Սամվել Կարապետյանին թույլատրվել է ֆեյսբուքում տեսաուղերձ հրապարակել
Հայաստանի քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով 2026 թվականի մարտի 18-ին ստացվել է մեղադրյալ Սամվել Սարգսի Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը՝ Սամվել Կարապետյանի կողմից տեսաուղերձով հանդես գալու թույլտվություն ստանալու վերաբերյալ:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանին տեսաուղերձով նախընտրական քարոզչության շրջանակներում ՀՀ քաղաքացիներին դիմելու թույլտվության և դրա ձևաչափի հարցի լուծումը գտնվում է վարույթի հանրային մասնակցի՝ տվյալ դեպքում նախաքննական մարմնի տիրույթում, վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել ներկայացված միջնորդությունը բավարարելու մասին՝ թույլատրելով մեղադրյալ Սամվել Սարգսի Կարապետյանին «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական գործունեության, ծրագրերի և մոտեցումների ներկայացման համատեքստում Facebook սոցիալական ցանցում հրապարակել տեսաուղերձ:
Կարդացեք նաև
Փաշինյանի այն հայտարարությունը, թե բարերար Սամվել Կարապետյանին թույլատրել են տեսաուղերձով հանդես գալ, հերթական մանիպուլյացիան էր, գտնում է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Այս ողջ ժամանակահատվածում հերթական սուտն էր տարածվում և Սամվել Կարապետյանին թույլ չէին տվել տեսաուղերձով հանդես գալ: Դատական ակտը ստացել ենք մարտի 17-ին, իսկ մարտի 18-ին արդեն դիմել ենք Քննիչին, որ թույլտվություն ստանանք և Սամվել Կարապետյանի խոսքը փոխանցենք հանրությանը:
Գործադիր իշխանության ղեկավարը կարծես ակնարկում է, որ պետք է անտեսենք դատարանի որոշումը, բայց դա նույնիսկ Սոմալիում ընդունված չէ, բայց հետաքրքիր էր:
Ի դեպ, մարտի 19-ին Քննչականը պատասխանել է Գործադիր իշխանության ղեկավարին, ԶԼՄ-ներին, որ բավարարել են մեր միջնորդությունը, բայց ես դեռևս որոշումը չեմ ստացել:
Սա է իրավիճակը, հենց կստանանք որոշումը, իհարկե ավելի մանրամասն կներկայացնեմ։
Ի դեպ, սիրելի հայրենակիցներ, քաղաքական հետապնդումների ծավալը Հայաստանի Հանրապետությունում հենց առաջին ցուցիչն է վախերի, վախերի և մարդասիրության ճգնաժամի։ Այս երկու հանգամանքները հաղթահարելու մեխանիզմը կա մեր սահմանադրության մեջ, ի դեպ անփոփոխելի հոդված հանդիսացող երրորդ հոդվածում, որ իրավունքը պետք է գերակայի, և վստահ եմ, իրավունքը գերակայելու է, քաղաքական հետապնդումներին վերջ տրվելու է, և հենց այս մոտեցումներն էլ ունեն մեր հանրության աջակցությունը»:


















































