Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի չափանիշները ձևավորում են Հայաստանի` արտահանձնման պրակտիկան

Մարտ 19,2026 23:30 Share

Արտահանձնման հարցումների քննությունը դատարաններից պահանջում է հավասարակշռել երկու հիմնարար պարտականություն՝ աջակցել հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցությանը և միաժամանակ երաշխավորել, որ որևէ անձ չարտահանձնվի այնպիսի երկիր, որտեղ նրան կարող են սպառնալ խոշտանգումներ, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք, կամ անարդար դատաքննություն։

Այս համատեքստում ներպետական դատարանները, մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը, պետք է իրականացնեն նման գործերի մանրակրկիտ և անհատականացված գնահատում։ Այս մարտահրավերներն առավել արդիական են դառնում, քանի որ արտահանձնման հարցումների թիվը շարունակում է աճել, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող պետություններից:

Ներպետական մարմիններին աջակցելու նպատակով մարտի 18-ին կազմակերպվել էր աշխատաժողով, որը համատեղ հարթակ էր ստեղծել Վճռաբեկ դատարանի դատավորների և փորձագետների, Գլխավոր դատախազության ներկայացուցիչների, ինչպես նաև Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների համար։ Մասնակիցները Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետների հետ միասին քննարկեցին իրավական և գործնական մարտահրավերները, ինչպես նաև մարդու իրավունքների եվրոպական չափանիշների արդյունավետ կիրառումն ապահովելու ուղիները։

Բացման խոսքում Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն իր երախտագիտությունը հայտնեց ազգային գործընկերներին՝ սերտ համագործակցության և նվիրվածության համար։ Նա ընդգծեց. «Աշխատաժողովը տևական կարողություններ ձևավորելու գործընթացում ավելի լայն ջանքերի մի մասն է։ Անկասկած, պետական հաստատությունների միջև ամուր մասնագիտական ​​երկխոսությունը կարևոր է նոր առաջացող մարտահրավերներին արձագանքելու և իրավական պրակտիկայի հետևողականությունն ապահովելու համար»։

Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպայի խորհրդին աշխատաժողովի նախաձեռնության համար և նշեց, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը համապարփակ փոխգործակցություն է ծավալում Եվրոպայի խորհրդի կառույցների հետ` կարևորելով Եվրոպայի խորհրդի առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության ապահովման, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում։ Նա հավելեց․ «Միջոցառման օրակարգում ընդգրկված հարցերը թիրախային են, որոնց վերաբերյալ քննարկումներն առանցքային նշանակություն ունեցող մի շարք ոլորտներում կնպաստեն միջազգային առաջադեմ չափանիշների արդյունավետ կենսագործմանը»։

Իր խոսքում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ողջունեց միջոցառման կազմակերպումը նման հետաքրքիր համագործակցության ձևաչափով և նշեց. «Շատ կարևոր է քննարկել արտահանձնման գործնական կիրառման առանձնահատկությունները, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և միջգերատեսչական համագործակցության համատեքստում»։

 

Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման շարունակական աջակցություն» ծրագրի կողմից, որն իրականցվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակներում։

 

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031