Լրահոս
Օրվա լրահոսը

Բա լա՞վ էր, որ նախկինները․․․

Մարտ 18,2026 23:03 Share

Թևակոխել ենք մի այնպիսի խելակորույս ժամանակաշրջան, որ արդեն չենք էլ հասցնում հետևել իրադարձությունների անկանխատեսելի ընթացքին։ Այսօր թվում է, թե յուրաքանչյուր սթափ մտածող, տրամաբանող մարդ պետք է, որ թեկուզ ինքն իր համար, իր ժառանգների համար, խիստ պատասխանատու և վճռական որոշումներ կայացնի՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանությունը և հավանականությունը, մեր կյանքում տեղի ունեցած և ընթացքում գտնվող փոփոխությունները, մեզ պատահած բոլոր փորձությունները։

Ցավոք, վկա ենք լինում մի տխուր փաստի, երբ մարդիկ կարծես թե կորցրել են այն առողջ բանականությունը, որով էլ հենց որպես մարդ են բնութագրվում։

Երբ որևէ առիթով ու որևէ տեղ խոսվում է մեր երկրի մեջ տեղի ունեցած և դեռևս շարունակվող բազմաշերտ ու բազմաշարք կորուստների, ձախողումների, սխալների մասին, հաճախ հնչում են հետևյալ արտահայտությունները, թե բա լա՞վ էր, որ նախկինների ժամանակ անում էին այս կամ այն ապօրինությունները կամ զանազան այլ բաներ, կարծես թե, եթե նախկինները արել են այդ ամենը, ուրեմն ներկաներն էլ հանգիստ իրավունք ունեն կրկնելու։

Այսպես կոչված մարդ արարածների բերաններում կարծես թե հոտած ու նեխած, բազմիցս ծամված մի ծամոն կամ, ավելի ճիշտ, ձյութի մի կտոր է դրված, և նրանք տեղն եկած պահին հիշում են, որ պետք է դա որոճան։ Թե՛ ներկաները, թե՛ նախկինները շատ լավ են դա հասկացել և պարբերաբար թարմացնում են մարդկային այդ տեսակի հիշողությունը, որպեսզի նրանք չմոռանան ու որևէ լուրջ արմատական եզրահանգում կատարելու փոխարեն նորից այդ ծամոնը ծամեն ու ստամոքսահյութի նոր պարապ արտադրություն ունենան, ինքնաբավության ու ինքնագոհության պատրանքների մեջ հայտնվեն։

Նախկիններն ու ներկաները միասին՝ որպես մի թիմի տարբեր ֆունկցիաներ կատարող խաղացողներ, իրենց դիվական առաջադրանքն են կատարում մեր ժողովրդի որոշակի շերտերի մեջ։ Երբ թվում է, թե ահա ուր որ է ի հայտ են գալու նոր ու թարմ քաղաքական ուժեր, որոնք հին խնդիրներին նոր լուծումներ առաջարկելու պոտենցիալ ունեն, հենց այդ ժամանակ արենայում հայտնվում են բազմիցս վարկաբեկված նախկինները, մի երկու խոսք են ասում, նրանց էլ բուռն կերպով հակադարձում են ներկաներն, ու ամեն ինչ նորից դառնում է ի շրջանս յուր։

Տասնամյակներ շարունակ մեր հանրությանը վարժեցրել են ընտրություն կատարել ոչ թե լավերից լավը, այլ չարյաց փոքրագույնը գտնելու մղումով, արդյունքում էլ միշտ ունենում ենք հերթական չարիքը մեր պատմության մեջ։ Ամեն ընտրության ժամանակ հինգ հազար դրամների հերթ կանգնած յուրաքանչյուր ընտրող՝ իր վախերով պարուրված ու իր հոգու խորքում ատելով այդ դրամները բաժանողներին, գուցե նաև իրեն նվաստացած ու նսեմացած զգալով, բայց և այնպես մասնակցել է այդ ընտրապատրանքին։ Եվ երբ նրանց դուխ տվեցին ու հպարտության սիճուկ ներարկեցին, նրանք դարձան յուրովի նարկոմաններ և, ինչպես հատուկ է այդպիսի կախվածություն ունեցողներին, պարբերաբար հայտնվում են այսպես կոչված «լոմկայի» մեջ և նորից իրենց դոզայի կարիքն են զգում։

Առաջիկա ընտրությունների նախաշեմին բոլոր մտահոգ ու թեկուզ մի քիչ երկրի ապագայով անհանգստացած ամեն հայ մարդ պետք է իրեն հաշիվ տա, թե ինչ հայրենիք ենք ուզում ունենալ, ինչ երազանք ենք ուզում իրականություն դարձնել, քանի որ, ինչպես Աստվածաշնչում է նշված, առանց երազանքի ու առանց տեսլականի ազգն ու ժողովուրդը ապագա չի ունենում։

