Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ենք բերելու այդ բաղձալի Հաղթանակը, որովհետև այլընտրանք չունենք. Բագրատ Սրբազան

Սեպտեմբեր 02,2026 16:02 Share

Բագրատ սրբազանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախ, իմ հոգի, իմ սիրտ, իմ կյանք, իմ գերված Հայրենիք…. Մեր գողացված ուրախություն ու գողացված պատիվ… Կարոտում եմ քեզ ու խեղդվում այդ կարոտից… «ուր արդարությունն էր բնակվում, իսկ այժմ՝ մարդասպանները»… քանզի մեր «իշխաններն ապստամբներ են և գողերին գողակից, կաշառք սիրող են և վրեժխնդիր» (Ես. Ա 21-23 ):

Երանի արժանի լինենք Քեզ ու մեր նահատակ զավակներին…

Այո՛, քանի շունչ կա բերանումս և սիրտս բաբախում է, ապրելու եմ Քեզ համար՝ Քեզ վերստին հանդիպելու ու գրկելու անհագ ցանկությամբ, իմ Հրաշք Աշխարհ, իմ խոցված ու արյունաքամ Տուն…

Չեմ դադարելու ոչ մեկ վայրկյան ապրել Մեծ Վերադարձիդ տեսիլքով, որովհետև իմ երազներն ու իղձերն ավելի մեծ են, քան իմ մի քանի տարվա սահմանափակ օրերով կյանքը… Եվ այո, «արդ քանի որ այսպիսի հույս ունենք, մեծ համարձակություն ենք ունենում մեր վարքի մեջ… որովհետև Տերն Ինքը Հոգին է, ուր որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն է» (Բ Կորնթ. Գ 12, 17):

Ազատությո՜ւն Քեզ, ուրացված ու դավաճանված Հայոց Դշխո և ազատություն թշնամու բանտային ճիրաններում տառապող ու պայքարող մեր եղբայրներին… երանի արժանի լինենք Քեզ ու Քո անմահ զավակներին և այդպես օրհնված գնանք այս կյանքից…

Ազատությո՜ւն Քո շղթայված ու խոցոտված Մորը՝ մեր Մայր Հայաստանին, և ես համոզված եմ, որ կգա մեր Հաղթանակների ժամը՝ Հայոց Հաղթանակի ժամը, և մենք ենք բերելու այդ բաղձալի Հաղթանակը, որովհետև այլընտրանք չունենք… պարզապես չունենք…

«Քաջալերվեցե՛ք, Ես եմ, մի՛ վախեցեք…» (Մարկ. Զ 50):

Հայրենիքի կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան

Լուսանկարը` 02.09.2022թ., Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել