«Իրանում երեխաների սպանդից հետո, որ կատարվեց Միացյալ Նահանգների կողմից, Չինաստանի նախագահը հայտարարեց, որ Թրամփն այլեւս չի ներկայացնում Ամերիկայի ժողովրդին։ Այսինքն, նրան որպես ԱՄՆ նախագահ արդեն չեն ընդունում։ Եվ որոշ եվրոպական երկրներ էլ հրաժարվեցին մասնակից լինել այս ցեղասպանությանը։ Բայց ՄԱԿ-ը, ինչպես տեսանք, դատապարտում է Իրանի պատասխան հարձակումները։ Այսինքն, եթե հարձակվում են Իրանի վրա, դա ոչի՞նչ։ Այդ գետնաքարշ կառույցը՝ ՄԱԿ-ը, որ արդեն գոյություն չունի եւ բոլորիս աչքի առաջ, պարզապես, ինքնասպանվեց, ասում է՝ Իրանը ինչի՞ է հարվածում։ Բա, միայն Իրանի՞ն կարելի է հարվածել»,- ասաց 44-օրյա պատերազմում անմահացած Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ, հանրային գործիչ Խաչիկ Մանուկյանը։
«Իրանը, այո, պիտի ցույց տա, որ դարավոր ավանդույթի, մեծ մշակույթի կրողն է։ Եվ որ ամենակարեւորն է՝ Իրանում դավաճան իշխանություններ չկան։ Եվ այն մահերը, որ եղան, այդ մահերը համախմբեցին ամբողջ Իրանի ժողովրդին։ Անգամ նրանք, որոնք ազգությամբ պարսիկ չեն, նույնպես ասացին, որ սատարելու են Իրան պետությանը։ Այսինքն, Իրանում պետական ինստիտուտը գործում է՝ ի տարբերություն մեզ։
Մերոնք պատեհապաշտ են, լափամանին սովոր։ Հիմա, ինչպես տեսնում ենք, ազգին ցույց են տալիս, որ լափողներ են։ Սա ազնվաբար նստում է էկրանի առաջ ու լափի գերիների հետ լափում է։
Սա է իրականությունը; Եվ մենք այս ընթացքում խաղից դուրս ենք, անգամ լուսանցքից էլ ենք դուրս։ Իրանի հաղթականությունը, վստահ եմ, լինելու է, որովհետեւ նրանք երբեք ու երբեք իրենց հավատը չշրջանցեցին, դարավոր շատ հզոր մշակույթը չշրջանցեցին։ Ես ասել եմ՝ այն ազգերը, որոնք հզոր մշակույթ ունեն եւ իրենց մշակույթը չեն ուրանում, նրանք հաղթելու են։
Կարդացեք նաև
Այսօր ԱՄՆ-ը մշակույթ չունի։ Նրա մշակույթը Քիմի, Լոպեսի բարեմասնություններն են, նրանք աշխարհին ներկայանում են այդ բարեմասնություններով։ Նրանք այլեւս չեն ասում Վիլիամ Սարոյան, Ֆոլկներ, Հեմինգուեյ։ Մեծերի անուններն այլեւս չկան նրանց համար։ Մինչդեռ, այս մեծերը այն սերունդն են, որով իսկապես հզոր էր Ամերիկան, իսկապես սիրելի էր բոլորիս։ Անընդհատ առաջընթաց էր կինոարվեստում, գրականության մեջ, թատերական արվեստում… Այդ Ամերիկան այլեւս չկա; Փողով կրեցին այդ Ամերիկային։ Եվ փողի վրա, որ գրել են «Մենք հավատում ենք Աստծուն», երկրորդ տողը չեն գրել. «Եվ աստվածը փողն է»։
Հանուն փողի ամեն ինչ են ուրանում, այդպես են դաստիարակում իրենց ջահելներին, որոնցից նաեւ Հայաստանում են բուծել։ Սրանք էլ հանուն փողի ամեն ինչ ուրանում են։ Արցախ կուրանան, իրենց հորն ու մորը կուրանան, ամեն ինչ էլ կուրանան, որովհետեւ այդտեղ արժեք չեն տեսնում, որովհետեւ հայ չեն իրենց էությամբ, հայկական արժեհամակարգից դուրս են, իրենց անկյունաքարը Հայաստանը չի, հայ ժողովուրդը չի։ Իրենց անկյունաքարը փողն է։ Իրենք այդ անկյունով են նայում ամեն ինչին, եւ այդպես դուրս է գալիս, որ երկիր չունենք, այս չունենք, այն չունենք։ Բայց կա փող։ Եվ այո, սրանք կարող են մոլորակի ցանկացած հատվածում խաղաղ ապրել։ Բայց Իրանի ժողովուրդն այդպես չի մտածում։ Ինքն իր երկրի, իր հողի տերն է։ Եվ քանի որ իր իշխանությունը պատրաստ է զոհվել հանուն այդ բարձր արժեքների՝ նրանց հաղթել չի լինելու։
Պարտությունը ոչինչ, կարելի է շտկել։ Բայց այս ի՜նչ տարօրինակ բան է, որ մարդիկ հավատում են պարտությանը։ Պարտությունը ձեզ ի՞նչ է բերել՝ տարածքների կորուստներ, քաջերի կորուստներ։ Եվ շարունակաբար այդ ամեն ինչը լինելու է, լինելու է։
Կատակներով կլինի, լուրջ կլինի, անլուրջ կլինի, մենք շատ վատ դրության մեջ ենք հայտնվել։ Ազնվազարմ հայեր են ձերբակալվել։ Սրանք գիտեն, որ հողն էլ ուժ ունի ու հողն էլ արագ-արագ ուզում են օտարել։ Այսօր թռվռացողներ եմ տեսնում՝ ՔՊ-ն ու ադրբեջանցիները։ Իրար հետ պասերով թռվռում են»,-ասաց Խաչիկ Մանուկյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































