Լրահոս
Օրվա լրահոսը

Դումանյանի որոշումը կեղծարարության «շանս» է տալիս

Հուլիս 19,2013 14:02

Երբ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով այս տարվա մայիսի 1-ից մեկնարկեց ծննդօգնության հավաստագրերի տեղայնացման գործընթացը, մարզային հիվանդանոցների ղեկավարներն ու բժիշկներն ուրախացան, իսկ հղիները տխրեցին: Նախարարի այդ հրամանով մարզի գրանցում ունեցող հղիներն այլեւս իրավունք չունեն մայրաքաղաքի բարձրակարգ հիվանդանոցներում ծննդօգնություն ստանալ՝ բացառությամբ բարդ ծննդաբերության, որը հնարավոր է ուղեգրել մայրաքաղաքի բարձրակարգ ծննդատուն: Իսկ մարզի այն հղիները, որոնք ցանկություն ունեն Երեւանում ծննդաբերելու, պետք է վճարեն:

«Դերենիկ Դումանյանի որոշումը սահմանափակում է հղիների ընտրությունը, խախտում կանանց՝ հիվանդանոց ընտրելու իրավունքը». այսպիսի կարծիքներ հնչեցին որոշումն ընդունելուց հետո պատգամավորների, այլ մասնագետների եւ հղիների կողմից: Իսկ մարզային բժիշկները մեծամասամբ դրական արտահայտվեցին, քանի որ ծննդօգնության տեղայնացմամբ պետական գումարների մեծ մասը կգնան ոչ թե մայրաքաղաքի հիվանդանոցներին, այլ մարզայիններին, որոնք ինչ-որ չափով կկարողանան հիվանդանոցի խնդիրները լուծել:

Օրերս ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը այց էր կազմակերպել մարզային մի քանի հիվանդանոցներ՝ հասկանալու, թե ինչ տվեց նախարարության որոշումը: Օրինակ՝ Արտաշատ քաղաքի հիվանդանոցը հեռու է բարձրակարգ լինելուց. գինեկոլոգիական բաժանմունքում հղիների հերթ էր, մի քանիսը հաջողացրել էին տեղավորվել նստարաններին, մեծ մասը ոտքի վրա էր սպասում իր հերթին: Երբ զրուցեցինք ծննդօգնության հավաստագրերի տեղայնացման մասին, հղիներից մեկը վրդովված ասաց, որ ինքը ամիսներ առաջ երբ հղիացավ, հաստատ որոշել էր, որ Երեւանում պետք է ծննդաբերի. «Բայց երբ որոշումը դուրս եկավ, ես հիասթափվեցի, չեմ ուզում ասել, որ մեր բժիշկները վատն են, լավն են, բայց ես ապահովության համար ուզում էի Երեւանում երեխայիս ունենալ, որովհետեւ ստեղ պայմաններն էնքան էլ լավը չեն»: Հղիներից մեկն էլ վստահեցրեց, որ առաջնեկին այս հիվանդանոցում է ունեցել եւ շատ գոհ է, իսկ մեկ այլ հղի էլ ասաց, որ եթե հնարավորություն ունենար, ապա միանշանակ Երեւանում կծննդաբերեր:

Այս հիվանդանոցի ծնարաններում, իհարկե, կային այն տարրական սարքավորումները, որոնք անհրաժեշտ են ծննդօգնության համար, բայց նորածնի խնամքի ու առողջությանը հետեւելու սարքավորումներ չկային, իսկ հիվանդասենյակների գույքը՝ մահճակալները բավականին հնամաշ էին: Այս հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Հովհաննիսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ նախարարի հրամանից դեռ քիչ ժամանակ է անցել, եւ առայժմ վաղ է ասել, թե որքանով այն օգնեց հիվանդանոցին. «Բայց որոշումը շատ ճիշտ էր: Կադրային ներուժի խնդիր չունենք, վերջին 10 տարում մայրական մահացության դեպք չի եղել»:

Ի տարբերություն Արտաշատի՝ Արարատի հիվանդանոցը 2 տարի է, ինչ վերակառուցվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, եւ բարձրակարգ ծառայություններ են մատուցում, կան բոլոր անհրաժեշտ սարքավորումներն ու մասնագետները, միայն օնկոլոգի եւ հոգեբույժի կարիք ունեն. այս հիվանդանոցից հազվադեպ են ուղեգրում Երեւան: Վայքի ծննդատուն մեր այցելության ժամանակ զրուցեցինք նոր ծննդաբերած մի կնոջ հետ, որը շատ գոհ էր սպասարկումից, եւ անկախ նախարարի որոշումից՝ ինքը հաստատ այս հիվանդանոցում էր ծննդաբերելու: Չնայած այս ծննդատունը, այսպես ասած՝ մի թեթեւ վերանորոգված էր, մոտ 10 օր առաջ էլ մի քանի սարքավորումներ էին նվեր ստացել, բայց այս հիվանդանոցն էլ հագեցած ու բարձրակարգ չէր: Ինչպես բժիշկներն ասացին. «Մենք էլ կուզեինք իդեալական վիճակ լիներ, բայց մեր մասնագետներն էլ լավն են, ու առաջին օգնությունը հասցնում ենք»: Նախարարի որոշումը Վայքի հղիներին առանձնապես չի էլ մտահոգում, այս կանայք գերադասում են Վայքում ծննդաբերել, քան երկար ճանապարհ կտրել ու հասնել Երեւան: Ինչպես բժիշկներից մեկն ասաց՝ «Քաղքենիներ կան, որ անկախ ամեն ինչից՝ մեկ է,  գնում ու գնալու են Երեւանում ծննդաբերելու»:

