Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի խորամանկ քայլն ու վախերը

Մարտ 19,2026 12:00 Share

Նախիջեւանը ստանում է նոր ռազմավարական նշանակություն՝ թե՛ անվտանգության, թե՛ հաղորդակցությունների տեսանկյունից

Իրանի պատերազմն ու Նախիջեւանի կարգավիճակի վերաբերյալ սահմանադրական փոփոխությունները

Իրանի շուրջ ծավալվող ռազմական լարվածությունը եւ տարածաշրջանային անվտանգության համակարգի վերաձեւավորումը նոր մարտահրավերներ են ստեղծում Հարավային Կովկասի համար։ Ադրբեջանն արդեն իսկ ուշագրավ խաղ է սկսել։

Ալիեւը, նախ, ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում. նա փորձում է Ադրբեջանը ներկայացնել որպես միջազգային գործընկերային հարաբերությունների մասնակից։ Բաքուն դիրքավորվում է՝ Իրանի պատերազմի եւ տարածաշրջանային անվտանգային փոփոխությունների պայմաններում փորձելով իր դերակատարությունը շեշտել։

Այս ուշագրավ փուլում Ալիեւը ստորագրեց օրենք, որով փոփոխություններ են իրականացվել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության մեջ։ Մինչ այդ փաստաթղթի նախաբանում նշվում էր, որ տարածաշրջանի ինքնավարության հիմքերը կապված են 1921 թվականի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի հետ։ Նոր խմբագրմամբ այդ հիշատակումները հանվել են, եւ ընդգծվել է, որ Նախիջեւանը Ադրբեջանի «անբաժանելի մասն» է։ Այսինքն, փաստաթղթից հանվել են միջազգային պայմանագրերի վերաբերյալ հիշատակումները, որոնք նախկինում կապում էին Նախիջեւանի կարգավիճակը միջազգային իրավական հիմքերի հետ։

Նախիջեւանի սահմանադրության փոփոխության քայլը կարելի է դիտարկել որպես Ադրբեջանի կողմից պետական ինքնիշխանության ընդգծման եւ տարածաշրջանային քաղաքականության վերաիմաստավորման քայլ։ Միջազգային պայմանագրերի հիշատակումների դուրսբերումը փաստացիորեն նվազեցնում է արտաքին իրավական հղումների դերը եւ ուժեղացնում Բաքվի ներքին իրավական վերահսկողությունը տարածաշրջանի նկատմամբ։ Սա հատկապես կարեւոր է այն պայմաններում, երբ Իրանի հետ սահմանակից Նախիջեւանը ստանում է նոր ռազմավարական նշանակություն՝ թե՛ անվտանգության, թե՛ հաղորդակցությունների տեսանկյունից։

Իրանում պատերազմի ֆոնին Նախիջեւանը կարող է դառնալ ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ տնտեսական կարեւոր հանգույց։ Բաքվի այս քայլը կարելի է դիտարկել որպես կանխարգելիչ քաղաքականություն՝ ուղղված տարածաշրջանում ապագա հնարավոր աշխարհաքաղաքական փոփոխությունների նկատմամբ վերահսկողություն ապահովելուն։ Միեւնույն ժամանակ այն նաեւ ազդակ է միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը փորձում է ամրապնդել իր տարածքային ամբողջականության մասին պետական նարատիվը՝ նվազեցնելով պատմական պայմանագրերի վրա հիմնված իրավական մեկնաբանությունները։

Ռուսաստան-Ադրբեջան համագործակցությունը Իրանի պատերազմի պայմաններում

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւն օրերս հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային իրավիճակը եւ վերահաստատել համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ կողմերը ընդգծել են, որ համագործակցությունը հիմնված է «ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային սկզբունքների վրա»։

Պուտինը նաեւ շնորհակալություն է հայտնել Ալիեւին՝ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանմանն աջակցելու եւ Ադրբեջանի տարածքով մարդասիրական օգնության տեղափոխումը կազմակերպելու համար։ Կողմերը նաեւ հանդես են եկել Մերձավոր Արեւելքում ռազմական գործողությունների դադարեցման եւ հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման օգտին։

Պուտին-Ալիեւ հեռախոսազրույցը ցույց է տալիս, որ Ադրբեջանը փորձում է պահպանել հավասարակշռված հարաբերություններ տարածաշրջանի հիմնական ուժային կենտրոնների հետ։ Իրանի պատերազմի պայմաններում Բաքուն հանդես է գալիս որպես լոգիստիկ միջանցք՝ ապահովելով մարդասիրական օգնության եւ քաղաքացիների տարհանման հնարավորություններ, ինչը ամրապնդում է Ադրբեջանի միջազգային հեղինակությունը որպես տարածաշրջանային միջնորդ եւ տարանցիկ պետություն։

Միաժամանակ Ռուսաստանի հետ համագործակցության ընդգծումը ցույց է տալիս, որ Բաքուն փորձում է պահպանել ռազմավարական կապերը Մոսկվայի հետ նույնիսկ այն պայմաններում, երբ տարածաշրջանում ակտիվ են նաեւ արեւմտյան դերակատարները, իսկ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները վերջին ամիսներին ամենաջերմը չեն բնութագրվում։ Հետեւաբար, Իրանի շուրջ զարգացումները կարող են ամրապնդել Ադրբեջանի աշխարհաքաղաքական նշանակությունը՝ այն վերածելով կարեւոր կապող օղակի Ռուսաստանի, Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Կովկասի միջեւ։

Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը վերջերս հայտարարեց, որ 2025 թվականին պաշտպանության եւ ազգային անվտանգության ոլորտի ծախսերը աճել են 23 տոկոսով։ Նրա խոսքով՝ «2025-ին պաշտպանության եւ ազգային անվտանգության ծախսերը կազմել են 8,1 միլիարդ մանաթ»։ Նա նաեւ նշեց, որ Ադրբեջանը ռազմական արտադրանք է արտահանում մոտ 20 երկիր։

Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը վկայում է, որ Ադրբեջանի ռազմական-անվտանգային քաղաքականությունը մնում է ակտիվ փուլում։

Իրանի շուրջ լարվածության եւ տարածաշրջանային անկայունության պայմաններում Բաքուն, ըստ ամենայնի, արդեն իսկ որոշ վտանգներ է կանխատեսում, ուստի չի բացառվում, որ հետագայում եւս Ադրբեջանն ավելացնի պաշտպանական կարողությունները։ Միեւնույն ժամանակ ռազմական արդյունաբերության զարգացումը թույլ կտա Ադրբեջանին ոչ միայն ապահովել սեփական անվտանգությունը, այլեւ դառնալ սպառազինության արտահանող երկիր։ Այս ռազմավարությունը եւս կնպաստի Ադրբեջանի դիրքերի ամրապնդմանը տարածաշրջանային հավասարակշռությունում։

Թուրքիա-Ադրբեջան քաղաքական եւ անվտանգային համագործակցությունը

Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Հաքան Ֆիդանը օրերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային իրավիճակը։ Բայրամովը դատապարտել է Թուրքիայի տարածքի վրա հրթիռային հարձակումը եւ աջակցություն հայտնել Անկարային։

Կողմերը նաեւ նշել են, որ ռազմական գործողությունների հետագա սրումը կարող է «անցանկալի հետեւանքների» հանգեցնել տարածաշրջանի համար։

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտել էր Իրանից Թուրքիայի ուղղությամբ արձակված հրթիռները՝ դրանք որակելով որպես ինքնիշխանության խախտում եւ տարածաշրջանային կայունության սպառնալիք։

Բաքուն, այսպիսով, համերաշխություն է հայտնել Թուրքիային՝ ընդգծելով, որ նման գործողությունները կարող են սրել տարածաշրջանային լարվածությունը։

Թուրքիայի եւ Ադրբեջանի համագործակցությունը, իհարկե, շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության առանցքային գործոններից մեկը։ Իրանում պատերազմի պայմաններում Անկարայի եւ Բաքվի միջեւ քաղաքական համերաշխությունը ուժեղացնում է նրանց ռազմավարական գործընկերությունը։

Այս համագործակցությունը նաեւ ազդում է Հարավային Կովկասի ուժային հավասարակշռության վրա։ Թուրքիան հանդես է գալիս որպես Ադրբեջանի հիմնական անվտանգության գործընկեր, ինչը մեծացնում է Բաքվի ազդեցությունը տարածաշրջանային քաղաքական գործընթացներում։ Միեւնույն ժամանակ այս դաշինքը կարող է խորացնել աշխարհաքաղաքական մրցակցությունը տարածաշրջանում։

Ադրբեջանի արձագանքը ցույց է տալիս, որ Բաքուն կաշկանդված չէ հստակ դիրքորոշում արտահայտել Իրանի գործողությունների վերաբերյալ՝ միաժամանակ պաշտպանելով իր ռազմավարական գործընկեր Թուրքիային։ Թեեւ Ադրբեջանը կողմ է Իրանում ռազմական գործողությունների դադարեցմանը, պաշտոնական Բաքվի հայտարարությունները կարող են նաեւ խորացնել լարվածությունը Իրանի հետ հարաբերություններում։ Հետեւաբար, Բաքուն ստիպված է լինելու պահպանել զգուշավորություն եւ դիվանագիտական հավասարակշռություն։

