«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը տնային կալանքի ռեժիմում գտնվելու պատճառով իր տանը Armenia TV-ին տված հարցազրույցում բավականին կոշտ է արձագանքել Նիկոլ Փաշինյանի՝ իր մասին արած արտահայտություններին։
-Այսօր Ադրբեջանի հետ ունենք խաղաղության նախաստորագրված պայմանագիր։ Իշխանությունն ասում է, որ եթե դուք կամ ընդդիմադիր մյուս ուժերը Հայաստանում իշխանության գան, ապա պատերազմն անխուսափելի է։ Կարո՞ղ եք մեր հասարակությանը վստահեցնել, որ Հայաստանը նոր պատերազմ չի տեսնի, եթե դուք լինեք կառավարող ուժը։
– Նայեք։ Հայ ժողովրդին պատերազմով սպառնում են Ալիևը, Փաշինյանը և «գորշ գայլերը»։ Ուրիշ ոչ ոք հայ ժողովրդին պատերազմով չի սպառնում։ Ես իրոք վստահեցնում եմ՝ որ օրը Փաշինյանը հեռացվեց Հայաստանի իշխանությունից, ոչ ոք նույնիսկ չի փորձի Հայաստանին և հայ ժողովրդին սպառնալ պատերազմով։ Դուք դա անմիջապես կտեսնեք։ Մենք կվարենք ճիշտ դիվանագիտություն, կունենանք լուրջ երաշխավորներ։ Եվ ոչ ոք չի համարձակվելու հարձակվել Հայաստանի, հայ ժողովրդի վրա։ Դա մենք ցույց կտանք շատ արագ։
-Ո՞ր երկրներն եք պատկերացնում, որոնք ձեր պատկերացմամբ կարող են լինել Հայաստանի անվտանգության երաշխավոր։
Կարդացեք նաև
Աշխարհի մասշտաբով երաշխավորներ լինում են միայն գերտերությունները, որպեսզի ներշնչեն վստահություն։ Եթե օրինակ եք ուզում, կարող եմ թվել։ Այդպիսի երկրներ կարող են լինել թե Ամերիկայի Միացյալ Նահանգները, թե Ռուսաստանը, թե Չինաստանը, թե Եվրամիությունը՝ իրենց ցանկության դեպքում։ Մենք հասնելու ենք նրան, որ ունենանք ճիշտ երաշխավորություն, որ մեր ժողովրդին ոչ մեկը չկարողանա սպառնալ։
-Օրինակ, իշխանությունն առաջարկում է, որ Հայաստանը կարող է Ադրբեջանի համար լինել խաղաղության երաշխավոր, և Ադրբեջանը կարող է լինել Հայաստանի համար երաշխավոր։ Կարո՞ղ է այդպես լինել։
Այդպիսի անպատասխանատու հայտարարություն կարող է անել միայն Փաշինյանի իշխանությունը և Փաշինյանը։ Ինչպե՞ս մենք կարող ենք վստահել Ալիևին և Ալիևի երաշխավորությանը։ Դրա համար ես միշտ ասում եմ՝ այս մարդը ընդամենը տեղադրված մարդ է մեր երկրում։ Եվ չի կարող ապահովել մեր երկրի անվտանգությունը։ Ինքը արդեն ցույց է տվել, որ թույլ, անկարող ղեկավար է, վախկոտ է, ինքը վախենում է Ալիևից։ Մենք չենք վախենում Ալիևից։ Մենք շատ արագ ենք բերելու խաղաղություն մեր երկրին։ Եվ վստահելի, երկարատև խաղաղություն։
-Ձեր այն հայտարարությանը, թե իշխանությունների վերընտրվելու դեպքում 300 հազար ադրբեջանցիներ կարող են գալ և բնակություն հաստատել Հայաստանում, իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը արձագանքում է՝ նա դեռ տասնամյակներով չի կարողանալու հեռանալ Հայաստանի Հանրապետությունից, նա պիտի գտնվի ՔԿՀ-ում որպես լրտես։ Ձեր մեկնաբանությունը։
Ես չեմ էլ պլանավորում այս տասնամյակում հեռանալ Հայաստանից։ Ես պլանավորել եմ աշխատել հայ ժողովրդի համար։ Շուտով մենք տոնելու ենք մեծ հաղթանակ։ Եվ Փաշինյանը շատ ճիշտ է ասում։ Ես մնալու եմ։ Իսկ որտեղ եմ ես գտնվելու, վստահ եղեք, ես եմ որոշելու։
Փաշինյանը հունիսի 7-ից հետո ոչ մի որոշում չի կարող կայացնել։ Առավել ևս՝ իմ ապագայի մասով։ Ինքը ավելի ճիշտ կանի՝ երկար մտածի իր և իր խմբակի ապագայի մասին։
Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանցիների՝ Հայաստան գալուն, մարդկանց թվում է՝ մենք այդ հարցով նախընտրական ինչ-որ քարոզարշավ ենք իրականացնում։ Դա արդյունք է այն հայտարարությունների, որ մենք ամեն օր լսում ենք Ալիևից և իր օգնականներից։ Եթե չկա այդպիսի բան, ես առաջարկում եմ՝ թող Փաշինյանը վաղն առավոտյան հայտարարի, որ հունիսի 18-19-ին Նախիջևանում Ալիևը չի կարող անցկացնել փառատոն։
Մեր բոլոր անհանգստությունները նրանից են, որ այս մարդը չի կարողանում հակաճառել Ալիևին, Ադրբեջանի մոտեցումներին, բոլոր այն վտանգավոր հայտարարություններին, որ արվում են մեր երկրի և մեր ժողովրդի հասցեին։ Մենք դրա մասին ենք խոսում։ Մենք դա չենք օգտագործում ձայներ հավաքելու համար։ Բայց մենք պարտավոր ենք ամեն օր թմբկահարել մեր անհանգստությունները, քանի որ ամեն օր տեսնում ենք թույլ և թուլացող կառավարություն։ Դա վտանգ է մեր երկրի համար։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































