«Իմ տղան զորակոչվել է 2025-ի հուլիսի 14-ին, 2026-ի հունվարի 7-ին գնացած երեխան նրանից շուտ է զորացրվելու, իսկ 2025-ի օգոստոսի 15-ին զորակոչված տղան դեռ մեկ ամիս ուշ է զորացրվելու՝ նայելով, թե ո՞նց են զորացրվում իրենից ուշ գնացածները»,- կառավարության շենքի մոտ, լրագրողներին իր վրդովմունքը փոխանցեց զինծառայողի ծնող Գայանե Սարգսյանը։
2025 թվականին ՀՀ ԶՈՒ զորակոչված զինծառայողների ծնողներն այսօր ցույց էին անում կառավարության շենքի առջեւ։ Պահանջն է՝ 2025 թվականին բանակ զորակոչվածների ծառայության ժամկետը եւս կրճատվի։ Ծնողները դիմում-բողոքներ են ուղարկել ՊՆ, վարչապետի աշխատակազմի, ՄԻՊ գրասենյակ, ԱԺ․ առայժմ մերժումներ են ստացել՝ օրենքը հետադարձ ուժ չունի։
«Մեր միակ խնդրանքը դա է՝ 2025-ի ամառային զորակոչի զինակոչիկների նկատմամբ նույնպես խրախուսական միջոցներ կիրառվեն՝ կլինի լրացուցիչ արձակուրդներ, ծառայության ժամկետի երեք ամսով կրճատում»,- ասաց Գայանե Սարգսյանը՝ հավելելով՝ գիտի, որ օրենքը հետադարձ ուժ չի սահմանում, սակայն, ինքը կարծում է, որ կառավարության լրացուցիչ որոշմամբ կարելի է հարցը կարգավորել, որպեսզի «տղաների հայրենասիրական ոգին չկոտրվի»։
Գայանե Սարգսյանն, ընդհանուր առմամբ, գոհ է կառավարությունից, ասում է՝ տեսնում է՝ շատ բան է փոխվել։ Հիշեցնում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությունը, որ պարտադիր զինծառայության ժամկետի կրճատումը զուգահեռվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային ծառայողների թվաքանակի ավելացմամբ։ Կարծում է, որ նույն հիմքով հնարավոր է կայացնել որոշում, որ իրենց երեխաների համար էլ դրական փոփոխություն լինի։ Տիկինը բանակը համալրելու այլ աղբյուր էլ է մատնանշում՝ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած նախագիծը, որը սահմանում է, թե 27 տարին լրացած եւ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ՝ վճարելով համապատասխան գումար կամ որոշակի ժամկետներում զինծառայություն անցնել․ ասում է՝ նրանց ծառայության արդյունքում հնարավոր է բացը լրացնել եւ իրենց որդիների զորացրումը ժամկետից վաղ կազմակերպել։
Կարդացեք նաև
«Վերջերս ականատես եղանք նոր օրենքի հրապարակման․ Շանհայի վարկանիշային 50 բուհեր ընդունվածներն ազատվում են զինծառայությունից առհասարակ, եթե գալիս են հայրենիք ու աշխատում են երեք տարի։ Դրան տվեցին հետադարձ ուժ, սակայն զինծառայության ժամկետի կրճատման մասին օրենքին ոչ մի կերպ չեն կարողանում ազդել»,-ասաց մեկ այլ ծնող՝ հավելելով․ «Ոչ մեկիս զինվոր տղան ոչ մի բանից չի դժգոհում, մեր երեխաները փառքով ու պատվով ծառայում են, միակ պահանջը կառավարությանն ու օրենք գրողներին այն է, որ օրենքն ազդի նաեւ 2025 թվականի ամառային զորակոչի վրա, գոնե իրենց ծառայության ժամկետն էլ կրճատվի»։
Ըստ զինծառայողի մոր, ծառայության ժամկետի կրճատումը կառավարության կողմից «նախընտրական գովազդ» չի, բայց առաջարկում է․ «Եթե նախընտրական գովազդ էր, ուրեմն լավ կանեն ամառային զորակոչն էլ կրճատեն, որ այդ ամառային զորակոչի ծնողներն էլ գնան ներկայիս իշխանությանն ընտրեն»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