Իսրայելական ռազմական տեխնոլոգիաների դերը Ադրբեջանի անվտանգության համակարգում

Թուրք վերլուծաբան Յըլմազ Օզդիլը օրերս նկատել էր, որ Ադրբեջանի հակաօդային պաշտպանության համակարգի ձեւավորման մեջ կարեւոր դեր է խաղացել Իսրայելը։ Նրա խոսքով՝ «Հայաստանի դեմ պատերազմի ընթացքում Ադրբեջանի հաղթանակի մեջ նշանակալի դեր են ունեցել Իսրայելի կողմից տրամադրված հարձակողական եւ պաշտպանական սպառազինությունները»։

Իսրայելի հետ ռազմական համագործակցությունը Ադրբեջանի անվտանգության համակարգի կարեւոր բաղադրիչներից մեկն է։ Բաքուն ակտիվորեն ձեռք է բերել բարձր տեխնոլոգիական սպառազինություն այդ երկրից։ Իսկ Իրանի պատերազմի, Իսրայել-Իրան թեժ հակամարտության պայմաններում Ադրբեջան-Իսրայել համագործակցությունը լրացուցիչ նշանակություն ու իմաստ է ստացել։ Դա կարող է Ադրբեջանին ներքաշել ավելի լայն աշխարհաքաղաքական գործընթացների մեջ։ Միեւնույն ժամանակ նկատելի է, որ Բաքուն փորձում է պահպանել բազմակողմ արտաքին քաղաքականություն՝ հավասարակշռելով հարաբերությունները տարբեր դերակատարների հետ, սակայն պարզ չէ, թե դա որքան երկար նրան դեռ կհաջողվի։

ԱՄՆ նախազգուշացումը եւ տարածաշրջանային անվտանգության ռիսկերը

Հատկանշական է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը բարձրացրել է Ադրբեջան ուղեւորությունների վերաբերյալ նախազգուշացման մակարդակը՝ նշելով, որ Իրանի հետ հակամարտության ֆոնին առկա է հրթիռային եւ անօդաչու սարքերի հարձակումների վտանգ։ Հաղորդագրության մեջ հիշատակվել էր նաեւ մարտի 5-ին Նախիջեւանի միջազգային օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարվածը։ ԱՄՆ-ի կողմից նախազգուշացումը փաստում է, որ Իրանի պատերազմը կարող է անմիջական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի անվտանգության վրա։ Ավելին, Ադրբեջանը կարող է դառնալ տարածաշրջանային հակամարտության հնարավոր տարածքներից մեկը։

Հարավային Կովկասի քաղաքական միջավայրը փոխվում է

Այսպիսով, Իրանում եւ Իրանի շուրջ հակամարտությունն էապես փոխում է Հարավային Կովկասի քաղաքական միջավայրը։ Ադրբեջանը այս գործընթացներում, իհարկե, փորձում է զբաղեցնել բազմակողմ դիրք՝ միաժամանակ պահպանելով հարաբերությունները Ռուսաստանի, Թուրքիայի, Արեւմուտքի եւ այլ գործընկերների հետ։

Բաքուն ակտիվացնում է իր ռազմական կարողությունները եւ փորձում է օգտագործել իր աշխարհագրական դիրքը որպես տարանցիկ եւ ռազմավարական կենտրոն։ Նախիջեւանի կարգավիճակի փոփոխությունները, ռազմական ծախսերի աճը եւ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը վկայում են այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է երկարաժամկետ անվտանգային մարտահրավերների։

Միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ Իրանում պատերազմի հետեւանքով աճող լարվածությունը կարող է ստեղծել նոր վտանգներ Բաքվի համար։ Ադրբեջանը ստիպված է պահպանել բարդ դիվանագիտական հավասարակշռություն՝ միաժամանակ աջակցելով իր ռազմավարական գործընկերներին եւ խուսափելով լայնամասշտաբ հակամարտության մեջ ներքաշվելուց։

Հետեւաբար, իրանական ճգնաժամի պայմաններում Ադրբեջանի դերը տարածաշրջանում աստիճանաբար վերափոխվում է։ Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքի հարակից տարածաշրջաններում կարեւոր աշխարհաքաղաքական դերակատար դառնալու Ադրբեջանի հնարավորությունները էականորեն կարող են մեծանալ, որն էլ իր հերթին կարող է որոշակի ազդեցություն ունենալ Հայաստանի հետ խաղաղության հաստատման գործընթացի վրա։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.03.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031