ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն առաջարկում է ԱԺ-ում կազմակերպել փակ քննարկում։ Նրա հայտարարության մեջ ասվում է.
«Վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ անձը։ Իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածող անձինք օգտագործում են այն հանգամանքը, որ ես, գերադասելով ազգային և պետական շահը, զերծ եմ մնում պատերազմին վերաբերող հարցերին հրապարակային պարզաբանումներ տալուց։
Հետևաբար, առաջարկում եմ Ազգային ժողովում կազմակերպել փակ ձևաչափով քննարկում 2020 թվականի պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ քննարկմանը ներգրավելով այդ ժամանակահատվածում պաշտոնավարած քաղաքական և ռազմական առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանց, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալներին առնչվելու համապատասխան թույլտվություն ունեցող քաղաքական և հասարակական գործիչներին և զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներին։ Ժամանակն է առերեսվել իրականության հետ և պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները։ Պատրաստ եմ զինված ուժերին վերաբերելի մասով ներկայացնել մանրամասն և բազմակողմանի փաստարկված վերլուծություն»։


















































