Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ձեզ տղամարդկային արժանապատվությամբ ասում եմ՝ Արայիկ Հարությունյանը որեւէ կապ չունի իմ հավաքած ձայների հետ»․ Դավիթ Դանիելյան

Մարտ 19,2026 18:13 Share

«Չեմ կարող ասել՝ ով, ինչ պիտակավորում կտա, ես խարդախ մարդ չեմ, ինձ ճանաչողները լավ գիտեն։ Ուղղակի կուսակցական գործընթացներ են, որոնք վարչության որոշմամբ, անհամատեղելի են եղել կարգի հետ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության սյունեցի պատգամավոր Դավիթ Դանիելյանը՝ հավելելով, որ ներկուսակցական խոսակցություններ են, չէր ցանկանա դրանց շուրջ ծավալվել։

Հիշեցնենք, առաջիկա ընտրություններում կուսակցության ցուցակի 50-յակում Դավիթ Դանիելյանի ընգրկվելը ՔՊ վարչությունը անվավեր էր ճանաչել՝ ներկուսակցական քարոզարշավի ինչ-որ կետի խախտման պատճառաբանությամբ։ Հրապարակումներ եղան, որ զեղծարարությունն է պատճառը։ Դավիթ Դանիելյանն ասում է՝ օրինակ, գործընկերոջ հետ շփումը կարող է համարվել քարոզչություն։

«Ինձնից ոչ ոք ոչ մի փաստ չի պահանջել, ես ոչինչ ոչ ապացուցել եմ, ոչ պարզաբանել եմ, ոչ էլ հավելյալ մեկնաբանություն եմ տվել։ Կուսակցության վարչությունը որոշում է կայացրել, որ իմ թեկնածությունը չեղարկվի՝ ես ընդունել եմ այդ որոշումը եւ դուրս եկել սենյակից»,- ասաց նա՝ հավելելով, որ չգիտի, թե ում մոտ եւ ինչ կասկածներ են առաջացել, համենայնդեպս, ձայների քանակի մասով իրեն ցայսօր ոչ ոք եւ ոչ մի հարց չի տվել։

Հարցին՝ կարելի՞ է ասել, որ ինքը համաձայն չէ այդ որոշման հետ, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց՝ որոշումն ընդունել է, հայտարարություն է տարածել եւ ավելացնելու որեւէ այլ բան չունի։

Հարցին՝ անարդար չե՞ն վարվել իր հետ, պատասխանեց՝ հարգում է կուսակցության կանոնները, ենթարկվում է վարչության որոշումներին, իսկ իր հայտարարությամբ պարզաբանումներ է տվել, որպեսզի սյունեցիները տեղյակ լինեն մանրամասներին։

Դավիթ Դանիելյանը հայտարարեց, որ ՔՊ կուսակցության անդամ է, չի պատրաստվում դուրս գալ կուսակցությունից, թեեւ հաջորդ գումարման խորհրդարանում մանդատ չի ունենալու, բայց շարունակելու է լինել սյունեցիների կողքին. «Ես մանդատով չէ, որ եղել եմ սյունեցիների կողքին, ես այդ հող ու ջրի մարդ եմ»։

Վստահեցրեց՝ ՔՊ վարչության այդ որոշման համար վիրավորված չէ․ «Ինձ որ վիրավորում են, ես պատասխանում եմ»։

Բացառեց, որ կառավարությունում պաշտոն կստանձնի՝ Արայիկ Հարությունյանի հետ մտերմության շնորհիվ, որն, ի դեպ, ըստ ասեկոսեների, օգնել է իրեն ձայներ հավաքելու հարցում․ «Ես ձեզ տղամարդկային արժանապատվությամբ ասում եմ՝ Արայիկ Հարությունյանը որեւէ կապ չունի իմ հավաքած ձայների հետ։ Ընդհանրապես ես իր հետ այդպիսի խոսակցություն չեմ ունեցել։ Ես որեւէ առաջարկ չունեմ գործադիրից, ես պատգամավոր եմ դեռ երկու ամիս եւ կոռեկտ էլ չի խոսել նման բաների մասին»։

Հավելեց, որ իր հետագա անելիքների մասին կխոսի իր պատգամավորական լիազորությունների ավարտից հետո։

Նա հավելեց, որ իր մասով որոշումը ՔՊ վարչությունում կայացվել է բաց քվեարկությամբ, բայց միաձայն չի եղել։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031