«Ես ունեմ խորը կասկածներ, որ Ղազախստանից կարող է գնացած լինեն այդ սարքավորումները Ուկրաինա, որովհետև Ղազախստանը տևական ժամանակ է՝ երկակի այդ խաղը խաղում է»,- Aravot.am-ին ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ մեկնաբանելով Ուկրաինայի տարածած պաշտոնական տեղեկատվությունը, ըստ որի՝ Ադրբեջանը Ուկրաինային է փոխանցել գրեթե 40 տոննա սարքավորում՝ երկաթուղային համակարգի գործունեությունն ապահովելու նպատակով։
«Կարևոր հանգամանք է, որ թուրքական արտադրանքը չի կարող Ուկրաինայում աշխատել, որովհետև Թուրքիայի երկաթուղիների ու Ուկրաինայի երկաթուղիների իդենտիֆիկացումը տարբեր է»,- ասաց Բալասանյանը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի էներգետիկայի նախարարության հաղորդագրությունում նշվում է նաև, որ օգնությունը տրամադրվել է Ադրբեջանի կառավարության կողմից՝ որպես հումանիտար աջակցության հերթական փաթեթ, և այն նախատեսված է երկաթուղային ենթակառուցվածքի աշխատանքի պահպանման համար՝ ռուսական հարվածների հետևանքով հասցված վնասների պայմաններում։
«Ղազախստանը, Ադրբեջանը և մի քանի այլ երկիր անթաքույց աջակցում են Ուկրաինային այս պատերազմում։ Դա ունի և՛ քաղաքական, և՛ տնտեսական նշանակություն։ Ադրբեջանը նաև Ուկրաինայում մեծ կորուստներ ունի։ ՍՈԿԱՐ-ի պահեստներն ամբողջությամբ այրվել են։ Դրա համար Ադրբեջանն էլ է միջնորդավորված մտել այդ պատերազմի մեջ։ Չեմ կարծում, որ դա լավ տեղ է տանելու։ Եթե հնարավորություն ունենայինք ավելի խորը քաղաքականություն վարելու, կարելի էր Արցախի հարցը արհեստական կերպով օրակարգ բերել ու Ադրբեջանին փորձել Մոսկվայի ձեռքով ցավեցնել։ Ուղղակի այս պահի դրությամբ նաև հնարավորության հարց է, որը որոշում կայացնողները երևի չունեն՝ մասնագիտական պահանջվող որակավորումը»,- ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ Ադրբեջանի քաղաքականությունը շատ պարզ է։ Նախ՝ 2024 թվականին ինքնաթիռի հետ կապված դեռ մուռը հանում են, երկրորդ՝ Ադրբեջանը գնում է հարաբերությունների սրման ՌԴ-ի հետ, որ նաև ԹՐԻՓՓ-ի հետ կապված ռուսական ներկայացվածությունը չլինի, իրենք ասեն՝ մեր հարաբերությունները վատ են, իրենք պետք է ներկայացված չլինեն։
Հիշեցնենք, որ միջազգայնագետի նշած ինքնաթիռի միջադեպը 2024 թվականի դեկտեմբերին էր՝ Ղազախստանի Ակտաուի մոտ կործանված «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) Embraer 190 ուղևորատար ինքնաթիռի դեպքը։ Այդ դեպքից հետո Ադրբեջանի իշխանությունները հրապարակայնորեն մեղադրեցին Ռուսաստանին, որ ինքնաթիռը վնասվել է ռուսական հակաօդային պաշտպանության գործողությունների հետևանքով, ինչն էլ լուրջ լարվածություն առաջացրեց երկու երկրների հարաբերություններում։
Բալասանյանից նաև հետաքրքրվանք՝ հնարավո՞ր է՝ Ադրբեջանը այդ երկաթուղային սարքավորումները փոխանցի Ուկրաինային՝ ԵՄ երկրների մոտ քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով։ Ի պատասխան՝ ասաց, որ Ադրբեջանը ԵՄ-ի համար անգնահատելի գործընկեր է, ապա հիշեցրեց, որ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն ասում էր, որ Ադրբեջանը մեր դաշնակիցն է ու կարող է ցանկացած պահի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հայտ ներկայացնել։
«Դե պարզ է, թե ինչի համար։ Ադրբեջանն իրենց պետք է Իրանի դեմ գործողությունների համար և ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելու համար։ Հիմա իրենք իրենց խաղադրույքը դրել են Ադրբեջան-Հայաստան զույգի վրա ու, իրար պաս տալով, փորձելու են երկու երկրների և ՌԴ-ի հարաբերությունները վատացնել ու դա պատճառ դարձնել, որ Հարավային Կովկասից փորձեն հանել ՌԴ-ին։ Բացի այդ, Ադրբեջանը չի թաքցնում, որ փորձում է վերցնել եվրոպական գազի շուկան։ Սա, իհարկե, բլեֆ է, որովհետև Ադրբեջանը չունի այդքան գազ։ Դա ուրիշ գազ է լինելու, թե ինչ գազ է լինելու, կդժվարանամ ասել, բայց Ալիևի կարծիքով՝ փորձել կարելի է, իր համար կարևորն այն է, որ ՌԴ-ն այնտեղ գազ չմատակարարի»,- ասաց միջազգայնագետը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































