Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիեւի՝ այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջան» խոսույթը համարում է շատ վտանգավոր պրոցես։ «Ես դա չեմ համարում ներքին խոսույթ, ես դա համարում եմ շատ վտանգավոր պրոցես։ Եվ համարում եմ, որ էդ վտանգավոր պրոցեսը մենք պետք է կառավարենք»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Փաշինյանը։
«Պետք է այդ պրոցեսն իր բոլոր պարամետրերով հասկանանք։ Ես ինչի՞ մասին եմ խոսում, արդեն երկու տարի Հայաստանում ի՞նչ եմ ասում, որ մենք առաջին հերթին կառավարելու ենք՝ պրոցեսի պատճառահետեւանքային կապերը հասկանալով եւ պետականակենտրոն տրամաբանություն որդեգրելով, լեգիտիմ քաղաքականություններ որդեգրելով, որոնք մաքսիմալ անխոցելի են։ Եթե մենք այսօր, ենթադրենք, ասում ենք՝ Արարատը մերն է, Դադիվանքը մերն է, ասում ենք, որ Արցախը մերն է, ի՞նչը իրենց պետք է սահմանափակի հայելային ձեւով նույնը ասելու։
Բայց կա նաեւ հակառակը՝ եթե իրենք ասում են՝ «արեւմտյան Ադրբեջան» եւ այն, ի՞նչը Հայաստանում պետք է շատ ուժերի սահմանափակի՝ ասել հակառակը։ Եվ երբ ես ասում եմ՝ եւ Ադրբեջանը, եւ Հայաստանը պետք է ռազմավարական գործարքի տրամաբանության մեջ գնանք, սա նշանակում է՝ մենք զուգահեռաբար այս խնդիրը պետք է լուծենք։ Եվ դրա առաջին ամենակարեւոր քայլն արված է՝ համաձայնագիրը նախաստորագրված է, որտեղ կողմերը միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը ճանաչել են Ալմա Աթիի հռչակագրի հիման վրա»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