Գորիս քաղաքի հիվանդանոցը եւս Համաշխարհային բանկի աջակցությամբ է վերակառուցվել եւ հագեցվել անհրաժեշտ սարքավորումներով, հիվանդանոցի ղեկավարն ասաց, որ շատ լավ մասնագետներ ունեն ու մշտապես վերապատրաստվում են: Այստեղի հղիները, կարելի է ասել՝ ապահով ձեռքերում են: Հաշվի առնելով Գորիսից Երեւան երկար ճանապարհը, ապա անգամ եթե այս հիվանդանոցը բարեկարգ չլիներ, բայց ծննդօգնության առաջնային պայմանները լինեին, ապա հղիները դժվար թե ռիսկի դիմեին ու հասնեին Երեւան:

Եթե ասենք՝ Գորիսից կամ Վայքից Երեւան հասնելը դժվար է, ապա  երեւանամերձ համայնքների հղիները, այնուամենայնիվ, գերադասում են Երեւանում ծննդաբերել: Օրինակ՝ Փարաքարի կամ Արգավանդի հղիները ստիպված են Էջմիածնի ծննդատանը սպասարկվել, իսկ այս ծննդատունը, մեղմ ասած, անմխիթար վիճակում է, ու այստեղ ծննդաբերելուց հետո կինը հաստատ  կմտածի՝ արժե՞ նման պայմաններում հաջորդ երեխային էլ ունենալ: Նույն իրավիճակն է նաեւ Աշտարակում: Այս քաղաքի ու հարակից գյուղերի հղիները մինչ նախարարի հրամանը գոնե կարող էին հեշտությամբ հասնել Երեւան եւ իրենց ընտրությունը կատարել անվճար ծննդօգնության, սակայն հիմա զրկվել են բարձրակարգ ու անվտանգ ծննդօգնության հնարավորությունից: Նախարարի որոշումը, թերեւս, մարզի ճարպիկ հղիների համար, այնուամենայնիվ, տեղ թողնում է անվճար ծննդաբերելու  Երեւանում: Ըստ այդ որոշման՝ եթե, ասենք, հեռու գյուղից Երեւան եկած հղիի, այսպես ասած՝ ցավերը բռնեն, ապա նա կարող է դիմել մայրաքաղաքի ամենաբարձրակարգ ծննդատուն եւ անվճար սպասարկվել: Այսինքն՝ նախարարի որոշմամբ չի բացառվում նաեւ որոշակի կեղծարարություններ՝ Երեւանի բժշկի հետ մարզի բնակիչը կարող է «համաձայնության» գալ եւ ձեւակերպել, որ տվյալ հղին ծննդաբերելու պահին գտնվել է Երեւանում: Այսպես եւ հղին գոհ կլինի, եւ հիվանդանոցի ղեկավարությունը. հիվանդանոցը պետբյուջեից ծննդօգնության հավելյալ գումարներ կստանա մարզային հղիների հաշվին:

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը, որը մեզ հետ եւս այցելել էր մարզերի հիվանդանոցներ, ասաց, որ արհեստական օրենքներ ընդունելով՝ առողջապահության ծառայության որակը չի ապահովվի. «Կառավարությունը սխալ որոշում ընդունեց, այն չի նպաստելու զարգացմանը, որովհետեւ այն թվերը, որ այստեղ ներկայացվեցին, այն գումարները չեն, որ թույլ տան որակը բարձրացնել: Հիվանդանոցներն էլի պետք է դրսից այլ ֆինանսավորումներ փնտրեն»:

Իսկ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանայան գրասենյակի ղեկավար Գարիկ Հայրապետյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նախարարության  որոշումը ժամանակից շուտ ընդունվեց. նախ պետք էր բոլոր հիվանդանոցները վերանորոգվեին, հագեցվեին սարքավորումներով եւ մասնագետներով, ապա տեղայնացման որոշումն ընդունեին. «Արտաշատի ու Վայքի հիվանդանոցները, որտեղ այցելեցինք, պարզ դարձավ, որ ոչ ոք չի ցանկանա այստեղ ծննդաբերել: Հղիների մոտ  30%-ը մարզից գնում էին Երեւան, իսկ կառավարության որոշմամբ այդ տոկոսի իրավունքներն է սահմանափակվում»:

Իսկ թե ինչ շոշափելի արդյունքներ կտա Դերենիկ Դումանյանի որոշումը, պարոն Հայրապետյանն ասաց՝ մի քանի ամիս հետո պարզ կլինի:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031