ԱՄՆ նախագահի թիմում Իրանի պատերազմի վերաբերյալ կա երկու տարբեր կարծիք: Թրամփի սպոնսորները, տնտեսական վերնախավի որոշակի մասը վստահ է, որ պատերազմը պետք է շարունակել: Դրդապատճառները պարզ են. խոշոր բիզնեսմեններին հետաքրքրում է փողը, որը շաղկապված է նավթի հետ: Ինչպես եւ Վենեսուելայի դեպքում, նավթի «տեղաշարժերի» վերահսկումը մեծ եկամուտներ է խոստանում եւ այս դեպքում նաեւ՝ հիմնական տնտեսական մրցակցի՝ Չինաստանի թուլացում: Թրամփի շրջապատի այդ մասի տեսակետն արտահայտում է պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Կա նաեւ հակառակ կարծիքը. լայնածավալ պատերազմը պետք է ավարտել՝ հասցնել եւս մի քանի ուժեղ հարված ու հետո հայտարարել, որ հիմնական նպատակն իրականացվել է՝ Իրանը զգալիորեն թուլացել է ու այլեւս չի կարողանա ատոմային զենք ունենալ, ինչպես նաեւ սպառնալ Իսրայելին: Այդ կարծիքին է Թրամփի շրջապատի, պայմանականորեն ասած, գաղափարական մասը, այդ թվում՝ Հանրապետական կուսակցության պահպանողական թեւը:
Այդ մարդիկ, մասնավորապես, հիշեցնում են, որ իր նախընտրական արշավի ժամանակ Թրամփը քննադատում էր Բայդենի վարչակազմին, թե ինչու էր վերջինս մխրճվել տասնյակ հազարավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող երկրներում պատերազմների մեջ՝ անիմաստ եւ ծախսատար: Հիմա, հանուն Իսրայելի, Թրամփը նույնն է անում: Այդ խմբի կարծիքով, MAGA-ն` Make America Great Again կարգախոսը նշանակում է՝ կենտրոնանալ ներքին խնդիրների, առաջին հերթին՝ տնտեսության, տեխնոլոգիաների վրա, այդ թվում՝ հաղթել Չինաստանին քաղաքական եւ տնտեսական միջոցներով: Այդ տեսակետն է մարմնավորում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը:
Այն, որ պետության առաջին դեմքի շրջապատում կան տարբեր կարծիքներ, նորմալ է՝ ղեկավարը կարող է դրանք համադրել եւ գալ իր՝ ճիշտ, թե սխալ, եզրակացությանը: Այդպես է բազմաթիվ այլ երկրներում, այդպես էր նաեւ Հայաստանում:
Կարդացեք նաև
Հիմա Հայաստանում այդպես չէ: Չեմ պատկերացնում, որ որեւէ ՔՊ-ական հրապարակավ կարծիք հայտնի, որը կես միլիմետրով կշեղվի իր «շեֆի» թեզերից: Օրինակ, ասի, որ եկեղեցու դեմ արշավը չի բխում պետության եւ, մեծ հաշվով, նաեւ ՔՊ-ի շահերից: Հակառակը՝ ՔՊ երկրորդական դեմքերը (իսկ Փաշինյանից բացի, բոլորը երկրորդական են) ավելի բարձր են գոռում՝ «այո, ահաբեկիչներ են, այո, КГБ-ի գործակալներ են, մանկապիղծներ են, պատերազմի կուսակցություն են» եւ այլն: Մյուս կողմից, պատկերացնում եմ, թե Փաշինյանն ինչ հիստերիայի մեջ կընկնի, եթե որեւէ ՔՊ-ական կուսակցական պիտակավորումներից դուրս իր սեփական կարծիքը հայտնի: Հաջորդ պահին SMS կստանա:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարում՝ ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Ջոզեֆ Քենթը, որը մարտի 17-ին հրաժարական տվեց՝ մասնավորապես հայտարարելով. «Ես չեմ կարող իմ խղճի համաձայն՝ աջակցել Իրանի դեմ ընթացող պատերազմին։ Իրանը մեր երկրի համար անմիջական վտանգ չէր ներկայացնում, և ակնհայտ է, որ մենք սկսեցինք այս պատերազմը Իսրայելի և նրա ազդեցիկ լոբբիի ճնշման պատճառով»։ Թրամփի արձագանքն էր, թե ինքը միշտ է կարծել, որ նա թույլ է անվտանգության հարցում:


















































