Լրահոս
Արևային մարդիկ
Օրվա լրահոսը

Արևային մարդիկ

Մարտ 21,2026 09:30 Share

Մարտի 21-ի՝ Դաունի համախտանիշի համաշխարհային օրվա առիթով Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արմեն Փիրուզյանի և Գոհար Շահսուվարյանի «Բժշկական բացահայտումների ներկապնակ» գրքի «Արևային մարդիկ» գլուխը։

Դաունի համախտանիշը (Down syndrome) առավել տարածված (1:660) քրոմոսոմային խաթարումներից է, որը ուղեկցվում է արտաքին տեսքի առանձնահատկություններով, ներքին օրգանների արատներով և մտավոր զարգացման հապաղումով։ Պատճառը ավելորդ երրորդ 21 քրոմոսոմի առկայությունն է կամ, ավելի հազվադեպ՝ տրանսլոկացիան (քրոմոսոմների տեղափոխությունը):

Ճակատագրի հեգնանքով, անգլիացի բժիշկ Ջոն Լենգտոն Դաունի թոռը, որին նա երբեք չէր տեսել, սակայն որը կրում էր նրա անունը, Ռեջինալդ որդու երեխան, ծնվել էր մի հիվանդությամբ, որը հետագայում անվանվեց Դաունի համախտանիշ` ի պատիվ ավագ Ջոն Լենգտոն Դաունի, որը նկարագրեց համախտանիշը 1866 թ.։

Սակայն Դաունի համախտանիշին բնորոշ դիմագծերով մարդկանց պատկերներ մեզ են հասել շատ ավելի վաղ ժամանակաշրջանում ստեղծված կտավներով, որոնցից մեկը ֆլամանդական անհայտ նկարչի «Երկրպագություն մանուկ Քրիստոսին»` 1515 թ. ստեղծած կտավն է: Մարիամի կողքին պատկերված հրեշտակը և, հնարավոր է նաև կենտրոնական դիրք զբաղեցնող հովիվը նույնպես, ունեին Դաունի համախտանիշ: Նման ենթադրությունը հիմնված է հետևյալ առանձնա- հատկությունների վրա՝ աչքերի շեղ մոնղոլոիդ բացվածք, էպիկանտային ծալքեր, փոքր քիթ, կիսաբաց բերան, բրախիդակտիլիա (կարճ մատներ): Ճիշտ նույն նկարագրությունը կարող ենք տեսնել գենետիկական համախտանիշների դասագրքում՝ Դաունի համախտանիշի կլինիկական նշանների բաժնում:

Եվրոպական նկարիչ, վանական՝ Ֆիլիպո դի Տոմազոյի կտավներից մեկի՝ «Մադոննա դելա Գումիլիտա»-ի (1429-1432 թթ.) հետին պլանին պատկերված երկու հրեշտակների մոտ ևս առկա են նման դիսմորֆիզմներ: Ենթադրվում է, որ «փոքրիկ հրեշտակներին» նկարիչը կարող էր հանդիպել մանկատանը, ուր անցել էր նրա մանկությունը։

Ֆիլիպո դի Տոմազո, «Մադոննա դելա Գումիլիտա»

Պադուանական նկարչական դպրոցի ներկայացուցիչ, իտալացի գեղանկարիչ Անդրեա Մանտենյան (Andrea Mantegna, մոտ. 1431-1506) կրոնական թեմաներով ստեղծված առնվազն երկու կտավներում պատկերել է Դաունի համախտանիշի կլինիկական չափանիշներին համապատասխանող երեխաների պատկերներ: Երկու կտավներն էլ նկարվել են մոտավորապես նույն ժամանակահատվածում: Որոշ պատմաբաններ ենթադրում են, որ բնորդի դերում հանդես է եկել Մանտենյայի սեփական որդին կամ էլ Մանտույա քաղաքի մեծահարուստ ընտանիքներից մեկում՝ Գոնզագա ընտանիքում ծնված, Դաունի համախտանիշով երեխան: Այնուամենայնիվ, պատկերված մանուկի մոտ դիտվող առանձնահատկությունները մեծ հավանականությամբ վկայում են նրա մոտ Դաունի համախտանիշի առկայության մասին:

