Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է նշանակում, որ իրավաբանորեն անգրագետ, քաղաքական առումով տանուլ տված ուժը 35 տարի անց ուզում է փնովել Անկախության հռչակագիրը»

Մարտ 19,2026 13:00 Share

«Անկախության հռչակագիրը քաղաքական անմեղսունակությամբ տառապող անձանց խոսքերով չի բնութագրվում, դա պետականաստեղծ փաստաթուղթ է։ Երկրորդը, այն, ինչը վայելում են այսօրվա վարչակազմի անդամները, դա հնարավոր չէր լինի, եթե ժամանակին Անկախության հռչակագիրն այդ տեսքով չընդունվեր։ Այսինքն՝ անշորհակալությամբ այդ աստիճանի վարակված լինելը պատիվ չի բերում ոչ մեկին։ Ի՞նչ է նշանակում, որ իրավաբանորեն անգրագետ, քաղաքական առումով տանուլ տված ուժը 35 տարի անց ուզում է փնովել Անկախության հռչակագիրը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ նոր Սահմանդրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելու մասին հայտարարություններին։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության տեքստն արդեն պատրաստ է, եւ առաջիկայում այն կքննարկվի ՔՊ վարչության նիստում։ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի։ «Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է»,- ասել է Փաշինյանը։

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ դա կոնֆլիկտի հռչակագիր չէ, այլ ազգային արժանապատվության եւ մեր պետականության հիմքը դրած փաստաթուղթ է։

«Չգիտես ինչու՝ Հայաստանում կարծում են, որ մենք առաջինն ենք եղել, որ 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունել ենք նման հռչակագիր։ Իրականում առաջինը եղել է Ռուսաստանը։ Այսինքն՝ մենք ոչ թե սկսել ենք ինչ-որ փլուզման գործընթաց, այլ այն իրավիճակում, որը հատուկ ստեղծվել էր Կրեմլի կողմից, մենք համաչափ ու վերին աստիճանի զուսպ ու արժանապատվորեն ընդունել ենք այդ հռչակագիրը»,- նշեց Ալավերդյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները Սահմանադրության նախաբանից հանում Անկախության հռչակագրին հղումը, ո՞րն է նպատակը, Լարիսա Ալավերդյանն ասաց. «Արդեն ամոթալի ձեւեր է ընդունել այն պատճառը, որն ընկած է հռչակագիրը Սահմանադրությունից հանելու հիմքում։ Դա ամբողջական Արցախի հարցն է եւ մինչեւ անգամ զուտ Արցախ բառը՝ որպես աշխարհագրական մաս։ Արցախ անունն արդեն կարծես թե այն չափ է արգելված, որ ովքեր դա օգտագործում են կամ փորձում են շրջանառել ինչ-որ պատմական փաստաթուղթ, անօրինական ձեւով պատժվում են։ Խոսքս այս դեպքում Էդիտա Գզոյանի մասին է, ով ազատվեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնից։ Այսինքն՝ առաջին պատճառը հենց այն է, որ մենք ոչ թե մեր Անկախության հռչակագրի մեջ տեսնենք մեր հայկական պետությունը, հայկականությունը, այլ քաղաքական անմեղսունակությամբ տառապող մարդկանց կողմից ինչ-որ կարտոնի վրա նկարած եւ իրենց շքանշան դարձրած պատկերը»։

Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագիրը հանելու նախաձեռնությունը ոչ թե Ալիեւի եւ Էրդողանի պահանջով է, այլ այդ գաղափարի հեղինակը հենց «վարչապետի աթոռը զբաղեցնող անձն է ու հավաքագրված թիմն է, իրենք կրողն են այդ գաղափարի»։

«Կրկնում եմ՝ սա հատուկ այս գաղափարի համար հավաքագրված թիմ է, վարչակազմ է, որը հենց իր գաղափարն է իրականացնում։ Ալիեւն ու Էրդողանն այստեղ, այսպես ասած՝ դիզայն են։ Իրականում այս թիմը եկել է այդ նպատակի համար։ Եվ անգամ այն, որ հայրենիք կատեգորիան մերժվում է եւ փոխարինվում է միայն վարչական միավոր, այն է՝ պետություն հասկացությամբ, դա արդեն իսկ խոսում է այն մասին, ինչի մասին ես ասել եմ դեռեւս 2018 թվականի սեպտեմբերին։ Այս թիմը եկել է երկու միասնական նպատակների համար՝ առաջինը, օր առաջ հանձնել Արցախը Ադրբեջանին, իսկ հետագայում Հայաստանը դարձնել Թուրքիայի կամ իր կցորդ Ադրբեջանի համար տարածք, որը կօգտագործվի իրենց ռազմավարական նպատակներին հասնելու համար։ Եվ այս առումով իրենց ռազմավարությունը չի վերջացել։ Ես ներկայացնեմ դեռեւս 1919 թվականին շրջանառության մեջ դրված մի գաղափար, այն է՝ ոչնչացնել հայերին ոչ միայն պետական առումով, այլեւ ֆիզիկապես։ Դա 1919 թվականին ասել է Թուրքիայի նախկին արտգործնախարարն իր հեռագրում, որն ուղարկել է արեւելյան ճակատի բանակի ղեկավարին։ Այսինքն՝ որեւէ բան չի փոխվել այսօր. եթե նայենք թե Թուրքիայի, թե Ադրբեջանի հռետորաբանությունը, կտեսնենք, թե ինչքան հմուտ են իրենք խաղաղացնում «խաղաղություն» խոսքը, իսկ իրականում շարունակում են իրենց ցեղասպանական քաղաքականությունը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Նա նկատում է՝ խոսուն փաստ է այն, որ Ադրբեջանի կողմից արդեն ստեղծվել են այնպիսի հաստատություններ, որոնք հավակնություններ ունեն զավթել Հայաստանը՝ «արեւմտյան Ադրբեջան» հորինված անվանման ներքո։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.03.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031