը բացի այս սահմանափակումից, անփոփոխ թողեց տնային կալանքի բոլոր մյուս սահմանափակումները։
Կարդացեք նաև
Նշենք, սակայն, որ այսօրվա դատարան միջնորդություն էին ներկայացրել նաև Շիրակի թեմի հավատավորները, նրանք դատարանից պահանջել էին հարգել իրենց հոգևոր պահանջմունքները։
Երկու օրվա ընթացքում Շիրակի թեմի 261 հավատացյալներ ստորագրել էին դատարանին ուղղված դիմում-միջնորդության տակ, որտեղ խոսվում էր այն մասին, որ Միքայել Սրբազանը, լինելով բարձրաստիճան հոգևորական, առաջնորդելով Շիրակի թեմը, 8 ամսից ավելի չի կարողանում կատարել իր թեմական պարտականությունները, որի պատճառով հավատացյալները չեն կարող բավարարել իրենց հոգևոր պահանջմունքները։
Նրանք դժգոհել էին, որ Միքայել Սրբազանը տնային կալանքի տակ է՝ սահմանափակումներով, զրկված է նույնիսկ ժամերգություններին ու պատարագներին մասնակցելու հնարավորությունից։ Ըստ նամակագիրների, նրան հավատացյալ հոտից զրկելը բացասաբար է անդրադառնում Շիրակի թեմի հավատացյալների վրա․ տուժում է իրենց կրոնական պահանջմունքները բավարարելու սահմանադրական իրավունքը։
Փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանին ներկայացրեց հավատացյալների այս դիմում-միջնորդությունը՝ ասելով, որ ստորագրահավաքի մասին հրապարակային որևէ տեղեկատվություն չի տարածվել, այլ հավատացյալները ներքին կարգով իմանալով, որ նման բան կա, եկել ու միացել են միջնորդությանը։
Շիրակցիները, շարադրելով, թե ինչ վատ ազդեցություն ունի Միքայել Սրբազանի տնային կալանքի տակ գտնվելը կրոնական համայնքի վրա, դատարանին խնդրել էին հոգևոր առաջնորդին թույլատրել մասնակցելու «Սուրբ Աստվածածին Յոթ վերք» եկեղեցու ծիսակարգերին, առավոտյան և երեկոյան ժամերի ժամերգություններին։
Ըստ Երեմ Սարգսյանի, այս դեպքում գերակշռում է հանրային շահը։
Ըստ էության, դատարանը բավարարեց միայն Միքայել Սրբազանի՝ կիրակնօրյա պատարագներին ներկա գտնվելը։
Փաստաբանները խափանման միջոցը վերացնելու կամ փոխելու միջնորդության հիմքում շեշտադրում էին այն, որ եթե Միքայել Սրբազանը պատժի կրման պայմաններում լիներ, ապա պատժի կրման ժամկետի 1/3-րդ արդեն ավարտվել է։ Ըստ նրանց, եթե նա նույնիսկ պատժի կրման ընթացքում լիներ, վաղաժամկետ ազատման հնարավորություն կունենար։
Փաստաբաններից Երեմ Սարգսյանը ուշադրության հրավիրեց Միքայել Սրբազանի դրսևորած պատշաճ վարքագծի վրա՝ հիշեցնելով, որ խափանման միջոցը նրա համար է, երբ դատարանը կանխատեսում է, որ նա կարող է հանցանք կատարել։
Դատախազն առարկեց՝ նշելով, թե փաստաբանները որևէ նոր հանգամանք չեն մեջբերում, այլ խոսում են միայն կալանքի տևողությունից։
Ի պատասխան նրա, փաստաբաններից մեկը մեջբերեց Եվրոպական դատարանի կայացրած նախադեպային որոշումներից մի օրինակ, որը վերաբերում էր Մոլդովային։
«Ինչքան երկար է կալանքը, այնքան ավելի համոզիչ պետք է լինեն դրա պահպանման պատճառները», -նշված էր Եվրոպական դատարանի որոշման մեջ։
Այդուհանդերձ դատարանն անդրդվելի էր․ Սրբազանը կշարունակի մնալ տնային կալանքում։
Փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում՝ անդրադառնալով Միքայել Սրբազանի՝ պատահարներին մասնակցելու, բայց ոչ անցկացնելու իրավունքին, ասաց, որ դա Շիրակի թեմի առաջնորդի համար ամենաուժեղ պատիժն է։
«Իր ամբողջ կյանքը նվիրված է հոգևոր ծառայությանը և նրան զրկել հոգևոր ծառայությունից, դա բավական լուրջ խնդիր է իր համար, ավելի մեծ պատիժ է, քան ազատազրկման մեջ գտնվելը»,- ասաց Երեմ Սարգսյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիայի»


















































