Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խուդաթյանն այցելել է Սոթք, բայց խուսափեց խոսել ադրբեջանական ներխուժումների մասին

Մարտ 19,2026 17:23 Share

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե վերջին անգամ երբ է այցելել սահմանամերձ Սոթք եւ Կութ գյուղեր, տեսե՞լ է՝ այնտեղ դիրքային փոփոխություններ կա՞ն։

Նշենք, որ «Միասնության թեւեր» քաղաքական շարժման առաջնորդ Արման Թաթոյանը փաստեր էր ներկայացրել, որ Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի մարզերում ադրբեջանցիները նոր ներխուժումներ են իրականացրել։

«Այցելել եմ մի քանի ամիս առաջ, երբ բանալիներ էինք հանձնում Սոթքի բնակիչներին։ 16 մլն դրամի հայտնի բնակարանաշինական ծրագրի շրջանակներում Սոթքում բազմաթիվ բնակարաններ արդեն կառուցվել են քաղաքացիների համար, կյանքը Սոթքում ավելի լավ է, քան եղել է նախորդ շրջանում»,- ասաց Դավիթ Խուդաթյանը։ Նա խուսափեց պատասխանել ներխուժումների մասին հարցին․ «Դուք անընդհատ ինձ փորձում եք այլ նախարարությունների տիրույթում գտնվող հարցեր տալ»։

Հարցին, թե ադրբեջանցիները ե՞րբ են դուրս գալու Հայաստանի ինքնիշխան տարածքներից, Դավիթ Խուդաթյանը հստակ չպատասխանեց․ «Առաջարկում եմ ինձ հարցեր տալ նախարարության համակարգման տիրույթների շրջանակներում, որպեսզի իմ պատասխանները լինեն հստակ։ Սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը նախարարության համակարգման տիրույթում չէ»։

Դավիթ Խուդաթյանը միաժամանակ ասաց, թե սահմանազատման գործընթացը կանգ չի առել, երկու երկրներում համապատասխան հանձնաժողովներն այդ ուղղությամբ աշխատանք են իրականացնում։

Խուդաթյանը նաեւ հայտարարեց՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փաստացի հաստատվել է խաղաղություն։ «Տնային առաջադրանք մենք չունենք, մեզ այլ երկրներից չեն կարող տնային առաջադրանքներ տալ»,- ասաց նա՝ անդրադառնալով Ալիեւի հայտարարություններին, թե «Հայաստանն ունի տնային առաջադրանքներ»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031