Առավել ցավալի է, երբ տեսնում ենք, թե ինչպես են խայծը կուլ տվել իրենց հավատացյալ քրիստոնյա կարծող ու ներկայացնող մարդիկ, ովքեր պատարագների գնալով, Աստվածաշունչ Մատյանը կարդալով կամ լսելով, ՏԻՐՈՋ Ամենասուրբ և Կենարար Մարմնին ու Արյանը հաղորդվելով՝ միևնույն է իրենց միակ ՏԻՐՈՋԸ մոռացած, Մայր Եկեղեցուց հեռացած սկսում են նետվել այս կամ այն քաղաքական, աղանդավորական և պետական գործիչների գիրկը, խոսում են տարբեր կողմնորոշումների լավ կամ վատ լինելու, մեզ բարեկամ կամ թշնամի պետություններին ապավինելու կամ հակադրվելու մասին՝ առանց գիտակցելու, որ ՏԻՐՈՋՆ անվերապահ ապավինելու դեպքում հենց ՆԱ մեզ համար ի հայտ կբերի հավանական օգնական, սատարող և աջակցող ուժերին՝ կամ մարմնավոր, կամ էլ հոգևոր տիրույթից։ Աստվածաշունչը մեզ երկընտրանք չի թողնում ապավինության հարցում․

«Թող անիծյալ լինի այն մարդը, որ իր հույսը կդնի մարդու վրա՝ ապավինելով նրա մարմնին ու բազկին, իսկ նրա սիրտը կապստամբի ՏԻՐՈՋ դեմ»։ (Երեմիա 1։5)

Եկել է ժամանակը, որ ձևավորվող Ազգային ժողովը մի օրենք ընդունի, որով կպարտադրի, որ պետական բարձր պաշտոնի հավակնող յուրաքանչյուր անձ, բացի բազմաթիվ այլ փաստաթղթերի առկայությունից, ներկայացնի նաև իր հոգեկան առողջության մասին բժշկական տեղեկանք առ այն, որ ինքը երբևէ չի տառապել հոգեկան հիվանդության՝ ասենք շիզոֆրենիայի որևէ տեսակով, չունի գենետիկ ժառանգական որևէ բարդույթ, ինչպես նաև ազգային պատկանելությունը ներկայացնող գենետիկական տեղեկանք։ Թե չէ վերջին տասնամյակներում մենք մի քանի այդպիսի նախադեպերի վկաները եղանք և կանք, երբ մեր երկրում ամենաբարձր աթոռները զավթեցին հոգեկան հիվանդներն ու ապազգային տարրերը։

Զարմանալի է, մի՞թե այդքան կարճ է մեր ազգի հիշողությունը, որ ուզում է կրկին ընտրություն կատարել նախկին և ներկա խաբեբաների ու աղբերի միջև և նորից հայտնվել արդեն մի քանի անգամ նույն կեղտաջրով փոսի մեջ ընկածի վիճակում։ Չէ՞ որ մեր ազգը մարդկությանն ապացուցել է բազմիցս, որ ունի բանիմաց ու ազգանվեր բազում անհատներ։

Ուշքի եկե՛ք, քույրեր ու եղբայրներ ի ՔՐԻՍՏՈՍ, չէ՞ որ ՏԷՐԸ մեզ զգուշացրել է․

«Դո՛ւք եք երկրի աղը, սակայն եթե աղն անհամանա, ինչո՞վ այն կաղվի, այնուհետև ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի»։ (Մատթեոսի 5։13)

Իսկ ընտրություններ կատարելիս Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր անգնահատելի ծառայությունը կարող է մատուցել ժողովրդին, եթե առաջնորդվի ՏԻՐՈՋ կողմից իրեն վերապահված Աստվածաշնչյան այն պատվիրանով, որում ասված է․

«Եվ իմ ժողովրդին թող սովորեցնեն ընտրություն կատարել սրբի ու պղծվածի, անարատի ու արատավորվածի միջև»։ (Եզեկիել 44:23)

Եվ եթե այսպես չսովորեցնեն, ժողովուրդը կտրվի հաճելի ստին ու կսիրի սուտը, որովհետև դա իրեն անգործունեության, ինքնախաբեության և ինքնաարդարացման մեջ կգցի, իբրև թե իր հետ պատահած ձախողումների, կորուստների և փորձանքների համար ինքը մեղավոր չէ, այլ մեղավորները նրանք են, ովքեր խաբել են իրեն․ մենք սովոր ենք մեղքն այլոց վրա բարդել։

Այսպիսով, Տաճարը, Եկեղեցին պատասխանատվություն է կրում այս վիճակի համար, չէ՞ որ, եթե ուսուցիչը չսովորեցնի աշակերտին, ինչ բարոյական իրավունք կունենա նրանից գիտելիք պահանջել ու գնահատել։

«Ուրեմն՝ աղաչում եմ երեցներին, ես էլ նույնպես լինելով երեց ու վկա ՔՐԻՍՏՈՍԻ չարչարանքների և մասնակից գալիք փառքի հայտնության․ արածեցրե՛ք ԱՍՏԾՈՒ այդ հոտը, որ ձեզ է հանձնված, վերակացու լինելով ոչ թե հակառակ ձեր կամքին, այլ՝ հոժարակամ, ըստ ԱՍՏԾՈՒ․ ոչ թե շահախնդրությամբ, այլ՝ հոժարությամբ․ ոչ թե տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հոտին, որպեսզի, երբ Հովվապետը երևա, փառքի անթառամ պսակն ընդունեք»։ (Ա Պետրոս 5:1-4)

Աշոտ Հունանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031