Մարտի 18-ին «Մետրո» թատրոնում կայացավ Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հերոս, գրող, կինոգործիչ Դավիթ Սարապյանի (Դևի) 60-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո։ Այն կազմակերպել էր «Դավիթ Սարապյան» նախաձեռնությունը՝ հայտնի արտիստների, Դավիթ Սարապյանի մարտական և մանկության ընկերների, ինչպես նաև Ջոն Կիրակոսյանի անվան և Դավիթ Սարապյանի անվան դպրոցների աշակերտների հետ համատեղ։
Դավիթ Սարապյանը Արցախյան առաջին պատերազմի խորհրդանիշներից է։ Նա, թողնելով իր սիրելի ռեժիսորական աշխատանքը, կամավոր մեկնել է առաջնագիծ, ծառայել Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակում» և մասնակցել «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդին։ Հերոսական հայտնի գործողություններից մեկը Տող գյուղի ազատագրումն էր, որը ռազմագիտական տեսակետից անհավանական թվացող պայմաններում հաղթանակ ապահովեց հայկական փոքրաքանակ զորքի համար:
Երեկոն սկսվեց Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանի աղոթքով և հոգևոր խոսքով, ցուցադրվեցին հատվածներ Ցվետանա Պասկալևայի «Նվիրյալները» ֆիլմից, ինչպես նաև հնչեցին Արկադի Տեր-Թադևոսյանի, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Գագիկ Գինոսյանի տեսագրությունները՝ ստեղծելով Դավիթ Սարապյանի հերոսական կերպարի ամբողջական պատկերը։
Կարդացեք նաև
Դավիթը շատերի համար դարձել է ոգեշնչման աղբյուր. նրա անհատականությունն ու բազմակողմանի տաղանդը մեկտեղեց մի ամբողջ նախաձեռնություն, որն այսօր կրթական ծրագրերի, դպրոցական ստեղծագործական նախագծերի և հանրային միջոցառումների շարքով շարունակում է նրա հիշատակը պահպանել։ Մասնավորապես, Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում գործում է Դավիթի անունով դասարան և թանգարան, որտեղ աշակերտները հուզիչ կերպով ներկայացրեցին Դավիթի բանաստեղծություններն ու երգերը, իսկ Դավիթի անվան դպրոցի դհոլահար և կիթառահար աշակերտների կատարումները երեկոյին ավելացրին կենսական ռիթմ։
Գրականագետ Մերի Կարապետյանը ներկայացրեց Դավիթ Սարապյանի գրական ժառանգությունը՝ «300 վայրկյան» կինոսցենար-վիպակով, պատմվածքներով և «Վարազդատ արքա» համակարգչային խաղի սցենարով՝ նորովի լուսաբանելով նրա ստեղծագործական աշխարհը։
«Դավիթ Սարապյան» նախաձեռնության անդամ, «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը ընդգծեց․ «Վերջին պատերազմների ու դժվարությունների համատեքստում շատ կարևոր է հասարակությանը ներկայացնել իրական հերոսներին և նրանց արժեքները։ Երեխաների հետ աշխատելը՝ իրենց ուսումնական և ստեղծագործական աշխարհում ներգրավելը, մեծապես օգնում է պահպանել ազգային ոգին»։
Երեկոյի ընթացքում հնչեց նաև Դավիթ Սարապյանին հոգեհարազատ երգերից՝ «Թռչեի մտքով տուն»-ը Դենիս Վարդանյանի կատարմամբ, իսկ «Մայրիկ» երգը ներկայացրեց դպրոցի շրջանավարտ Էլեոնորա Հարությունյանը։ Միջոցառմանը հրավիրված էին նաև Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների մայրերը։
Ճանաչված արտիստներ Շուշան Պետրոսյանը, Արմինե և Դավիթ Ամալյանները, Արսեն Գրիգորյանը, Արսեն Ղազարյանը, Գոռ Գրիգորյանը (Եգոր Գլումովի) և այլք իրենց ներդրումն ունեցան հերոսի մեծարման միջոցառմանը։
Այսօր «Դավիթ Սարապյան» նախաձեռնությունը ամուր հիմքերի վրա է, և նրա գործը՝ երիտասարդների հետ համագործակցությամբ, շարունակում է նոր սերնդի համար դառնալ ոգեշնչման աղբյուր, ինչպես ինքն էր ապրում՝ հայրենիքի, մշակույթի և արվեստի համահավասար նվիրումով։
Ալինա ՍԱՀԱԿՅԱՆ
ԵԽՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
4-րդ կուրս



















































