Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոմանք ընդհանրապես արյան վրա կարիերա են անում։ Այդպիսի կերպարներից է Անդրանիկ Քոչարյանը»․ Էդմոն Մարուքյան

Մայիս 20,2026 16:18 Share

«2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործով արվել է հնարավոր ամեն ինչ, իշխանությունները որևէ նոր բան բացահայտել չեն կարող»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ «մարտի 1»-ի գործը բացահայտված է։

Իր բնութագրմամբ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք նախկինում տեղի ունեցած բազմաթիվ կոռուպցիոն գործեր փակվել, կոծկվել են՝ վաղեմության ժամկետի պատրվակով՝ թե՛ քաղաքացիաիրավական, թե՛ քրեական գործերով․ «Բայց սա էլ է շահարկվում՝ կգանք, թալանը ետ կբերենք։ Մարդիկ պետք է իմանան, որ այդ իմաստով էլ են իրենք խաբվել։ Ջրել են նախորդ ռեժիմների կոռուպցիոն գործերը»։

Ասում է՝ հավատալ, որ Նիկոլ Փաշինյանը թալանը ետ է բերելու, «մարտի 1»-ը նորից է բացահայտելու ու գնալ նրան ընտրել՝ կլինի խայտառակություն․ «Նա ասում է՝ գործը բացահայտված է, Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի։ Ինչպե՞ս կարելի է 8 տարի շարունակ երկիրը ղեկավարել՝ կառչած մնալով Քոչարյանին կալանավորելու թեմայից։ Դա սուտ է, ոչ ոք էլ չի նստի»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ հավելելով․ «Ուզում են վերընտրվել, գնալ խորհրդարան, միասին Ստրասբուրգներում շրջագայել, ինչը մենք տեսանք վերջին 5 տարիներին»։

«Նույն պատմությունն է նաև Հոկտեմբերի 27-ի գործի հետ․ ոմանք ընդհանրապես արյան վրա կարիերա են անում։ Այդպիսի կերպարներից է Անդրանիկ Քոչարյանը։ Այս անձնավորությունն իր կարիերան սկսել է 0038 գաղտնի հրամանով («Մարտի 1»-ի գործ), հետո դարձել պատգամավոր, Ապրիլյան պատերազմի թեմայով պահպանել է հանձնաժողովի նախագահի պոստը, իսկ հետո զբաղվել 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցով»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Ինչ վերաբերում է հարցին, որ 44-օրյա պատերազմի զեկույցն այդպես էլ չի հրապարակվել, Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում հրապարակել այն, որպեսզի ավելորդ անգամ չնյարդայնացնեն Ալիևին։

Մանրամասները՝ տեսանյութում։

«Լուսավոր Հայաստանն» այսօր իր նախընտրական քարոզարշավն իրականացնում էր 2008 թվականի մարտի 1-ի զոհերի hուշարձանի մոտ։

Կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված հրապարակախոս Կարպիս Փաշոյանի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը «մարտի 1»-ի զոհերին եւ այդ օրը թափված արյունը ամենաշատը շահարկած գործիչն է․ «Ինքն արժեզրկեց, հեղինակազրկեց այդ կարեւոր խորհուրդը։ Այդ իրադարձությունը «Պրահայի գարունի» պես մի բան դարձավ մեզ համար․ դրա արդյունքում ձեւավորվեց որակյալ, ինտելեկտուալների մի սերունդ, քաղհասարակություն ձեւավորվեց, որոնք սկսեցին պայքարել տարատեսակ թեմաներով։ Սա շատ կարեւոր խորհուրդ էր, որն այս իշխանությունը պղծեց։ Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները դա միայն ժողովրդին կեղծավորություն անելը չի, այդ զզվելի, լպրծուն սրտիկները ցույց տալով չի։ Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների դրսեւորման ամենաճիշտ ձեւերից մեկը, ես կարծում եմ, քաղաքացիների անունից ճիշտ որոշում կայացնելն է։ Պոպուլիստ իշխանությունը չի կարողանում ճիշտ որոշումներ կայացնել, դա ամենամարդատյաց եւ մարդու իրավունքները խախտող իշխանությունն է։ Օրինակ՝ 44-օրյա պատերազմում մեր զոհերի մի զգալի մասը քաոսի, ոչ ճիշտ կառավարման, որոշում չկայացնելու պատճառով են եղել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031