Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվեստի գրոհ» կամ «ճամփորդական» համախտանիշեր

Ապրիլ 17,2024 09:30

«Բժշկական բացահայտումների ներկապնակ» գրքում բժիշկներ Արմեն Փիրուզյանն ու Գոհար Շահսուվարյանը շատ հետաքրքիր համախտանիշեր են նկարագրում, որոնք կապված են մշակույթի, արվեստի գործիչների ու նաև՝ ճանապարհորդությունների հետ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գրքի՝ «ճամփորդական» համախտանիշերին նվիրված մի դրվագ, որն օգտակար կլինի, եթե պատրաստվում եք բացահայտել աշխարհի՝ մշակութային հարուստ ժառանգություն ունեցող երկրները։

«Մի տեսակ արբեցած էի Ֆլորենցիայում լինելու մտքից, որտեղ այնքան մոտ էի բոլոր մեծերին, որոնց գերեզմանները ես տեսա։ Վեհ գեղեցկության մասին մտորումներում ընկղմված․․․ Ես հասել էի այն կետին, որտեղ մարդն իրեն զգում է յոթերորդ երկնքում։ Ամեն ինչ այնքան հոգեհարազատ էր։ Եթե միայն կարողանայի մոռանալ։ Սիրտս արագ էր բաբախում, Բեռլինում կասեին, թե դա «նյարդերն են»։ Կարծես մեջս կյանք չէր մնացել։ Քայլելիս ոտքերս չէի զգում, ինձ թվում էր, թե ուր որ է՝ կընկնեմ»։ Այս տողերը պատկանում են 19-րդ դարի ֆրանսիացի հայտնի գրող Ստենդալին։ Իր «Ճանապարհորդություն Միլանից Ռեջիո» գրքում նա ներկայացրել է այն տպավորություններն ու հույզերը, որ պաշարել են իրեն 1817 թ․՝ առաջին անգամ Ֆլորենցիա այցելության ժամանակ։ Ստենդալին հատկապես ցնցել էր Սուրբ խաչի բազիլիկան, որտեղ թաղված են Մաքիավելին, Միքելանջելոն և Գալիլեո Գալիլեյը։

1979 թ․ իտալացի հոգեբույժ Գրացիելա Մագհերինին նկարագրված հոգեսոմատիկ վիճակն անվանեց «Ստենդալի համախտանիշ»։ Նմանատիպ երևույթներ՝ արագ սրտխփոց, գլխապտույտ, ուշագնացություն, գիտակցության մթագնում, երբեմն՝ հալյուցինացիաներ, նա փաստագրել էր ավելի քան 100 զբոսաշրջիկների մոտ Ֆլորենցիայի պատմա-տեսարժան վայրեր այցելության, մասնավորապես՝ Ուֆֆիցի հանրահայտ պատկերասրահում մեծանուն վարպետների գործերի դիտարկման ժամանակ։ Ստենդալի համախտանիշն անվանում են նաև «Ֆլորենցիայի համախտանիշ» կամ հիպերկուլտուրեմիա։

Ֆլորենցիայի Սանտա-Մարիա Նուովո հիվանդանոցի անձնակազմը, որին հաճախ են դիմում արվեստի գործերը դիտելու հետևանքով ապակողմնորոշված, շշմած ու շփոթված, ընդարմացման մեջ գտնվող զբոսաշրջիկները, այս ֆենոմենն անվանում է «արվեստի գրոհ» (art attack), ինչպես, օրինակ, միոկարդի ինֆարկտն անվանում են «սրտի գրոհ» (heart attack)։ Ստենդալի համախտանիշին նման են նաև «Երուսաղեմի համախտանիշը» և «Փարիզի համախտանիշը»։ Վերջինս հատկապես հաճախ է նկարագրվում տարեց ճապոնացի զբոսաշրջիկների մոտ և ավելի շատ նման է մշակութային շոկի։

 

Արվեստի հետ կապված հաջորդ հիշարժան բժշկական համախտանիշը «Սիքստինյան կապելլայի համախտանիշն» է, որի դասական տարբերակը նկարագրված է տարեց զբոսաշրջիկների մոտ Վատիկանում Սիքստինյան կապելլայի առաստաղի որմնանկարները դիտելու ժամանակ։ Այն դրսևորվում է գլխապտույտով և ուշագնացությամբ։ Պատճառը վերտեբրո-բազիլյար զարկերակների ավազանում ուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարումն է, որը կապված է պարանոցի դիրքի և այդ զարկերակների աթերոսկլերոզի հետ։ Ի տարբերություն Ստենդալի համախտանիշի, հեգեհուզական վիճակն այստեղ դեր չի խաղում։ Փորձված զբոսավարները գիտեն այս մասին և տարեց զբոսաշրջիկներից բաղկացած խմբերին Սիքստինյան կապելլան ցուցադրում ու մեկնաբանում են միայն որոշակի անկյուններում կանգնած դիրքից»։

Մեր կողմից անդրադառնանք «Երուսաղեմի համախտանիշին», որն առաջին անգամ նկարագրվել է 1930-ական թթ․ հոգեբույժ Հայնց Հերմանի կողմից․ այս տարօրինակ երևույթը, որն ըստ էության, փսիխոզ է, կարող է դրսևորվել Երուսաղեմ այցելող զբոսաշրջիկների շրջանում՝ արտահայտվելով 3 ձևերով, որոնցից ավելի տարածված է հետևյալ տեսակը․ մարդը, որը նախկինում հոգեկան անկայունություն չի ցուցաբերել, հայտնվելով Երուսաղեմում, առանձնանում է զբոսաշրջիկների խմբից, դառնում է ծայրաստիճան մաքրասեր, մարմինը ծածկում է սպիտակ սավանով ու սկսում է քարոզել քաղաքի փողոցներում կամ սրբավայրերում։

Թերևս այս համախտանիշով տառապող մարդու հետ կապված ամենահայտնի պատմությունը Ավստրալիայից ժամանած ուխտագնաց Դենիս Մայքլ Ռոհանի դեպքն է, որը 1969 թվականի օգոստոսի 21-ին փորձել է այրել ալ-Աքսա մզկիթը Տաճարի լեռան վրա, ինչը քաղաքում զանգվածային անկարգությունների տեղիք է տվել։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ 

Աղբյուր՝ «Բժշկական բացահայտումների ներկապնակ», City Monitor

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930