Որքան էլ այսօրվա սպառողական հասարակության համար այսպիսի հաստատումն անընկալելի լինի, այդուհանդերձ այն անփոփոխելի ճշմարտություն է: Այն ուղղակիորեն կապված է խաչի խորհրդի հետ. «Քավ լիցի ինձ այլ բանով պարծենալ, քան Տեր Հիսուս Քրիստոսի խաչն է: Այդ խաչի միջոցով աշխարհն ինձ համար խաչված է, ես էլ` աշխարհի համար» (Գաղ. 6:14):
Մեր ցեղի պատմությունը մահերով անցած և մահերով կենսավորում ու կյանք ստացած ազգի պատմությունն է. «որը ներկված է նահատակների արյամբ… մեր ինքնության համար պայքարելով, մեր վաղվա համար այսօր մեռնելով» (Գևորգ Ե Սուրենյանց Կաթողիկոս): Այդ պատճառով բազմաթիվ հայ և ոչ հայազգի պատմաբաններ, ուսումնասիրողներ մեր պատմությունը բնութագրել և որակել են որպես վկայաբանություն, մարտիրոսագրություն, որպես «Խաչի Աստվածաբանության» հավատքի կենդանի, գործնական ինքնաարտահայտություն` նայելով «Հիսուսին` հավատքի զորագլխին, այն կատարելագործողին, որն իր առաջ դրված ուրախության համար հանձն առավ խաչը, արհամարհեց ամոթը և նստեց Աստծու Աթոռի աջ կողմում» (Եբր. 12:1-3):
Հետևաբար, ԽԱՉԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀՆ Է ԵՎ ՈՉ ԵՐԲԵՔ ՄԱՀՎԱՆ: Ինչպես Քրիստոսի արյամբ գնվեց ամբողջ մարդկության կյանքը, այնպես էլ նահատակների արյամբ գնվում է ազգի կյանքը: Եվ ինչպես Քրիստոս Իր նահատակությամբ հաղթեց և ողջ է թե՛ պատմության և թե՛ տիեզերական իրականության մեջ, այդպես էլ նահատակները ողջ են թե՛ պատմության և թե՛ տիեզերական իրականության մեջ:
Եթե որևէ մեկն ընդունում է խաչը որպես ճշմարտություն, ուրեմն կոչված է ընդունելու նահատակության փառքի պսակի ճշմարտությունը ևս:
Կարդացեք նաև
Այս հասկացության դիպուկագույն մեկնաբանությունը և խորքային բացահայտումը Եղիշե վարդապետի ներկայացմամբ Ղևոնդ Երեցի խոսքն է. «… թուեցաւ, թէ մեռաւ, այլ նա յայնժամ տարաւ զկատարեալ նահատակութիւնն. Զախոյեանն ընկէց, զպատերազմ եհար, զթշնամիսն ցրուէաց, զաւարն ժողովեաց, զգերիսն դարձոյց, զպարգեւսն բաշխեաց ամենայն սիրելեաց իւրոց ի ձեռն իւրաքանչիւր առաքինութեան» (Եղիշե, էջ 113): Ահա նահատակության էությունն ու օրհնությունը. կատարյալ նահատակությունը թվում է, թե մահ է, բայց տապալումն է թշնամու, պատերազմին բախվելը, թշմամու ցրումը, բարիքի ժողովումը, գերիների ազատումը և առաքինության պարգևերի բաշխումը:
Շարունակելի…
Բագրատ արք. Գալստանյան


















































