ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, որ հանուն պաշտոնի հեծանիվ էր վարում և 20 կգ-ից ավել քաշ կորցրեց, պարզվում է՝ գերթանկարժեք հեծանիվ էր վարում։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նախարար Արսեն Թորոսյանի հեծանիվը և պարզեց, որ լուսանկարում երևացող հեծանիվը Canyon Aeroad մրցարշավային, բարձր դասի carbon հեծանիվների ընտանիքին է պատկանում։ Canyon-ի պաշտոնական կայքում Aeroad CF SLX 7 Di2 մոդելը վաճառվում է 5,099 դոլարով, CF SLX 8 Di2-ը՝ 6,199 դոլարով, CF SLX 9 Di2-ը՝ 8,299 դոլարով, իսկ Aeroad CFR AXS տարբերակը սկսվում է 10,499 դոլարից։ Լուսանկարից հեծանիվի ճշգրիտ կոմպլեկտացիան հաստատել հնարավոր չէ, բայց ակնհայտ է, որ խոսքը «սովորական» հեծանիվի մասին չէ։
Այսինքն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը գերթանկարժեք հեծանիվ էր վարում։ Ուսումնասիրեցինք նրա հայտարարագիրը, բայց հեծանիվի մասին տվյալներ չգտանք։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև
«Առավոտ». Արսեն Թորոսյանն ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում էր տարածել՝ մասնավորապես գրելով. «Մեր գերպրոֆեսիոնալներն այսօր անդրադարձել են իմ հեծանվին։ Այո՛, այո՛, պետք չէ զարմանալ՝ հենց իմ հեծանվին։ Հոդվածն էլ վերնագրել են. «Արսեն Թորոսյանի գերթանկարժեք հեծանիվը 5-ից 10 հազար ԱՄՆ դոլար արժե»։
Նախ, եկեք մի պահ մտովի մոտ 8 և ավելի տարի հետ գնանք ու հիշենք, թե ինչ էր գրում մամուլն այն ժամանակվա իշխանավորների գույքի մասին, որն այժմ որպես ապօրինի գույք վերադարձվում է պետությանը։ Պարզապես պատկերացրեք իմ հեծանիվը և, ասենք, ոմանց դղյակներն ու միլիոնավոր դոլարներ արժեցող ավտոպարկերը։ Պատկերացրի՞ք։ Հիմա անցնենք առաջ։
Մեր գերպրոֆեսիոնալները նաև գրել են, թե իբր իմ «գերթանկարժեք» հեծանիվը հայտարարագրված չէ, ինչն իրականությանը չի համապատասխանում։ Պարզապես պետք էր լավ փնտրել, իսկ հարցերի դեպքում՝ հարցնել։ Հայտարարագրիս այն հատվածը, որտեղ նշված է հեծանիվի ձեռքբերումը, կցում եմ։ Որպեսզի շատ չչարչարվեք, ահա մոդելը՝ Canyon Aeroad CF SLX 8 AXS, արժեքը՝ 7000€, որը վճարել եմ իմ օրինական եկամուտներից։
Շնորհակալ եմ նաև, որ նկատել եք՝ 20 կգ նիհարել եմ։ Ավելին ասեմ՝ դեռ 10 կգ էլ նիհարելու եմ։ Ու դա արել եմ ոչ թե «պաշտոն ունենալու» համար (ինչն արդեն 8 տարի է՝ ունեմ), այլ պարզապես առողջ լինելու նպատակով։ Հիմա պատկերացրեք այն սյուրռեալիզմը, երբ որևէ ԶԼՄ կարող է նախարարին կամ պատգամավորին «մեղադրել» հեծանիվ քշելու և նիհարելու մեջ։ Համեմատեք դա նրա հետ, թե ինչում էին մեղադրում, օրինակ, 2017-ի ԱԺ պատգամավորներին»:



















