Անդրեա Մանտենյա, «Տիրամայրը մանկան հետ», 1460 թ․

Ամբողջ աշխարհում Դաունի համախտանիշով երեխաներին անվանում են «արևային», քանի որ նրանք առանձնանում են բնավորության «հրեշտակային» գծերով՝ բարությամբ, ազնվությամբ, նվիրվածությամբ: Հավանաբար, նրանց հասարակությանը ինտեգրման խնդիրը արդիական է եղել դեռևս պատմական ժամանակներից և, հրեշտակների կերպարով պատկերելով, արվեստագետները փորձում էին ցույց տալ, որ եթե այդ մարդիկ ունեն իրենց տեղը Աստծո կողքին, ապա հասարակության կողմից ևս պետք է ընդունված լինեն: Հասարակական գործիչ Էլեն Ստամբոն (Ellen Stumbo), որի շնորհիվ հիմնված կազմակերպությունը աջակցում է սահմանափակ հնարավորություններով մարդկանց, գրում է. «Երբ իմ դուստրը ծնվեց Դաունի համախտանիշով, ինձ մոտ առաջացան բազմաթիվ հարցեր նրա ապագայի հետ կապված: Նա ընդամենը մի քանի ամսական էր, երբ ինձ Դաունի համախտանիշով նկարիչ Մայքլ Վասերմանի աճուրդի հասցեով հղում ուղարկեցին: Մի քանի տարի հետո ես կապ հաստատեցի գրող Ջոաննա Պուչիատայի հետ, որն ինձ հրավիրեց Դաունի համախտանիշով իր քրոջ՝ Քաշիի ցուցահանդեսին: Նրա նկարները լի էին հույզերով, նրանց միջոցով ես զգում էի Քաշիի տխրությունը, ես ցնցող գեղեցկություն էի տեսնում վրձնի յուրաքանչյուր շարժումի միջոցով իր զգացմունքներով կիսվելու ունակության մեջ: Դաունի համախտանիշով մարդիկ յուրահատուկ աշխարհայացք ունեն կյանքի հանդեպ, և նրանց ստեղծագործությունները արտացոլում են դա»։

«The Mighty» կազմակերպության շնորհիվ՝ ամբողջ աշխարհում հայտնի դարձան Դաունի համախտանիշով, ստեղծագործական տաղանդով օժտված մի խումբ նկարիչներ, որոնց մենք ևս չէինք կարող չանդրադառնալ:

Կասիա Պուչիատա (Kasia Puciata), 1961-2004

Կասիա Պուչիատա

Երբ Պուչիատան ծնվեց Լեհաստանում, շատերը խորհուրդ էին տալիս հարազատներին թաքցնել նրան կամ հանձնել որդեգրման այլ ընտանիքի: Սակայն ժամանակի ընթացքում հարևաններն ընդունեցին մշտապես պայծառ և շփվող երեխային: Հայտնի արվեստագետներից մեկը պատահաբար տեսավ Պուչիտայի նկարները, որոնք արտացոլում էին նրա խոր հոգին և ներքին հուսահատությունը: Շուտով աղջիկը տաղանդավոր նկարչուհու համբավի արժանացավ: Նրա ստեղծագործությունները ցուցադրվել են Վրուբելի պատկերասրահում, Չիկագոյի թանգարաններից մեկում, Ֆրանսիայում և Գերմանիայում կազմակերպված ցուցահանդեսներում:

Ալան Տելեզ (Alan Tellez), 1988 թ.

Ալան Տելեզ

Տելեզը մեքսիկացի նկարիչ է, որը սկսել է ստեղծագործել 17 տարեկանից, նա սովորել է Մեքսիկայի հանրահայտ արվեստի ինստիտուտում և հաճախել է նաև մասնավոր դասերի: Նրա նկարները ցուցադրվել են Մեխիկոյի և Նյու Յորքի պատկերասրահներում: Տելեզի արվեստը ոգեշնչված է Ժոան Միրոյի և Պիկասոյի ստեղծագործություններից: Վերջին ժամանակներում նա կենտրոնացել է դեմքեր նկարելու և յուրաքանչյուրի անհատականությունը ընդգծելու վրա: Ալանը՝ «երազներ գունավորող է», որը գույների միջոցով ներսուզվում է՝ իր սեփական աշխարհը ճանաչելու, քանի որ նրա համար երևակայությունը տրանսֆորմացիայի հզոր ուժ է:

Բեռնադետ Ռեշա (Bernadette Resha), 1978 թ.

