Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք, անշուշտ, պատրաստ եք դրան». Ինչ նկատի ունի գերմանացի պրոֆեսորը՝ Հայաստանի քոլեջների մասին խոսելիս

Սեպտեմբեր 21,2026 11:25 Share

Սեպտեմբերի 14-18-ը Erasmus+ QA4VET (Փորձնական հավատարմագրման իրականացում՝ աջակցելու որակի ապահովմանը Հայաստանի ՄԿՈՒ՝ մասնագիտական կրթության և ուսուցման հաստատություններում) ծրագրի շրջանակում Գերմանիայի Օֆենբախ քաղաքում կայացավ աշխատաժողով՝ նվիրված Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում իրականացված փորձնական հավատարմագրման արդյունքներին։

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Բեռլինի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, մասնագիտական կրթության ու որակի ապահովման միջազգային փորձագետ Էրվին Սեյֆրիդի հետ: Պատասխանելով ծրագրի վերաբերյալ Aravot.am-ի հարցին՝ պրոֆեսորը նշեց, որ հավատարմագրման շրջանակի մշակումը՝ անհրաժեշտ բոլոր չափանիշներով, անշուշտ, հավակնոտ նպատակ է: Նաեւ հավելեց, որ տպավորված է հայկական կողմի խանդավառությամբ: «Կարծում եմ՝ այդ ոգեւորությունը կարող է օգնել արդյունավետ և նպատակային կերպով օգտագործել ծրագիրը եւ հասնել նախանշված արդյունքների: Դուք անշուշտ պատրաստ եք դրան»։

Հարցին՝ իր կարծիքով ծրագիրը ինչքանո՞վ կբարելավի կրթության որակը հայաստանյան ՄԿՈՒ հաստատություններում, քոլեջներում, Էրվին Սեյֆրիդն այսպես արձագանքեց. «Արդյունքը ցույց կտա, թե գործը որքանով է լավ արված (the proof of the pudding is in the eating): Պետք է ունենալ այնպիսի գործիք, ինչպիսին փորձնական հավատարմագրումն է։ Ամեն դեպքում 2-3 տարուց հետո պարզ կլինի, թե ինչպես է նոր մոտեցումը օգնել բարելավել ծրագրերի իրականացումը։ Հավանաբար այն պետք է մի փոքր հարմարեցվի, վերաձեւակերպվի»։

Էրվին Սեյֆրիդի ձեւակերպմամբ, շատ կարեւոր է ուսանողների ներգրավվածությունը որակի ապահովման գործընթացում, ուսանողները պասիվ գիտելիք ստացողներից պետք է վերածվեն ակտիվ շահագրգիռ կողմերի: Նա նշեց, որ փորձագիտական թիմերին մաս կազմող ուսանողները զարգացնում են կարևոր հորիզոնական հմտություններ՝ քննադատական մտածողություն, գնահատում և համակարգային մտածողություն: Որակի ապահովմանը անձամբ առնչվելը նրանց տալիս է կրթական չափանիշների և ինստիտուցիոնալ մեխանիզմների ամբողջական ըմբռնում: Պրոֆեսորը նշեց, որ մտադրությունները և լավ մշակված շրջանակները արժեքավոր են, սակայն դրանց իրական արժեքը կախված է իրական կյանքում կիրարկումից: Հաջողության վերջնական չափանիշը, ըստ նրա, լինելու է այն, թե արդյոք այս համատեղ ջանքերը տալիս են շոշափելի, նկատելի բարելավումներ առօրյա ուսումնական միջավայրում:

Հարցին՝ ի՞նչ հիմնական արդյունք է ակնկալում առաջիկա տարիներին Հայաստանի պարագայում, պրոֆեսորն այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ ավելի կմոտենաք այն չափանիշներին, որոնք կիրառում ենք Եվրոպական Միությունում, և ընդհանրապես կարող ենք ավելի սերտ հարաբերություններ հաստատել։ Կարող են շահել երկու կողմերն էլ՝ եւ Գերմանիան,եւ Հայաստանը՝ ունենալով ավելի սերտ համագործակցություն, փորձի ավելի սերտ փոխանակում և միմյանցից սովորելու ավելի լայն հնարավորություններ։ Հատկապես որ միմյանցից սովորելը զարգացման և խաղաղ զարգացման բանալին է»։

