Լրահոս
Օրվա լրահոսը

Մարթա Կոսը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը խաղաղությանն ուղղված ՀՀ Կառավարության ջանքերին

Մարտ 19,2026 18:35 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գլխավորած պատվիրակությանը։

Վարչապետը ողջունել է տիկին Կոսի այցը Հայաստան և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու ՀՀ–ԵՄ համագործակցության հարուստ օրակարգը, որը հետևողականորեն շարունակում է ընդլայնվել։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այսօրվա հանդիպմանը ցանկանում է լսել նաև տիկին Կոսի տպավորությունները երկկողմ գործընթացների վերաբերյալ և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը։

Վարչապետը վերահաստատել է Հայաստանի Կառավարության հանձնառությունը՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները, ամրապնդելու օրենքի գերակայությունը և զարգացնելու ինստիտուցիոնալ կարողությունները։

Մարթա Կոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումները և դրանց ուղղությամբ դրսևորվող քաղաքական կամքը։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին երկկողմ համագործակցության, մասնավորապես, բարեփոխումների օրակարգին, Հայաստանի քաղհասարակությանն ու ԶԼՄ–ներին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, տնտեսական և ներդրումային ծրագրերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Մարթա Կոսը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը խաղաղությանն ուղղված ՀՀ Կառավարության ջանքերին:

Կողմերը կարևորել են շարունակական բարձր մակարդակի երկխոսությունը և համագործակցության խորացման ուղղությամբ համատեղ ջանքերի հետևողականությունը։

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031