Բեռնադետ Ռեշա

Ռեշան ծնվել է Նեշվիլում: Մանկուց այցելել է բազմաթիվ թանգարաններ, ցուցահանդեսներ, համերգասրահներ: Հարազատները նրան հորդորել են նկարել և գունազարդել՝ որպես ինքնաարտահայտվելու միջոց: Վերջ ի վերջո դա հանգեցրեց սեփական ոճի ձևավորմանը: Այժմ նրա ստեղծագործությունները ցուցադրվում և վաճառվում են տարբեր երկրներում: «Իմ նպատակը ունակություններս կատարելագործելն է: Ես ուզում եմ բարելավել եռաչափության, լուսավորության, ստվերների և ձևի պատկերումը, նաև սովորել ստանալ նոր գույներ»,- գրում է Ռեշան:

Էշլի Բիրկհեդ (Ashlee Jane Birckhead)

Էշլի Բիրկհեդ

Բիրկհեդը ծնվել և մեծացել է Էդենտոն գեղեցիկ պատմական քաղաքում: Նրա հետաքրքրությունը արվեստի հանդեպ սկսվել է մանկուց, գիտորեն զբաղվել է 2001 թ.։ Էշլին բնույթով ամաչկոտ և ինքնամփոփ երեխա էր, սակայն մասնա և նկարչությունը նրա համար դարձավ կյանքի բարդությունները հաղթահարելու միջոց: Սիրած թեման կենդանիներն են: Բիրկհեդի գործերը ցուցադրվել են Ֆենիքսում, Դետրոյթում, Նյու Յորքում և այլ քաղաքներում: «Ես սիրում եմ նկարել, որովհետև դա իմ կյանքն է: Ես շատ խորամանկ եմ: Ինձ դուր են գալիս իմ նկար-ների դետալները, զվարճալի է պատկերել խենթ գույներ և կերպարներ: Ինձ դուր է գալիս լինել հայտնի նկարչուհի, նոր ընկերներ և երկրպագուներ ձեռք բերել»:

Մեգան Հոուկ (Megan Hawk)

Մեգան Հոուկ

Ավարտելով՝ միջնակարգ դպրոցը՝ Հոուկը այցելում է նկարչության դասընթացների՝ «Դաունի համախտանիշ» ծրագրով, որտեղ ծանոթանում է Շառլոտա Լինք անունով ուսուցչուհուն: Վերջինս բացահայտեց Հոուկի տաղանդը և նպաստեց նրա առաջընթացին: Սիրված հերոսները կենդանիներն են: Այժմ Մեգանի նկարները կարել է տեսնել «Դաունի համախտանիշ» կազմակերպության գրասենյակում: Հոուկի նկարներից մեկը վաճառվել է աճուրդում 1100 դոլարով, իսկ գումարը փոխանցվել է կազմակերպությանը:

Մայքլ Վասերման (Michael Wasserman), 1961 թ․

Մայքլ Վասերման

Մինչև 39 տարեկանը Վասերմանը նախընտրել է սև գույնը։ 2001 թվականից միայն նա բացահայտեց վառ գույների հարուստ աշխարհը: Մեկ շաբաթվա ընթացքում ակրիլային ներկերով Մայքլը նկարեց 6 նկար: Վրձնի ամեն շարժումով նա մաքրում էր իր հոգին: Գեղարվեստական աճուրդում Վասերմանի նկարներից յուրաքանչյուրը վաճառվել է 400 դոլարով, և ամբողջ հասույթը փոխանցվել է կազմակերպություններին, որոնք զբաղվում են սահմանափակ հնարավորություններով մարդկանց կյանքի որակի բարելավմամբ:

Այս նկարիչների օրինակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ գեղարվեստը ենթագիտակցության ծնունդ է և, ինչպես երաժշտությունն ու սերը, հոգու գոյության ապացույցներից մեկն է։

Գլխավոր նկարը՝ անհայտ նկարչի, «Երկրպագություն մանուկ Քրիստոսին», 1515 թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031