Պրոֆեսորի խոսքով. «Ամենակարևորն այն է, որ դուք փորձում եք հասկանալ այլ մշակույթներ, սովորել այլ մշակույթներից, եւ մենք տեսնում ենք, որ կարող ենք միասին աշխատել՝ հարգելով այլ երկրների և այլ մշակույթների անհատներին՝ մենք չենք պայքարում միմյանց դեմ։ Ուզում ենք միասին խաղաղություն ունենալ։ Մարդիկ ուզում են ապրել խաղաղության և ազատության մեջ։ Իմ ամենամեծ հույսն այն է, որ այս ծրագրով մեր փոքր ներդրումն ենք անում մշակույթների միջև փոխըմբռնման բարելավման գործում։

Օրինակ՝ ես շատ բան սովորեցի հայկական մշակույթի մասին։ Հայաստանում եղա Գառնիում, Գեղարդի մենաստանում, շատ տպավորված էի այն ամենով, ինչ տեսա ու լսեցի, օրինակ, թե ինչպես են ստեղծվել հայոց գրերը եւ ինչ մթնոլորտում… Դա ինձ շատ հուզեց։ Չգիտեմ՝ սա պատասխանո՞ւմ է ձեր հարցին, թե ոչ, բայց սա իմ անձնական փորձառությունն է, թե ինչպես կարելի է սովորել տարբեր մշակույթներից՝ ուղղակի միասին աշխատելով և գաղափարներով փոխանակվելով»։

Անդրադառնալով գերմանական կրթական փորձին՝ մեր զրուցակիցը նշեց. «Դուք Գերմանիայում այցելել եք մի քանի կրթական հաստատություն։ Ամեն հաստատության զարգացման բանալին այն ոգեւորությունն ու ստեղծագործական ոգին է, որը տեսաք, օրինակ, Օֆենբախի տեխնիկական դպրոցի ռոբոտաշինության մասնագետի մոտ։ Դա այդ ուսուցչի թագավորությունն էր։ Ես միշտ տպավորվում եմ՝ տեսնելով նվիրյալ ուսուցիչներին: Նաեւ դրա մեջ է ուսանողներին մոտիվացնելու գաղտնիքը: Ընդհանուր առմամբ, սա ամենօրյա պայքար է, և ձեզ անհրաժեշտ է այսպիսի էնտուզիազմ, որպեսզի չհոգնեք, ամեն օր առաջ մղեք հարցերը»։

Aravot.am-ի հետ զրույցում «Կրթության քաղաքականության և կառավարման հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահ, ծրագրի որակի ապահովման պատասխանատու Արայիկ Նավոյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը նպատակ ունի նպաստելու մեր երկրում կրթական զարգացումներին, հատուկ բարեփոխումներին եւ առաջադեմ փորձի փոխանակմանը: «Այդ իմաստով նախաձեռնված ծրագիրը հաջողված է, որովհետեւ հնարավորություն է տալիս առաջին անգամ ՄԿՈՒ ոլորտում մշակել եւ կիրառել փորձնական հավատարմագրման մեթոդաբանությունը: Նպատակն է նպաստել որակի ապահովման եւ հավատարմագրման պրոցեսների ավելի դեմոկրատացմանը եւ դյուրացմանը: Երբեմն այնպես է ստացվում, որ ՄԿՈՒ հաստատության եւ հավատարմագրող կառույցի միջեւ մի տեսակ ֆորմալ, պաշտոնական հարաբերություններ են լինում, իսկ այս կերպ մենք կոտրում ենք այդ կարծրատիպերը, որպեսզի քոլեջները հավատարմագրումը ընկալեն որպես ընթացիկ գործընթաց՝ առանց ավելորդ սթրեսի, գործընկերների միջոցով որպես փորձագետներ հանդես գան եւ դիտարկեն իրենց գործունեության տարբեր ուղղությունները»,-նշեց Արայիկ Նավոյանը:

