«ՀԱՊԿ-ի հետ կապված մի զարմանալի բան կա․ մեր իշխանությունները շատ տեղերում նաև արդարացի ՀԱՊԿ-ից իրենց դժգոհությունն են հայտնում, բայց միևնույն ժամանակ այդ դժգոհությունը ուղղված է հիմնականում Ռուսաստանի դեմ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նա մանրամասնեց․ «Լինելով ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում մեր պատվիրակության նախագահ` միշտ տեսել եմ, ու դա այսօր էլ կա, որ ադրբեջանամետ դիրքորոշում ունեցել է Ղազախստանը։ Իսկ այսօր Ղազախստանից մեր պետության վարչապետը բարձրագույն պարգև է ստանում։ Դեմ չեմ, որ Ղազախստանի հետ ունենանք լավ հարաբերություններ, բայց փաստն եմ արձանագրում։ Ղազախստանից պետական պարգև են ստանում, Տոկաևին հրավիրում են Հայաստան, ղազախական իշխանություններից՝ որպես ՀԱՊԿ անդամ, որևէ պահանջ չեմ լսում։ Այսինքն, ՀԱՊԿ ասելով Ղազախստան չենք հասկանո՞ւմ, Ղազախստանի հետ ամեն ինչ նորմա՞լ է։ Եթե ՀԱՊԿ-ում խնդիր կա, ո՞նց կարող ա Ղազախստանի հետ խնդիր չլինի։ Այսինքն, Ղազախստանի իշխանությունը պատրա՞ստ է եղել Ջերմուկի դեպքերում գար ու զորքեր դներ, Ռուսաստանի իշխանությո՞ւնն է դեմ եղել։ Ես նման տեղեկություն չունեմ։ Դժվար թե նման բան լինի»։
ՀԱՊԿ-ում, այո, կան խնդիրներ, բայց մեր զրուցակիցը գտնում է, որ Հայաստանը պետք է վերադառնա ՀԱՊԿ․ «Չկա միջազգային կառույց, որտեղ պրոբլեմներ չկան անդամ պետությունների միջև։ Եվ պետք է ընդուներ 2022 թվականի նոյեմբերին ՀԱՊԿ հայտարարությունը, որը արտաքին գործերի նախարարները համաձայնեցրել էին և միայն վերջին պահին Փաշինյանը հրաժարվեց։ Ես կարծում եմ, որ բոլոր խնդիրներով հանդերձ այդ հայտարարությունից բխող օժանդակությունը շատ ավելի կարևոր էր ու օգտակար էր Հայաստանի Հանրապետության համար ու մեր պետական ու անվտանգային շահը սպասարկելու համար, քան դրանից հրաժարվելը ու դրա տեղը ոչինչ չբերելը»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