«9 քոլեջ էր ներգրավված ծրագրում, 2-ը՝ որպես հիմնական գործընկեր, 7-ը՝ ասոցացված: Թեեւ ծրագրի արդյունքները կամփոփենք նոյեմբերին կայանալիք համաժողովում, բայց վստահ կարող ենք ասել՝ քոլեջների ակտիվությունը փաստում է, որ ծրագիրը պահանջված է, ծրագրի մեթոդաբանությունն՝  օգտակար. «Մեր ակնկալիքն է, որ փորձնական հավատարմագրման ծրագրի արդյունքում մշակված ուղեցույցը հետագայում հնարավորություն տա ցանկացած քոլեջի, հաստատության ինքնուրույն պատրաստվելու ինչպես հավատարմագրման, այնպես էլ ընթացիկ հավատարմագրումների արանքում եղած մոնիտորինգային այցերին»։

Արայիկ Նավոյանը նաեւ նշեց, որ քոլեջների ներսում աշխատանքը եւ ԿԳՄՍ նախարարության աշխատանքը նպաստել են քոլեջների հանդեպ վերաբերմունքի փոփոխությանը եւ դիմորդների հոսքի մեծացմանը. մասնավորապես՝ կրթաթոշակների բարձրացումը, աշակերտների ճանապարհային ծախսերի փոխհատուցումը, այսինքն՝ պետական քաղաքականությունը նպաստավոր են, նաեւ աշխատաշուկան է թելադրում, որովհետեւ երբեմն երիտասարդները բարձրագույն կրթությամբ աշխատանք չեն գտնում, մինչդեռ քոլեջների շրջանավարտները շատ ոլորտներում բարեհաջող աշխատանքի են տեղավորվում:

«Կարծում եմ՝ նաեւ փոքր երկրում հնարավոր է ունենալ շրջանավարտների աշխատանքի տեղավորման համակարգ եւ վերահսկողություն իրականացնել՝ հասկանալու համար, թե ով որտեղ է տեղավորվում, որ մասնագիտությունը պահանջված չէ, յուրաքանչյուր մասնագիտության գծով ինչ հմտություններ են պակասում, որոնք կարող են քոլեջները զարգացնել: Այս դեպքում էլ ավելի կմեծանար քոլեջային կրթության գրավչությունը»,-հավելեց նա:

Անդրադառնալով գերմանական փորձին՝ «Կրթության քաղաքականության և կառավարման հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահը երկու կետի վրա շեշտադրում արեց. «Գերմանիայում յուրաքանչյուր կրթական հաստատություն սերտորեն աշխատում է տեղական կառույցների՝ քաղաքի կամ տարածաշրջանի իշխանությունների հետ, ինչը հնարավորություն է տալիս, որպեսզի քոլեջները տեղական կարիքներին համարժեք զարգանան: Իսկ երկրորդն այն է, որ գերմանական քոլեջային կրթությունը պատմականորեն ուղղորդված է դեպի աշխատաշուկան, այստեղից էլ իրենց կրթության նպատակայնությունը: Նաեւ հայտնի փաստը կա՝ դուալ կրթության արդյունավետությունը, որտեղ գործատուների ներգրավվածությունը շատ կարեւոր է: Հիմքում հիմնականում քոլեջը չի որոշում ծրագրի բովանդակությունը, այլ շուկայի, գործատուի կողմից է որոշվում, անցումն էլ շատ սահուն է լինում, եւ պետությունը դրան նպաստում է, ինչը մեզ մոտ արդեն սկսվել է, օրենքով մեխանիզմներն ամրագրված են, բայց, ցավոք, առայժմ դրանց կիրառման փորձառությունը դեռեւս չունենք»,-մանրամասնեց նա:

Հավելենք, որ QA4VET նախագծի համակարգողն է Ռումինիայի նախնական կրթության որակի ապահովման գործակալությունը (ARACIP), ծրագրում ներգրավված են Հայաստանից՝ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը, Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջը, Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջը, ACEP-ը՝ «Կրթության քաղաքականության և կառավարման հայկական կենտրոնը» եւ Գերմանիայից՝ «ԻՆՎՈԼԱՍ» մասնագիտական կրթության, աշխատաշուկայի և սոցիալական քաղաքականության ինստիտուտը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930